HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախնական տվյալներով՝ երեխաները սննդային թունավորում ստացել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից

Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում աշակերտների սննդային թունավորման դեպքի առթիվ: 

ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` 2019թ. հոկտեմբերի 15-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտներ:

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ Արտաշատի բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 13 երեխա։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է թեթև:

Ըստ նախնական վարկածի` թունավորման հավանական պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան է։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքում են: 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը տեղում:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախնական տվյալներով՝ երեխաները սննդային թունավորում ստացել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական  գործողությունների արդյունքում պարզվել է դպրոցի բուֆետին սննդամթերք մատակարարած կազմակերպությունը, որտեղ կատարվել է զննություն, վերցվել են նմուշներ: Նմուշառումներ են կատարվել նաև դպրոցի բուֆետից և առաքված սննդամթերքից:

Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները:

Այս պահի դրությամբ, քրեական գործի տվյալներով, թունավորումից տուժել է 24 անձ: Պարզվում է տուժածների ամբողջական շրջանակը:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter