HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կրկին փոցխի վրա կանգնեցինք. Հայաստանի հավաքականը դասեր չի քաղում նախորդ սայթաքումներից

Լիխտենշտայնի ընտրանին, երեկ սեփական հարկի տակ 1-1 խաղալով Հայսատանի հավաքականի հետ, իր համար հերթական փոքրիկ պատմությունը կերտեց, ինչը տեսանելի էր նաեւ այդ թիմի անդամների ուրախությունից, իսկ մեր ընտրանին հերթական ծանր հարվածը ստացավ գաճաճ թիմերի դեմ խաղերում: Այո, սա, ցավոք, առաջին նման դեպքը չէր, այլ հերթականը:

Երկրպագուները հաստատ չեն մոռացել, թե ինչպես նախորդ տարի Ազգերի լիգայի խաղարկությունում մեր ֆուտբոլիստները Երեւանում 0-1 հաշվով ամոթալի պարտություն կրեցին քաղաք-պետություն Ջիբրալթարի կոլեկտիվից, իսկ մրցաշարի վերջին խաղում 2-2 խաղացին նույն Լիխտենշտայնի հետ, ընդ որում՝ մերոնք պարտությունից փրկվեցին 85-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ, ու գրանցվեց 2-2: Բայց դրանից առաջ Երեւանում էլ Լիխտենշտայնին 2-1 հաղթելը տրվել էր մեծ տառապանքի գնով:

Վստահորեն կարելի է ասել, որ 2 թանկ միավոր կորցնելու պատճառը մարզիչների ու ֆուտբոլիստների գլուխներում է, այսինքն՝ հարցն այն է, թե ինչպես էր թիմը հոգեբանորեն պատրաստվել այս հանդիպմանը: Քանի որ հավաքականն ամսի 15-ին պիտի հյուրընկալվի ֆիններին, որոնց հետ պայքարում է բաղձալի երկրորդ տեղի համար, դեռ Լիխտենշտայնի հետ խաղից առաջ քննարկվում էր վերջինիս հաղթելու եւ միաժամանակ Ֆինլանդիայի հետ մրցավեճին հավուր պատշաճի պատրաստ լինելու թեման: Այսինքն՝ երկու խնդիր կար. հաղթել Լիխտենշտայնին ու բավարար ուժ պահել 3 օր անց կայանալիք բարդ խաղի համար:

Բայց այստեղ ամենակարեւորն այն է, որ գաճաճ երկրի թիմին միավորներ զիջելու դեպքում Գյուլբուդաղյանցի սաները հայտնվելու էին անչափ բարդ վիճակում. չէ՞ որ եթե մերոնք նույնիսկ հաջողացնեն հաղթել ֆիններին, որոնց այս պահին զիջում են 2 միավորով, ապա չպետք է մոռանալ, որ Ֆինլանդիան դեռ իր տանը խաղալու է Լիխտենշտայնի հետ եւ, եւ մեծ վստահությամբ կարելի է ասել, որ մեզ պես շռայլ չի գտնվելու այդ թիմի նկատմամբ (Վադուցում կայացած առաջին խաղում ֆինները հաղթել են 2-0):

Այդպես եղավ Ազգերի լիգայի մրցաշարում, երբ Ջիբրալթարին պարտվելուց հետո մերոնք «թասիբի ընկան» ու օրեր անց 4-0 հաշվով հաղթեցին գլխավոր մրցակից մակեդոնացիներին՝ վերջիններիս հանդեպ անձնական խաղերում ստանալով առավելություն (Սկոպիեում Հայաստանի ընտրանին պարտվել էր 0-2): Սակայն մակեդոնացիները, օգտվելով նրանից, որ հայերը սայթաքում են գաճաճ երկրների հետ դիմակայություններում (Հայաստան-Ջիբրալթար՝ 0-1, Լիխտենշտայն-Հայաստան՝ 2-2), առանց գլխացավանքի հաղթանակ տարան նույն այդ երկրների դեմ ու ստացան «Եվրո-2020»-ի եզրափակիչ փուլի համար պայքարելու հնարավորություն:

Եթե մի փոքր էլ հետ գնանք, կհիշենք, որ «Եվրո-2012»-ի ընտրական փուլում, որն ամենահաջողվածն էր Հայաստանի ընտրանու պատմության մեջ, մերոնք երկրորդ տուրում մակեդոնացիներին Սկոպիեում 2-1 հաղթելիս Արարատ Առաքելյանի ձեռքով խաղի պատճառով 11-մ ստացան սեփական դարպասին, հանդիպումն ավարտվեց 2-2, ու թիմը զրկվեց 2 միավորից, որի կարեւորությունը պիտի զգայինք հետո, երբ երկրորդ տեղի համար պայքարում էինք Իռլանդիայի հետ: Կամ էլ կարող ենք հիշել աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլը, երբ Մալթային Երեւանում 0-1 պարտվելուց օրեր անց, ինչը խայտառակություն էր, Կոպենհագենում մերոնք «համերգ տվեցին»՝ 4-0 հաղթելով դանիացիներին:

Բերված օրինակները ցույց են տալիս, որ կարգով ցածր թիմերին անհավես, անթասիբ խաղով միավորներ նվիրած ֆուտբոլիստներն այն նույն տղաներն են, ովքեր օրեր անց գեղեցիկ ու արդյունավետ խաղով ծնկի են բերել մարտունակ եւ ուժեղ թիմերի: Այս պարագայում հստակ է, որ խնդիրը խաղացողների տրամադրվածության մեջ է:

Ստացվում է, որ մարզչական շտաբը մասնավորապես երեկվա խաղում թերացել է այս հարցում: Այն բանից հետո, երբ մերոնք նախորդ հանդիպումների պես մեկնարկային ճնշում գործադրեցին մրցակցի վրա, ինչի արդյունքում 19-րդ րոպեին Բարսեղյանը հեռահար հարվածով առաջ մղեց թիմին, աստիճանաբար հայ ֆուտբոլիստները թուլացրին տեմպը՝ ըստ էության, մտքում ունենալով ֆինների հետ առաջիկա մրցավեճը:

Ազգերի լիգայում եւ «Եվրոյի» ընտրական այս փուլում Լիխտենշտայնի դեմ երեւանյան հանդիպումները ցույց են տվել, որ այս թիմը ունի կռիվ տալու բնավորություն, մարզական չարություն: Նման ընտրանիներին կարելի է «կոտրել» մի քանի արագ գոլ խփելուց հետո, այլապես խնդիրն աստիճանաբար բարդանում է, մանավանդ որ Լիխտենշտայնը ֆիզիկապես ամենեւին էլ վատ պատրաստված չէ ու նույնիսկ խաղավերջում կարողանում է արագ հակագրոհներ ձեռնարկել:

Հույների դեմ արտագնա մրցավեճում Լիխտենշտայնը 0-1 պարտվելիս գոլ էր խփել 85-րդ րոպեին: Այդ գոլն այս մրցափուլում փոքր երկրի ընտրանու համար առաջինն էր ու, փաստորեն, նաեւ արդյունք ապահովեց: Չմոռանանք, որ Հունաստանի ու Լիխտենշտայնի կարգերի միջեւ սար ու ձորի տարբերություն կա: Այնպես որ սեպտեմբերին Աթենքում գրանցած 1-1-ը մեծ հաջողություն էր մեր երեկվա մրցակցի համար, որը շարունակություն ստացավ Գյուլբուդաղյանցի թիմի դեմ խաղում: Փաստորեն, տակտիկան նույնն էր. Լիխտենշտայնը թեկուզ պարտվում էր 0-1, բայց ֆուտբոլիստների խիտ դասավորությամբ պաշտպանվում էր սեփական տուգանայինի մատույցներում՝ հույս ունենալով, որ կստանա թեկուզ մեկ հնարավորություն եւ կիրացնի այն:

Այդպես էլ եղավ. 72-րդ րոպեին Բարսեղյանը գրոհելիս պարզ իրավիճակում չկարողացավ գնդակը հասցնել Ղազարյանին, մրցակիցը նետվեց հակագրոհի: Մեր պաշտպանության աջ թեւը ամբողջությամբ ազատ էր, Համբարձումյանը չհասցրեց նահանջել: Եթե, օրինակ, բոսնիացիների կամ իտալացիների դեմ խաղերում աջ պաշտպանին փոխօգնության էր հասնում նույն թեւում խաղացող Բարսեղյանը, ապա երեկ մեր եզրային պաշտպանները (Համբարձումյանն ու Արման Հովհաննիսյանը) բավականին խորանում էին մրցակցի շարքերի մեջ, ու թիկունքում մնում էին միայն կենտրոնականները, ինչը վտանգավոր իրավիճակ էր ստեղծում հակագրոհների ժամանակ: Այդպես Համբարձումյանի եզրում երկու անգամ մրցակիցը լավ առիթ ունեցավ, եւ 72-րդ րոպեին գրոհի նետված Սալանովիչը հարվածեց Արամ Հայրապետյանի դարպասին: Գնդակն ընթանում էր կենտրոնով՝ ուղիղ դարպասապահի վրա, բայց վերջինս, չգիտես ինչու, ցատկեց դեպի ձախ, սակայն նույնիսկ այդ դեպքում կարող էր գնդակն այնպես շեղել, որ ընթանար ապահով ուղղությամբ, այնինչ ժանգլյորի հնարքով, ինչը խորթ չէ այս դարպասապահին, սկուտեղի վրա գնդակը մատուցեց 5 րոպե առաջ փոխարինման մտած Յանիկ Ֆրիկին, որն էլ կրկնահարվածով հաշիվը դարձրեց 1-1:

Առաջին անգամը չէ, որ Հայրապետյանը տարօրինակ բաներ է անում՝ փշերի վրա պահելով ոչ միայն երկրպագուներին, այլեւ իր թիմակիցներին: Եվ միանգամայն բնական է, որ նրա հասցեին շատ կոշտ, նույնիսկ վիրավորական քննադատություններ են հնչում:

Չենք ուրանում, որ նախորդ հանդիպումներում՝ անհույս թվացող իրավիճակներում, Արամը փրկել է թիմին, բայց դարպասապահի թիվ մեկ որակը կայունությունն է, ինչը չունի Հայրապետյանը: Ցավոք, նրա գործընկերներ Բեգլարյանն ու Ավագյանն էլ հավաքականում ելույթ ունենալիս չեն տպավորել այդ որակով: Ունենք այն, ինչ ունենք: Եվս մեկ ցավալի փաստ. մերոնց դարպասին մրցակիցն ամբողջ խաղի ընթացքում կատարել է ընդամենը 2 հարված (ինչպես ասացինք, Սալանովիչի ու Ֆրիկի կատարմամբ), որոնցից մեկը գոլի է վերածվել:

Գյուլբուդաղյանցի 4-3-3 մարտավարությունը գերհարձակողական էր, քանի որ առջեւի գծի 6 ֆուտբոլիստներից 5-ը, բացառությամբ հենակետային Ռումյան Հովսեփյանի, նոմինալ գրոհայիններ էին՝ Մարկոսը, Ղազարյանը, Բարսեղյանը, Ադամյանը, Կարապետյանը: Բայց այս 5-ից կարելի է բարձր գնահատել միայն թիմի ավագի պարտակությունները կատարող Ղազարյանին ու Բարսեղյանին, որոնք ստեղծեցին մեր միակ գոլն ու ամբողջ խաղի ընթացքում մեծ ծավալի աշխատանք կատարեցին: Մխիթարյանի բացակայությամբ դիսպետչերի դիրքում հանդես եկող Մարկոսը ոչնչով չտպավորեց, զգացվում է, որ նա դեռ հեռու է իր լավագույն մարզավիճակից, բայց եթե հաշվի առնենք, որ մեր բրազիլացին արդեն 35 տարեկան է, տրամաբանական հարց է ծագում՝ Մարկոսը երբեւէ կրկին ցույց կտա՞ իր լավագույն որակները: Շատերը երեկ սպասում էին ձախ ոտքով նրա ֆիրմային հարվածներին. Ազգերի լիգայում նա հենց այդպես հեռվից գրավել էր Բենջամին Բյուխելի դարպասը: Բայց երեկ մերոնք գրեթե չէին դիմում հեռահար հարվածների, այնինչ Բարսեղյանը հենց նման կերպ գոլ խփեց, եւ հետո պետք է խոստովանել, որ Բյուխելն իր թիմի կեսն է, ու շատ դժվար է ստանդարտ գործողություններով գրավել նրա դարպասը: Երբ Ազգերի լիգայում մերոնք Երեւանում հաղթեցին 2-1, այս դարպասապահը հետ մղեց 11-մետրանոցից Հենոյի հարվածը:

Գրոհայիններից անհատական խաղը չարաշահում էր Ադամյանը, մինչեւ մրցակցի գոլ խփելը ստվերում էր Կարապետյանը, որն ակտիվացավ վերջին 10 րոպեներին, բայց արդեն ուշ էր:

Խաղից հետո Գյուլբուդաղյանցն ասել է, թե հարվածները չէին ստացվում, բայց մեր թիմը Բյուխելի դարպասին հարվածել է միայն 5 անգամ, եւս 6 անգամ՝ դրա ուղղությամբ, 8 անգամ էլ պաշտպաններն են փակել գնդակի ընթացքը: Այսինքն՝ Լիխտենշտայնի թիմային խիտ պաշտպանությունը լավ է աշխատել, իսկ դրա դեմն առնելու համար պետք էր ոչ թե կենտրոնով փորձել մխրճվել այդ «անտառի» մեջ, այլ «ձգել, բացել» պաշտպանությունը՝ խաղալով լայն ճակատով, ինչպես նաեւ ձեռնարկել ոչ ստանդարտ, խորամանկ գործողություններ: Այս ամենը մերոնք կարող էին անել (թեկուզ առանց Մխիթարյանի), սակայն մեկ գոլ խփելուց հետո Գյուլբուդաղյանցի թիմը աստիճանաբար գցեց բարձր տեմպը՝ փոխարենը չկարողանալով թիկունքը պինդ պահել: Հաշվի մեջ առջեւում լինելիս գլխավոր մարզիչը Մարկոսի փոխարեն մտցրեց հենակետային Մալաքյանին, բայց «մոռացավ» եզրային պաշտպաններին փոքր-ինչ հետ քաշել՝ հակագրոհները չեզոքացնելու համար:

72-րդ րոպեին պատասխան գնդակն ընդունելուց հետո զարմանալի էին նաեւ Գյուլբուդաղյանցի փոփոխությունները 83-րդ եւ 88-րդ րոպեներին: Եթե պետք էր կշեռքի նժարի թեքել մեր կողմը, տրամաբանական էր, որ Միրանյանն ու Արասն ավելի շուտ դուրս գային դաշտ, չնայած խաղալու ընթացքում էլ նրանք որեւէ բանով աչքի չընկան: Նույն Օզբիլիզը վաղուց այն չէ, ինչ սովոր էինք տեսնել մի քանի տարի առաջ:

Երեկ բոսնիացիները 4-1 հաշվով սեփական դաշտում հաղթել են ֆիններին, բայց քանի որ Հայաստանի հետ անձնական դիմակայությունում գնդակների տարբերությունը մեր օգտին է (5-4), մեր ընտրանին դեռեւս պահպանում է 3-րդ տեղը: Այդուհանդերձ, թե՛ ֆինները, թե՛ բոսնիացիները դեռ հանդիպելու են Լիխտենշտայնին ու, ամենայն հավանականությամբ, կվաստակեն իրենց 3-ական միավորները. սա կարելի է այս թիմերի համար «ֆորա» համարել: Մյուս կողմից՝ Հայաստանին ծանր փորձություն է սպասվում ամսի 15-ին Տուրկուում: Ֆինները, իրենց թիկունքին զգալով ոչ միայն մերոնց, այլեւ բոսնիացիների շնչառությունը, ամեն ինչ անելու են՝ առկա առավելությունը պահելու եւ երկրորդ տեղում մնալու համար: Իսկ ընտրական 10-րդ խմբում առաջին տեղի հարցը փակված է. Հունաստանին սեփական հարկի տակ 2-0 հաղթելուց հետո աշխարհի քառակի չեմպիոն Իտալիան, ինչպես եւ սպասվում էր, ժամկետից շուտ ամրագրեց այդ հորիզոնականն ու դուրս եկավ «Եվրո-2020»-ի եզրափակիչ փուլ:       

Հոկտեմբերի 15-ին կկայանան Ֆինլանդիա-Հայաստան, Լիխտենշտայն-Իտալիա, Հունաստան-Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպումները: 

Լուսանկարները՝ ՀՖՖ-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter