HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Դժվար հիշվող անուն»․ հոկտեմբերին 16-ին տեղի կունենա Բյուրակն Իշխանյանի գրքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը՝ 19։00-ին, «Իլիկ» սրճարանում տեղի կունենա Բյուրակն Իշխանյանի «Դժվար հիշվող անուն» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը («Ինքնագիր» գրական ակումբ)։ Հեղինակն անձամբ ներկա կգտնվի շնորհանդեսին, իսկ գիրքը հնարավոր կլինի ձեռք բերել հիմնական գնի զեղչված տարբերակով։

Բյուրակն Իշխանյանը ծնվել է Մոսկվայում, մեծացել Երեւանում եւ Պրահայում։ Ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանը (մասնագիտացումը՝ հոգեբուժություն)։ 2011-13 թվականներին Գերմանիայում, Նիդերլանդներում եւ Ֆինլանդիայում ուսանել է կլինիկական լեզվաբանություն։ Թեկնածուական թեզը պաշտպանել է հոգելեզվաբանության եւ նյարդալեզվաբանության ոլորտում (Կոպենհագեն)։ Ապրում է Դանիայում, որպես հետազոտող աշխատում Օրհուսի համալսարանում։ 

«Դժվար հիշվող անուն» ժողովածուում ընդգրկված է 15 պատմվածք, որոնցից «Կատվի գրաֆիկը» 2012-ին արժանացել է iRegion-ի՝ պատմվածքների մրցույթի թեմատիկ մրցանակին (սոցիալական մեդիայի դերը անհատի վրա կամ հասարակությունում), «Կյանքը գորգի վրա» պատմվածքը Դար ակումբի Հավաքածու 6 մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը, «Ջազ կաֆեն» տպագրվել է «Ինքնագիր» հանդեսի 7-րդ համարում, անգլերեն թարգմանությունը՝ «Makukachu: Anthology of Contemporary Armenian Literature» ժողովածուում։

Ձեզ ենք ներկայացնում «Թագուհի Լուիզայի կամուրջը» պատմվածքի ամբողջական տարբերակը։

Հոկտեմբերի 16-ից հետո գիրքը սահմանափակ քանակով հասանելի կլինի նաեւ գրախանութներում, օնլայն հարթակներում։

ԹԱԳՈՒՀԻ ԼՈՒԻԶԱՅԻ ԿԱՄՈՒՐՋԸ

1

Տուն գնամ, ի՞նչ անեմ: Տե՛ս, եղանակը՝ հրաշք: Ձեռնոցներ էլ պետք չեն հեծանիվ քշելու համար: Քամի չկա: Գնա՛, լճերի շուրջ պտտվի՛ր, մարդկանց հետևիր: Գուցե քեզ լավ զգաս:

Թագուհի Լուիզայի կամուրջը դատարկ էր: Ժամը տասին ո՞վ է գործից դուրս գալիս, որ դու էլ գնացել ես, տնկվել ես կամրջին: Ի՞նչ ես անում էստեղ: Հրեն, էն տարօրինակ արարածների արձանը, որ Էմիլը ֆոտո արեց Էլթոն Ջոնի համերգի օրը: Տուն գնալու ժամն է, Միա՛, գնա տո՛ւն: Կամուրջը քեզ չի փրկի:

Կողքից ինչ–որ կանացի ձայն ինչ-որ բան ասաց:

– Ես դանիերեն չեմ հասկանում,- պատասխանեց Միան:

– Լա՞վ ես,- ձայնը շարունակեց անգլերեն:

– Հա՛,- ասաց ու մի քանի մետր այն կողմ գնաց, որ մենակ մնա: Դեմքն ուղղեց դեպի լիճը, որի վրա արտացոլվում էին մոտակա խանութների լույսերը:

Մի քիչ մնամ, գնամ տուն: Թե չէ՝ շատ ուշ կհասնեմ:

– Հաստա՞տ լավ ես,- ձայնը նորից մոտեցավ:

– Չէ՛,- առաջին անգամ շրջվեց ու նայեց ձայնի ուղղությամբ: Մանուշակագույն աչքերով, թուխ մաշկով, սև խուճուճ մազերով աղջիկ էր,- չէ՛,- կրկնեց:

Միայի աչքերը լցվեցին:

– Ի՞նչ է պատահել: Գուցե պատմես, ավելի լավ զգաս քեզ: Ինքս էլ լավ չեմ,- աղջիկը սիգարետ առաջարկեց:

– Շնորհակալ եմ, չեմ ծխում,– նորից շրջվեց, նայեց ջրերին:

– Ես ընկերոջիցս եմ բաժանվել,- ասաց աղջիկը,- մի կես տարի առաջ: Մի քիչ առաջ իմացա, որ նոր ընկերուհի ունի…

Աղջիկը լռեց, սիգարետը վառեց, հետո շարունակեց.

– Իսկ քե՞զ ինչ է պատահել:

– Չգիտեմ,- աչքերը ձեռքերով սրբեց,- ոչի՛նչ:

– Գիտես: Ինձ թվում է՝ սերը սովորելու համար է: Մենք չենք դադարում սիրել մեկին էնքան, մինչև չենք սովորում ամեն ինչ, ինչ պիտի սովորեինք նրանից:

– Հենց սովորելու նյութը սպառվում է, սերն էլ է սպառվում,- ասաց Միան,- սերը սպառվել է, հետևանքները՝ չէ:

– Գիտես, տասնյոթ տարեկանում անսովոր բան է նման լուրջ հարաբերություն ունենալը: Բայց քսաններում մարդիկ շատ են դեյթ անում, չէ՞:

– Հա՛: Մեկ-մեկ՝ չափից դուրս շատ,- Միան նորից սրբեց աչքերը,- մեկ-մեկ էլ ուղղակի ուրիշի անկողին են մտնում, հետո ուզում, որ շարունակես հետը մնալ։

– Երանի՜ կարողանայի լացել,- ասաց,- սա էլ իմ լացն է,- ծուխը դուրս փչեց:

– Փորձի՛ր: Օգնում է: Սկզբում ես էլ չէի կարողանում, ֆիզիկապես վատ էի զգում: Փորձի՛ր… Իրոք հանգստացնում է:

Միան սրբեց աչքերը, նորից նայեց ջրերին: Թագուհի Լուիզայի կամուրջը սովորականից դատարկ էր: Երբեմն-երբեմն հեծանվորդներ էին անցնում: Մութն ընկել էր։

2

Մի ժամ, ընդամենը մի ժամ էլ դիմացիր, ու դուրս գալու ժամանակը կգա: Խորը շունչ: Խո՜րը շունչ: Այ, այդպե՛ս: Լա՛վ է:

– Էսօր երկա՞ր ես մնալու,– սենյակ մտավ Յենսը:

– Մի ժամ էլ ու՝ վերջ:

– Էս Լին չկա՞:

– Արձակուրդ է:

– Հա էլի, մենակ մեզ նման ախմախներն են էս լավ եղանակին աշխատում… Լա՞վ ես:

Միան նորից խորը շունչ քաշեց՝ ամեն կերպ փորձելով թաքցնել արագացած շնչառությունը:

– Մի քիչ չէ… բայց երևի բժշկի գնամ էս քանի օրը:

– Հա, էս վիրուսները շատ անդուր են: Քեզ հաճելի օր,- Յենսը գնաց:

Նայեց կոմպի էկրանին ու չգրվող տեքստին, մտածեց՝ մի ժամ անկապ նստելու է ու ոչինչ չանի: Վաղը կզանգի բժշկին, կնկարագրի, թե ոնց է առավոտները սրտխփոցից արթնանում, իսկ գործի ժամանակ չի կարողանում կենտրոնանալ։ Իսկ հիմա ավելի լավ է՝ գնա լճեր:

Հեծանիվը կանգնեցրեց Թագուհի Լուիզայի կամրջի մոտ, ոտքով հարվածեց տարօրինակ արարածների արձանին ու շարժվեց դեպի լճափի խոտածածկ տարածք: Մի երկու ժամ գիրք կկարդամ, շուրջս կնայեմ, կգնամ տուն:

52

Թվում էր՝ քաղաքում ինչքան մարդ կար, էդ օրը գործից շուտ էր դուրս եկել, գնացել լճեր: Միան տասը րոպե շարունակ պտտվելուց հետո հազիվ մի քառակուսի մետր տարածք գտավ, որտեղ նստելիս ուրիշի գարեջրի շշերին չէր դիպչի: Պայուսակից հանեց գիրքը, բայց մինչ կբացեր, քառասունին մոտ մի տղամարդ մոտեցավ.

– Կարելի՞ է:

– Եթե տեղավորվես, խնդրեմ,- պատասխանեց Միան անգլերեն՝ հուսալով, որ հարցը ճիշտ է հասկացել:

– Ստեղացի չե՞ս:

Տղամարդը Միայից ոչ հեռու գտնվող դատարկ շշերը հրեց դեպի կողքի ընկերական խումբը (հավանաբար նրանցն էին) ու նստեց Միայի կողքին այնպես, որ միմյանց չդիպչելու համար նվազագույն տարածություն էր մնացել նրանց միջև:

Ու սկսվեցին ստանդարտ հարցերը, որոնցից Միան արդեն զզվել էր. անունդ ի՞նչ է, որտեղի՞ց ես, ինչու՞ ես Դանիայում, ինչո՞վ ես զբաղվում, ինչքա՞ն ժամանակ, դուրդ գալի՞ս է: Դանիացիներին թվում է, թե ամբողջ աշխարհի բնակչությունն իրեն ճղում է Դանիա տեղափոխվելու համար։ Դե արի ու բացատրի, որ Էմիլն ուղիղ երկու տարի համոզում էր, որ Միան ճամպրուկները հավաքի ու Համբուրգ- Կոպենհագեն գնացքը նստի։

– Ի՞նչ ես ուսումնասիրում,- հարցրեց տղամարդը:

– Լեզու և ուղեղ,- պատասխանեց Միան:

– Դա իմ մասին է. ես գրենլանդացի եմ ու հիվանդ ուղեղ ունեմ:

Էս անգամ կարծես խոսակցությունն ինչու՞ հենց Դանիա ուղղությամբ չի գնալու։

– Հիվա՞նդ: Այսի՞նքն:

– Ասում են՝ շիզոֆրենիկ եմ:

– Ո՞վ է ասում:

– Նրանք՝ հիվանդանոցում աշխատողները:

– Հաճա՞խ ես հիվանդանոցում լինում:

– Էնքան էլ չէ: Հենց զգում եմ՝ պսիխոզը սկսվում է, գնում եմ:

– Հեչ նման չես հիվանդի:

Թե Միան կյանքում քանի՞ անգամ էր շիզոֆրենիայով հիվանդի տեսել: Ծնողներից լսել է, որ հորեղբայրը շիզոֆրենիա ուներ, ու ժամանակ առ ժամանակ հարևանների դռներն էր ծեծում, գոռգոռում վրաները, պահանջում, որ գլխի չիպը հանեն։ Բայց հորեղբայրը մնացել էր Տաջիկստանում, հոգեբուժարան էին տեղափոխել։ Միան շատ բան չգիտեր նրա մասին, միայն պատմություններ էր լսել։

Կողքի խումբը գնալով ավելի աղմկոտ էր դառնում, ու իրար լսելը դժվարանում էր։

– Քայլե՞նք,– առաջարկեց տղամարդը:

Երկուսով վեր կացան ու շարժվեցին լճի երկայնքով:

– Գիտես, վաղուց թոշակի եմ անցել, հիմա կյանքն եմ վայելում: Դանիան հրաշալի երկիր է: Այստեղ ամենաբարդ բանը երջանիկ չլինելն է,– ասաց տղամարդը:

– Հա, ու բազմաթիվ օտարերկրացիներ դա չեն հասկանում: Կարծում են՝ որ ուրիշ երկիր գնան, ավելի երջանիկ են լինելու:

– Դու ինձ մի աղջկա ես հիշեցնում:

– Ու՞մ:

– Չգիտեմ: Հիվանդանոցում եմ տեսել: Էնքան էին էլեկտրաշոկ տվել, որ ոչինչ չէր հիշում:

– Բայց ես հիշողության խնդիր չունեմ:

– Արտաքինդ նկատի ունեմ: Մեկ էլ անունդ: Անունդ ի՞նչ էր: Զարմանալի էր, որ այդքան կարճ ժամանակ անց չէր հիշում, բայց ամեն դեպքում Միան կրկնեց անունը:

– Քանի՞ տարեկան ես:

– Քսանյոթ:

– Ես էլ հուլիսի 27–ին եմ ծնվել: Ուրեմն մի ընդհանուր բան ունենք… Մարդկանց հեռուստատեսությունը դժբախտացնում է: Ուղեղները կառավարում են այնտեղից: Դրա համար ես հեռուստացույց չունեմ:

– Ես էլ: Արդեն երկու օր է, ինչ չունեմ։

– Անունդ ի՞նչ է:

Երրո՞րդ, թե չորրորդ անգամ էր հարցնում: Որպես օտարերկրացի, Միայի բախտը բերել էր, որ ամենատարածված դանիական անուններից մեկն ուներ. արտասանելու կամ հիշելու խնդիրներ չէին լինում, ինչպես օրինակ իր չեխ կոլեգա Անյեժկայի դեպքում: Միան կրկնեց անունը:

– Բարդ է:

– Հա՛, դժվար հիշվող անուն է,– Միան փորձեց քաղաքավարի լինել:

– Չէ՛, նկատի ունեմ՝ բարդ ու խճճված է: Իմը պարզ է, թափանցիկ՝ Նոե՜լ: Միայն այդ ժամանակ Միան նկատեց, որ մինչ այդ տղամարդու անունը չէր հարցրել:

– Ես տուն հասա,– ասաց Նոելը: Այդ ժամանակ արդեն լճերի Օստերբրո թաղամասի հատվածում էին,– հաճելի էր քեզ հետ ծանոթանալը,– գրկեց Միային, հրաժեշտ տվեց և ուղղվեց դեպի Օստերբրո: Միան զարմացավ հանկարծակի հրաժեշտից, շուռ եկավ, որ հետ գնա Թագուհի Լուիզայի կամուրջ, որ էնտեղից վերցնի հեծանիվը, տուն քշի: Ճամփի կեսին մեկ էլ լսեց՝ մեկը հետևից կանչում է.

– Հե՜յ, համարդ կտա՞ս, քեզ տեղ հրավիրեմ,- Նոելը վազելով հասել էր Միայի հետևից:

Միան ուղիղ հինգ անգամ կրկնեց համարը, մինչև Նոելը կարողացավ հավաքել և զանգել:

 – Պահիր այս համարը, կզանգեմ:

3

Կիրակի օրվա լոքշ: Նախորդ օրվա խմոցիից հետո Միան մինչև ցերեկվա երեքը քնել էր, իսկ հետո մի բաժակ սուրճը ձեռքին ծուլորեն տանը ման էր գալիս ու մտածում՝ ինչով զբաղվի մինչև օրվա ավարտը: Հեռախոսը զնգաց:

– Բարև՛, ես Նոելն եմ, ինձ հիշու՞մ ես: Լճերի մոտ ենք հանդիպել:

– Հիշում եմ:

– Ուզում եմ քեզ ընթրիքի հրավիրել: Կգա՞ս:

 – Իհարկե: Ե՞րբ,- Միան փորձեց հիշել, թե արդյոք հաջորդ շաբաթվա մեջ ազատ երեկո ունի,– ուրբաթ հարմար կլինի՞,- ժամը ութին Յենսենց հետ խմելու է գնալու, բայց երևի կհասցնի մինչև էդ Նոելի հետ ընթրել,- ժամը վեցին:

– Շատ լավ: Թագուհի Լուիզայի կամուրջը գիտե՞ս: Այնտեղ հոթ դոգի սթենդ կա, հենց դրա մոտ:

– Գիտեմ, մինչ հանդիպում:

– Բայց գիտես, չէ՞, ես շիզոֆրենիկ եմ:

– Գիտեմ:

– Ու դեռ ուզու՞մ ես հանդիպել:

– Ուզում եմ:

Հինգ րոպե անց հեռախոսը նորից զրնգաց:

– Նոելն է: Կներե՛ս, դեռ օրացույցումս չեմ գրել: Ուրբաթ էր, չէ՞: Ամսի 19–ին: Թագուհի Լուիզայի կամուրջ:

– Ահա:

– Բայց ես շիզոֆրենիկ եմ, գիտես, չէ՞:

– Գիտեմ։ Իմ հորեղբայրն էլ է շիզոֆրենիկ։

Միան արդեն վերջացրել էր սուրճը ու պատրաստվում էր հագնվել, որ գնա ջիմ, գոնե մի քիչ ճարպ մաշի կիրակի օրով, երբ հեռախոսը երրորդ անգամ զնգաց:

– Ես շիզոֆրենիկ եմ: Հաստա՞տ ուզում ես հետս հանդիպել:

– Հաստա՛տ:

– Ուրբաթ էինք պայմանավորվել, չէ՞: Թագուհի Լուիզայի կամուրջ: Հոթ դոգի սթենդ: Ժամը վեցին:

4

 – Ո՞նց էր անցյալ շաբաթ: Որևէ հետաքրքիր բան կա՞ր,- Լին ու Միան խոհանոցում միասին ճաշում էին:

– Չէ՛: Եղանակն ընտիր: Համարյա ամեն երեկո լճեր էի գնում:

– Լճե՞ր: Ի՞նչ կա էնտեղ:

– Քաղաքի զուգահեռ իրականություն:

– Նկատի ունես՝ հարբած թինեյջերնե՞ր։

– Անծանոթների հետ շփվող դանիացիներ տեսե՞լ ես: Եթե չէ, գնա լճեր: Ոնց որ դուրս գաս էստեղից ու հիմայից ու հայտնվես ինչ-որ երևակայական աշխարհում, որտեղ դանիացիները խոսում են անծանոթների հետ:

– Դու քեզ տեսե՞լ ես հայելու մեջ: Էնքան տառապած տեսք ունես, որ նույնիսկ ամենասառը դանիացին կմոտենա, կհարցնի՝ ոնց ես:

– Շնորհակալությո՛ւն, դուք շատ բարի եք։ Էսօր ժամադրության եմ:

– Հը՞: Ու՞մ ես ճարել էս անգամ:

– Էս անգամ,- Միան դեմքը ծամածռեց,- Նոել: Կես գրենլանդացի-կես դանիացի:

– Պապա Նոել:

– Էլ մի:

– Բա Յենսենց չե՞ս գալիս:

– Գալու եմ: Կպատմեմ՝ ոնց անցավ: Հիմա անցնեմ գործիս, մասնակիցը եկել է:

Միան վեր կացավ, վերցրեց դատարկ ափսեն ու դրեց միջանցքում կուտակված կեղտոտ ափսեների վրա:

– Թե հետո սուրճ խմելու գնաս, ձեն տուր,- լսվեց Լիի ձայնը խոհանոցից:

Միան դիմավորեց գիտափորձի մասնակցին, տարավ լաբորատորիա, հարցաթերթիկը լրացրեց. տեսողությու՞նը։ Նորմալ։ Լսողությու՞նը։ Նորմալ։ Ընտանիքում հոգեկան հիվանդներ կա՞ն։ Ո՛չ։ Դեղեր ընդունու՞մ է։ Ո՛չ։ Առաջադրանքը բացատրեց ու դուրս եկավ սենյակից: Սուրճի հավես կա, Լիի հավես՝ չէ:

Ուղիղ ժամը վեցին Թագուհի Լուիզայի կամրջին էր: Հոթդոգի սթենդ չտեսավ: Մի քանի անգամ հետուառաջ արեց, բայց Նոելը չկար: Հեռախոսին նայեց՝ ո՛չ զանգ, ո՛չ էսէմէս: Ի՜նչ լավ, էս դարդից ազատվեցինք: Տասը րոպե սպասելուց հետո իջավ լճի կանաչ խոտի մոտ: Դիմացը լճի բազրիքին մի տղամարդ էր նստած, որը նայում էր հեռվին ու ժպտում: Հետո սկսեց սուլել, իսկ սուլոցը կամաց– կամաց երգի վերածվեց: Ձայնը բարձրացրեց ու երգեց. Հե՜յ Ջո՛ւդ, ինձ չգցես։ Երգը կեսից ընդհատեց ու շուրթերը սեղմեց: Դեմքի մկանները ձգվեցին: Նայեց մայր մտնող արևին ու ժպտաց: Իսկ երբ արևն անհետացավ շենքերի հետևում, տղամարդը վեր կացավ ու անշտապ հեռացավ:

5

Թագուհի Լուիզայի կամրջի մոտ երեք ժամ նստելուց հետո շարժվեց դեպի Դաունթաուն, որտեղ Յենսենք արդեն եսիմորերորդ գարեջուրն էին խմում։

– Լսել եմ՝ ժամադրության էիր,- խորամանկ ժպտաց Յենսը,– ո՞նց անցավ։

– Ընտիր։ Ամբողջ ժամանակ Հեյ Ջուդն էր երգում։

– Բիթլամանի ես հանդիպել։

– Ջուդամանի։

Բոլորը ծիծաղեցին։

– Ոնց որ նախկինիցդ լավ է,- ասաց Լին։

 – Անկողնում՝ հաստատ,- պատասխանեց Միան,- կարող ես փորձել։

– Էս ե՞րբ հասցրիր,- հարցրեց Յենսը։

– Ես շատ էֆեկտիվ եմ,- Միան մի շնչով Ֆրանցիս/ կաների շշի կեսը դատարկեց։

– Երևում է,- ասաց Լին։

– Կամա՜ց, կհարբես,- ասաց Էմիլը, որ մինչ այդ լուռ էր։

– Ու սրա-նրա հետ կքնեմ,- Միան ևս մեկ հսկայական կում արեց շշից,- քեզնից եմ սովորել։

«Տասնհինգ րոպեից՝ Մուս»,- Միան Կարմենից էս էմէս ստացավ։

– Կներե՛ք, ես պիտի գնամ։

– Էլի ժամադրությու՞ն,- հարցրեց Յենսը։

– Չէ, ռումմեյթս բանալին մոռացել է, դրսում է մնացել։ Գնամ, դուռը բացեմ։

Միան դուրս եկավ Դաունթաունից ու քայլեց դեպի Մուս։

Ուրբաթ գիշերը Կարմենն ու Միան Մուսում հազիվ մի ազատ անկյուն ճարեցին խցկվելու։ Ասում են՝ էնտեղ հիմնականում արտասահմանցիներն են խմում, իսկ ավելի ուշ ժամերին աղջիկ-տղա են կպցնում, երբեմն միասին տուն գնում, երբեմն էլ սեքսը հենց տեղում՝ զուգարանում անում։ Միան ու Կարմենը գրեթե ամեն ուրբաթ Մուս էին գնում. Կարմենը հույս ուներ հանդիպել այն ֆրանսիացի տղային, որին մի անգամ անտանելի հարբած ժամանակ մերժել էր, հետո փոշմանել։ Այդ ուրբաթ գիշերներին Կարմենն ու Միան ինչ ծանոթ մարդու ասես, չէին հանդիպել, բայց այն ֆրանսիացի տղան չկար ու չկար։

– Ժամադրությունդ ո՞նց անցավ,- հարցրեց Կարմենը։

– Ընտիր, բայց շուտ պոկվեցի։ Գնամ զուգարան,- Միան նկատեց, որ զուգարանի մոտի հերթը կարճացել է։

Զուգարանի հերթի մեջ մի թխամաշկ իտալացի առաջարկեց միասին մտնել։ Մուսի զուգարանային պատմությունների մասին Միան շատ էր լսել, բայց առաջին անգամ էր ինչ–որ մեկը հենց էդպիսի ուղիղ առաջարկ անում։

– Չէ՛, ես պիտի չիշիկ անեմ,– պատասխանեց, ու երբ հերթը հասավ, մենակ մտավ զուգարան։

Ավելի ուշ թխամաշկ իտալացին Միայենց սեղանին մոտեցավ։ Պարզվեց՝ Կարմենը ճանաչում էր նրան, անունն էլ հիշեց: Ջովաննի՞ էր, թե Ջուզեպպե։ Երրորդ գարեջրից հետո Միային անունները քիչ էին հետաքրքրում։ Կարմենին ասաց, որ Ջովաննի–Ջուզեպպեն իրեն զուգարան էր հրավիրել։ Կարմենը հռհռոցը դրեց, խոստացավ, որ իրենց ընդհանուր ընկերներին կպատմի. Ջովաննի–Ջուզեպպեն փաբում սեքս էր փնտրում։

– Աստվածաշունչ կարդացե՞լ ես,- հարցրեց Միան թխամաշկ իտալացուն, իսկ Կարմենը ծիծաղեց։ Ասաց, որ դա գիշերվա՝ տղա խոսացնելու լավագույն նախադասությունն էր, ու պոստեց Ֆեյսբուքում։

Միան չգիտեր՝ ինչու այդ հարցը տվեց, բայց հաջորդ հարցը Մովսեսի, կենդանիների ու տապանի մասին էր.

– Մովսեսն ամեն կենդանուց քանի՞ հատ հետը տապան տարավ։

Կարմենն ուշաթափվեց հարցից, իսկ իտալացին շփոթված հարցրեց, թե ինչու երկուսն ընդունելի պատասխան չէր։ Իսկ սեղանի տակ Միայի ոտքը հայտնվել էր իտալացու ոտքերի արանքում։

 – Դուրս գա՞նք,- առաջարկեց Միան։

– Ես քեզ համար դուռը կպահեմ,- ասաց իտալացին։

– Իսկ շու՞նչդ։

Կարմենը նորից սկսեց ծիծաղել, հագավ կուրտկան ու ասաց.

– Ես երևի ձեզ մենակ թողնեմ։

6

Առավոտյան ժամը չորսին Թագուհի Լուիզայի կամուրջն աղբանոցի էր նման։ Մեկընդմեջ հարբած մարդիկ էին անցնում ու ինչ-որ անհոդաբաշխ  արտահայտություններ բաց թողնում։ Կարմենն արդեն տուն էր գնացել։ Միան մենակ էր մնացել թխամաշկ իտալացու հետ, որի անունն այլևս չէր հիշում։ Թագուհի Լուիզայի կամրջի վրա լույսը բացվում էր։ Թխամաշկ իտալացին օրորվում էր։ Տարօրինակ արձանների գլխին գարեջրի շիշ էր դրված։ Էմիլը լիներ, կխփեր, որ ընկնի։

– Դու գերմանացու նման չես, հեչ նման չես։ Տաքարյուն ու սիրուն ես։

Դանիայում առաջին անգամ գերմանացի չլինելը որպես կոմպլիմենտ էր հնչում։ Թե չէ, երբ ասում էր՝ գերմանացի եմ, հարցնում էին՝ չէ՛, բայց իսկականից՝ որտեղի՞ց ես։ Ու Միան սկսում էր պատմել Տաջիկստանում ծնված ծնողների մասին՝ եզրափակելով, որ ինքը գերմանական անձնագիր ունի, որ իր մայրենի լեզուն գերմաներենն է, ու երբեք Տաջիկստանում չի եղել։

– Քեզ պիտի իմ տուն տանեմ։ Արի միասին տուն գնանք։

Արդեն լիքը պաչպչվել էին։ Մնում էր «իմ տուն, թե քո տուն» հարցը։ Երբ Մուսից դուրս եկան, թխամաշկ իտալացին առաջարկեց իր տուն գնալ, իսկ Միան առաջարկեց Թագուհի Լուիզայի կամուրջ։

– Էլթոն Ջոն սիրու՞մ ես,- հարցրեց Միան։

– Ես շատ փող չունեմ,- ասաց։

– Եթե ունենայի՞ր։

– Մեծ տուն կառնեի, որտեղ երկուսով կապրեինք... Մենակ էս մի երգը գիտեմ։

– Վատ չէ։ Բայց հիմա պիտի տուն գնամ։

Մեկնաբանություններ (1)

ԿԱՐԻՆԵ
ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԹԵԶԻՆ ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ԾԱՆՈԹԱՆԱԼ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter