
Գործադիրը 403 միլիոն դրամ հատկացրեց համայնքների սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 403 միլիոն դրամ հատկացնել սուբվենցիոն կարգով ֆինանսավորվող ծրագրերի իրականացման համար։ Գումարը տրամադրվելու է Արարատի, Կոտայքի, Տավուշի, Շիրակի, Արմավիրի և Լոռու մարզպետարաններին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Կառավարությանը հայտնել է, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում համայնքները ներկայացրել են 518 ծրագրային հայտեր, որոնցից հավանության են արժանացել 483-ը:
Այժմ ընթանում է հավանության արժանացած ծրագրերի մրցութային գործընթաց, կամ արդեն իսկ իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, գազիֆիկացմանը։
Մեկնաբանել