
Ավտոմեքենաների ներմուծումը նոր թափ է ստացել. 114 հազար մեքենա՝ 9.5 ամսում
Այս տարվա սկզբից մինչև հոկտեմբերի 14-ը Հայաստան է ներմուծվել շուրջ 114 հազար ավտոմեքենա։
Սա մոտ 60 հազարով ավելին է 2018 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից։
Ինչպես այսօրվա ասուլիսին տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, այս տարի ավտոմեքենաների ներմուծումից գանձվել է շուրջ 51 մլրդ դրամի մաքսատուրք, որը 27 մլրդ դրամով ավել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում գանձված մաքսատուրքից։
Այս տարի աննախադեպ ծավալի ավտոմեքենա է ներմուծվում Հայաստան, որի պատճառը եկող տարվանից մաքսատուրքերի սպասվող բարձրացումներն են։ 2020 թվականից ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրանալու են և համապատասխանեցվելու են ԵԱՏՄ հավաքական մաքսային վճարներին։ Ընդ որում՝ տեսանելի է, որ ավտոմեքենաների ներմուծումը ավելի մեծ թափ է ստացել առաջին կիսամյակից հետո։ Ըստ Մաքսային ծառայության՝ այս տարվա առաջին կիսամյակում ներմուծվել է շուրջ 53 հազար ավտոմեքենա։ Ստացվում է, որ հաջորդող 3.5 ամիսներին ներմուծվել է 61 հազար ավտոմեքենա։
Սակայն, ինչպես սպասվում է, 2020 թվականի սկզբից այս տեմպը չի պահպանվի. մաքսատուրքերի բարձրացմանը զուգահեռ կնվազի ավտոմեքենաների ներմուծումը։ Հետևաբար կնվազի նաև ավտոմեքենաների մաքսազերծման արդյունքում բյուջե հոսող գումարների ծավալը։
Մեկնաբանել