HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նման խաղով արժանի էինք պարտության, բայց դասեր կքաղե՞նք

«Եվրո-2020»-ի ընտրական փուլի Ֆինլանդիա-Հայաստան մրցավեճը (3-0) դրանից երեք օր առաջ կայացած Լիխտենշտայն-Հայաստան (1-1) հանդիպման տրամաբանական շարունակությունը կարելի է համարել: Խոսքն առաջին հերթին հայ ֆուտբոլիստների ցուցադրած խաղի ցածր որակի մասին է, որի գլխավոր պատճառը մեր համոզմամբ, ինչպես նշել ենք նախորդ հոդվածում, հոգեբանական է:

Շատերը հասկանում էին, որ եթե մերոնք Տուրկուում կրկին հանդես գան այնպես, ինչպես Վադուցում, ապա կարելի է մոռանալ «Եվրո-2020»-ի եզրափակիչ փուլի ուղեգրի մասին: Մյուս կողմից՝ եթե Լիխտենշտայնի դեմ խաղում Գյուլբուդաղյանցի սաների մտքում ուժ խնայելով հաղթելն էր ու ֆինների դեմ հանդիպմանը ֆիզիկապես պատրաստ ներկայանալը, ինչի համար պատժվեցին 2 միավորի կորստով, ապա Ֆինլանդիայում դաշտի տերերը օգտագործեցին մերոնց բոլոր թույլ կողմերը՝ արժանի ձեւով 3 անպատասխան գնդակ ուղարկելով Հայրապետյանի դարպասը:

Իսկ Հայաստանի առաջին թույլ կողմը կոնկերտ երեկվա խաղում դարպասապահ Հայրապետյանն էր, որն արդեն երկրորդ խաղն անընդմեջ պատուհաս դարձավ թիմի գլխին: Ընդամենը մի փաստ՝ ֆինների հետ մրցավեճում իր դարպասին ուղղված գնդակներից ոչ մեկը այս ֆուտբոլիստը ձեռքերով առաջին իսկ փորձից չի ֆիքսել, եւ թող ոչ մեկ չասի, թե անձրեւ էր գալիս, ու գնդակն էլ թաց էր: Եթե թղթի վրա փորձառու համարվող Հայրապետյանը դարպասային գծից դուրս է գալիս, բայց գնդակը որսալու կամ կարգին հետ մղելու փոխարեն օդում կրկեսային հնարքներ է ցույց տալիս, ուրեմն նրա թիմը դատապարտված է: Դարպասապահի անկայուն, անվստահ, ինչու չէ վախկոտ խաղը կարող է կոտրել ցանկացած թիմի ողնաշար: Զարմանալի է, թե հավաքականում դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին, ով ժամանակին մեր թիմի պաշտպանության վերջին հիմնասյունն էր ու իսկապես կայուն խաղացող, ինչու Հայրապետյանին չի կարողանում հասցնել, բացատրել տուգանային հրապարակում դարպասապահի կողմից ճիշտ, վստահ եւ համարձակ խաղ ցույց տալու սկզբունքները: Չնայած գուցե արդեն ուշ է 33-ամյա խաղացողին ինչ-որ բան հասկացնելը:

Երեկ Հայաստանի հավաքականը բառիս բուն իմաստով ֆուտբոլ խաղաց հաշված րոպեներ՝ խաղի սկզբնամասում եւ առաջին կեսի միջնամասում, իսկ այն բանից հետո, երբ 31-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Հայրապետյանը հերթական «գլուխգործոցը» կերտեց՝ չկարողանալով հասնել գնդակին, Յենսենն առանց դժվարության առաջ մղեց իր թիմին: Այս դրվագում կար նաեւ Հովհաննես Համբարձումյանի սխալը, որն արագ ռեակցիա ցույց տալու դեպքում, թերեւս, գլխով կարող էր հեռացնել գնդակը դարպասային գծի վրայից:

Հետխաղային ասուլիսում Գյուլբուդաղյանցն ասել է, թե իրավիճակը փոխվեց երկրորդ գոլից հետո, որը ֆինները խփեցին 61-րդ րոպեին, երբ թիմի առաջատար Պուկին, օգտվելով մեր կենտրոնական պաշտպանների անհաշվենկատ, անուշադիր խաղից, իր արագության հաշվին առաջ պոկվեց նրանցից, մեն-մենակ մնաց Հայրապետյանի դեմ ու առանց դժվարության հաշիվը դարձրեց 2-0 (Հայրապետյանն այս դեպքում էլ շտապեց հորիզոնական դիրք բռնել՝ փոխանակ ձեռքերով ու մարմնով գնդակի ընթացքը հնարավորինս փակեր):

Այս գոլի երկվորյակն էր երրորդ գոլը, որը Պուկին խփեց 81-րդ րոպեին՝ կրկին գերազանցելով կենտրոնականներին ու միայնակ դուրս գալով դարպասապահի դեմ:

