
ՊԵԿ նախագահ. «ՀԴՄ-ների առաջին խմբաքանակը մինչև ամսվա վերջ կլինի»
Այս տարվա առաջին ինն ամիսներին՝ հունվար-սեպտեմբերին, Հայաստանում տպվել է մոտ 312.4 մլն հատ հսկիչ դրամարկղային կտրոն, որոնց ընդհանուր գումարը` շրջանառությունը, կազմել է մոտ 1 տրլն 348.8 մլրդ դրամ։ Այս մասին այսօրվա ասուլիսին տեղեկացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ հսկիչ դրամարկղային կտրոնների քանակն աճել է 85.5 մլն հատով կամ 37.7 %-ով, իսկ դրանց ընդհանուր գումարը՝ 236.1 մլրդ դրամով կամ 21.2 %-ով։
Վերջերս քննարկման առարկա դարձավ այն փաստը, որ Անկախության օրը Գյումրիում քիչ ՀԴՄ կտրոն է տպվել այն պարագայում, երբ Գյումրին այդ օրը մարդաշատ է եղել։ Սրա մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք սեպտեմբերի երեք հանգստյան օրերը համեմատել ենք և տեսել, որ եթե սեպտեմբերի 6-9-ին զբոսաշրջությանն առնչվող ոլորտներում տպվել է 112 հազար 527 ՀԴՄ կտրոն՝ 381 մլն դրամ շրջանառությամբ, սեպտեմբերի 13-15-ին տպվել է 118 հազար ՀԴՄ կտրոն՝ 393 մլն դրամի, իսկ սեպտեմբերի 20-22-ին՝ 115 հազար կտրոն եւ 403 մլն դրամ շրջանառություն»,- ասուլիսին տեղեկացրեց ՊԵԿ նախագահը:
Ըստ նրա՝ սա խոսում է այն մասին, որ այս հարցում ՊԵԿ-ի թերությունը կա։ «Բայց ավելի շատ այստեղ կա ՀԴՄ կտրոն չտրամադրելու մշակույթի դեռևս պահպանված ավանդույթ: Դրանից հետո մենք Շիրակի մարզի հարկայինի ղեկավարին փոխել ենք, որովհետեւ կարծել ենք, որ ինքն էլ իր հերթին թերացել է»,- նշեց Դավիթ Անանյանը։
Անդրադառնալով հսկիչ դրամարկղային մեքենաների խնդրին՝ նա տեղեկացրեց, որ մինչև այս ամսվա վերջ նոր խմբաքանակ կներմուծվի Հայաստան. «Առաջին խմբաքանակը, եթե չեմ սխալվում շուրջ 2 հազար ՀԴՄ, կարծում եմ՝ այս ամսվա վերջ կլինի։ Սեպտեմբերին էր նախատեսված, բայց ՀԴՄ ներմուծման ազատականացման ջատագովները չէին պատկերացնում, որ միայն ՀԴՄ ներմուծելով չէ։ ՀԴՄ-ների վերաբերյալ կան օրենսդրությամբ սահմանված պահանջներ և այդ պահանջները բավարարելու համար սարքերը պետք է ծրագրավորվեն։ Այդ ծրագրավորումն էլ իրենք պետք է կարգավորեն, պետք է ՊՈՍ տերմինալների սերտիֆիկացում անեն, որը ժամանակ է պահանջում»։
Ինչպես ավելի վաղ գրել ենք, Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ հոկտեմբերի սկզբի դրությամբ 9000 տնտեսվարող սպասում է հսկիչ-դրամարկղային մեքենայի (ՀԴՄ)։ Սակայն ՊԵԿ-ն այլևս ՀԴՄ չի գնում, ունեցած խմբաքանակն էլ նախատեսված է սահմանամերձ համայնքների համար։
Մեկնաբանել