
Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացվել դատարան. նիստը հետաձգվեց
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բերվել դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, քիչ առաջ հետաձգեց նրա և «Մարտի 1-ի գործով» մյուս մեղադրյալների գործի քննությունը:
Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալը հոկտեմբերի 9-ին վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կոնտրոնում, և բժշկական կենտրոնի տնօրենից ստացված գրության համաձայն՝ դեռևս երկու շաբաթ չի կարող ներկայացվել դատական նիստերին, քանի որ գտնվում է հետվիրահատական բուժման փուլում:
Նկատի ունենալով, որ դատական նիստն ամբաստանյալի բացակայությամբ շարունակվել չի կարող՝ դատարանը հետաձգեց գործի քննությունը: Նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը ամբաստանյալներից Սեյրան Օհանյանին հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 4-ը թույլատրել է բացակայել Հայաստանից, ուստի հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 5-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ:
Մեկնաբանել