Իրականում մերոնց խաղը փոխվեց հենց առաջին բաց թողած գոլից հետո, քանզի ոչ միայն երկրպագուներից շատերը, այլեւ հենց իրենք՝ ֆուտբոլիստները, ցույց տվին, որ չեն հավատում իրենք իրենց ու անձնատուր եղան: Հոգեբանական այս անկումը, ըստ էության, արմատներ էր գցել դեռ Վադուցում պարտությանը գրեթե հավասար ոչ-ոքի խաղալուց հետո: Ճնշումը եւ քննադատությունը, որը կար երկրպագուների, լրագրողների, իսկ գուցեեւ հենց իրենց՝ կոլեկտիվի անդամների կողմից, չհաջողվեց հաղթահարել, եւ այդ իրավիճակում ընդունած մեկ գնդակը թեւաթափ արեց թիմին, կորավ կազմակերպվածությունը, խաղային կարգապահությունը, մտածված գրոհ կամ հակագրոհ ձեռնարկելու ջիղը:

Այսպիսի պարտվողական տրամադրություններն առաջին հերթին Գյուլբուդաղյանցի մարզչական շտաբի մինուսն են, քանզի եթե թիմը հանձնվում է՝ առջեւում ունենալով մի խաղակես, ուրեմն հոգեբանական խնդիրները խորքային են:

Երեկվա մրցավեճը Վադուցում կայացած հանդիպման տրամաբանական շարունակությունն էր նաեւ գրոհային եզրի խաղացողների ցույց տված ֆուտբոլի իմաստով: Ալեքսանդր Կարապետյանը, ինչպես ասում են, գրեթե չքրտնեց, ու տրամաբանական հարցին, թե ինչու այդպես էլ չփոխարինվեց, մեկ պատասխան կարող է լինել՝ արժանի փոխարինող չկար հարձակման գծում: Բայց այդ դեպքում Կարապետյանի ու արդեն երկրորդ անընդմեջ հանդիպումը տապալած Ադամյանի փոխարեն կարելի էր դաշտ դուրս բերել երիտասարդ գրոհային կիսապաշտպանների՝ Էրիկ Վարդանյանին, Պետրոս Ավետիսյանին: Վերջին երկու խաղերում Գյուլբուդաղյանցի փոխարինումները առնվազն տարակուսանք են առաջացնում:     

Գլխավոր մարզիչը խաղից հետո նշել է Կամո Հովհաննիսյանի, Կառլեն Մկրտչյանի, Հենրիխ Մխիթարյանի բացակայության փաստը: Տպավորություն է, որ եթե այս իրողությունը հանդիպման որակի հետ համադրենք, պիտի խոստովանենք, թե ի սկզբանե դատապարտված էինք անատամ ու անզոր խաղով խոշոր հաշվով պարտվելուն: Բնականաբար, նշված ֆուտբոլիստների կորուստը մեծ խնդիր է առաջացրել մարզիչների համար, բայց գլխավոր պատճառն ամենեւին դա չէր, այլ սեփական ուժերին չհավատալը, հոգեբանորեն հանձնվելը: Սա թե՛ մեր ակումբներում, թե՛ տարբեր տարիքային հավաքականներում վաղուց հանդիպող երեւույթ է եւ հայկական ֆուտբոլի «աքիլեսյան գարշապարներից» կամ «խրոնիկ հիվանդություններից» մեկն է դարձել:

Վերջին երկու հանդիպումներում ընդամենը 1 միավոր վաստակելուց հետո էլ բախտի քմահաճույքով մեր ընտրանին մնաց ընտրական 10-րդ խմբի 3-րդ հորիզոնականում, քանի որ մերոնց պես 10 միավոր ունեցող բոսնիացիները երեկ Աթենքում 1-2 հաշվով պարտվեցին հույներին: Իտալացիներն էլ 5 անպատասխան գնդակ խփեցին ու երկիր վերադարձրին Լիխտենշտայնին, որի մարզիչներն ու ֆուտբոլիստները հայերի հետ 1-1 խաղալուց հետո յոթերորդ երկնքում էին հայտնվել:   

Չնայած Հայաստանն ու Բոսնիա եւ Հերցեգովինան խմբում 2-րդ տեղը գրավելու դեռ տեսական շատ փոքր հնարավորություն ունեն (եթե մնացած երկու խաղերում հաղթեն, իսկ ֆինները պարտվեն), 99 տոկոսով կարող ենք ասել, որ նոյեմբերի 15-ին ֆիններն առանց բարդության հասնելու են իրենց նպատակին՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով խմբի հետնապահ Լիխտենշտայնի նկատմամբ:

Հայաստանի հավաքականի համար նոյեմբերյան հանդիպումները հույների եւ իտալացիների հետ պիտի լինեն խաղեր պատվի համար: Ոչ մարզական, սակայն կարեւոր նպատակ կարելի է համարել խմբում երրորդ տեղը գրավելը (այսինքն՝ առաջ լինել վարկանիշով մեզ գերազանցող բոսնիացիներից եւ հույներից), ինչը «Եվրո-2012»-ի ընտրական փուլից հետո երկրորդ նման հաջողությունը կլինի մեր թիմի համար: Այս առումով բոսիացիների առավելությունն այն է, որ նրանք դեռ պիտի խաղան Լիխտենշտայնի հետ (ինչպես նաեւ Իտալիայի), իսկ հույները հանդիպելու են մերոնց եւ ֆիններին, որոնք Հունաստանի հետ վերջին տուրի խաղից առաջ, թերեւս, արդեն ապահոված կլինեն «Եվրոյի» ուղեգիրը եւ կարող են հանդես գալ ոչ մարտական կազմով:

Լուսանկարները՝ uefa.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter