HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մեղրի համտեսի սրահ և հյուրատուն Մեծ Սարիար գյուղում. վերադարձ ակունքներին

Մեծ Սարիարում «մեկ ծաղկով գարուն է եկել»՝ 20 օրից կսկսեն գործել մեղրի համտեսի սրահը, թոնրատունը եւ հյուրատունը՝ մեկ վայրում:

Գյումրեցի 29-ամյա Մարտին Սարգսյանը, ցույց տալով երկհարկանի շինությունը, բացատրում է. «Երեք տարի առաջ այստեղ ընդամենը բլուր էր, 3 տարի առաջ իմ ոչ մի ընկերն ու հարազատը չէին հավատում, թե սկսածս գործն ավարտին էի հասցնելու, ասում էին՝ գյուղում կյանքը մեռած է, ո՞վ է գալու գյուղ, Սարիարն ի՞նչ հանգստանալու տեղ է, արժի՞, որ էդքան փող ես ծախսում»:

Հիմա, երբ աշխատանքները գրեթե ավարտական փուլում են, ոչ ոք այլեւս նման հարց չի տալիս: «Մի ընկեր ունեմ, որ ամենաթերհավատն էր: Մի օր զանգեց, թե որտեղ ես, ասի գյուղում եմ, բա թե գամ, հա՞, շատ հոգնած եմ: Եկավ, ներս մտավ, դրսում մոտավորապես էսպիսի եղանակ էր՝ մի քիչ սառնոտ, որոշեցի բուխարին վառեմ, որոշակի ջերմ միջավայր ապահովեմ: Ընկերս մի քիչ նստեց լուռ, հետո շուռ եկավ ինձ, թե՝ ա՛յ, հիմա հավատում եմ, որ ուզածիդ հասնելու ես»,- Մարտինը ծիծաղում է՝ խոստովանելով, որ գյուղում գործունեություն ծավալելու իր որոշման համար հիմնական «մեղավորը» եղել է հայրը:

«Իմ նախնիները մեղվաբուծությամբ սկսել են զբաղվել 1864թ.-ից, ու շղթան երբեք չի ընդհատվել,-պատմում է Մարտինը,- մերոնք Մեծ Սարիար գյուղում հաստատվել են գաղթի տարիներին՝ փախնելով Կարսի մարզի Քյուրակդարա գյուղից, որ հիմա քրդաբնակ է: Իմ պապերը թե՛ էնտեղ, թե՛ էստեղ մեղու են պահել: Սարիարում հաստատված Մարտիրոս պապի ու Սալվի տատից հետո գործը շարունակել է Անուշավան պապը, հաջորդը հայրս է ու...քիչ էր մնում, որ իմ զբաղվածության պատճառով էդ շղթան կտրվեր»: Մարտինն ավարտել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի անգլերեն լեզվի բաժինը, սակայն 8 տարի է՝ աշխատում է ապահովագրության ոլորտում: Ընտանիքի միակ զավակն է, Սարգսյանների տոհմական գործի միակ շարունակողը:

«Ես արդեն հուսահատվել էի,- խոստովանում է Մարտինի հայրը՝ 56-ամյա Աղվան Սարգսյանը,-Մարտինն անընդհատ զբաղված էր իր գործով՝ լրիվ աչքաթող էր արել գյուղն էլ, մեղուներին էլ: Շատ կմտածեի, արդեն սիրտս էլ կցավար էն մտքից, որ կարող է պատահի ինձնից հետո մեղուներին տեր էղնող չլինի ու որոշեցի մի երեկո լրջորեն խոսել հետը»: Մարտինը հիշում է եւ այդ երեկոն, եւ այդ բախտորոշ խոսակցությունը: Շատ լավ էր հասկանում հոր անհանգստությունն ու որպեսզի ապացուցի, որ տոհմի 150-ամյա պատմությունը չի կորչելու, զրույցից մի քանի օր անց մեկնում է գյուղ եւ պապական հին տան հարեւանությամբ գտնվող տարածքում գցում ապագա բիզնես-ծրագրի հիմքերը:

«Ճիշտն ասած չէի ուզում անել էն, ինչ բոլոր մեղու պահողներն են անում,- ասում է Մարտինը,- մենք 100 փեթակ ունենք, կախված տարուց՝ շատ կամ քիչ քանակությամբ մեղր ենք ունենում, ինչպես բոլորը: Բայց ես ցանկանում էի էդ ամենն ավելի ներկայանալի տեսքով շուկա հանել: Ընկերներով երկար ժամանակ մտածում էինք, թե ինչ ապրանքային տեսքով, ինչպիսի փաթեթավորման տարբերակով մատուցենք, որ մարդիկ գնեն ոչ միայն սեփական գործածության, այլեւ նվիրելու մտադրությամբ: Ուզում էի, որ «Սարգսյան մեղր» ապրանքանիշն ասոցացվեր ոչ միայն մեղրի որակի, այլեւ «ցանկալի նվեր» գաղափարի հետ»:

Փայտե տուփերը, մեղրի հետ խառնված նուշը, ընկույզը, դդմի սերմերն ու օգտակար այլ ընդեղենը գրավիչ տեսք են հաղորդում Սարգսյանների արտադրանքին: Զրուցակցիս խոսքով՝ դա շատ կարեւոր հանգամանք է հատկապես դրսի շուկային ներկայանալու համար: Իր առջև դրած խնդիրները Մարտինը սկսում է լուծել Մեծ Սարիարում ձեռնարկած շինարարությամբ:

«Ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց, որ մասնակցեմ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի հայտարարած մրցույթին, որ իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը: Ասեց, համ դու վերջապես կհասկանաս, թե ինչ ես անելու, համ էլ, եթե շահես, գումար կստանաս, որ էլի մեծ աջակցություն է: Ճիշտն ասած, չէի հավատում, թե մի բան դուրս կգա, միշտ մտածել եմ, թե էդ տիպի ծրագրերն իրենց ծանոթների համար է,- Մարտինը ծիծաղում է,- ու լրիվ անակնկալի եկա, երբ զանգեցին ասին, որ ներկայացրածս գաղափարը անցել է մրցութային փուլն ու ֆինանսավորվելու է 20 հազար դոլարի չափով»:

Մարտինն ասում է, որ ծրագրին մասնակցությունը շատ կարեւոր բան է փոխել իր կյանքում՝ ամրապնդել է հավատը սեփական ուժերի նկատմամբ: «Ինձ համար ամենակարեւորը, ես կասեի՝ փողից էլ կարեւոր, որ ինձ, իմ ծրագրին, իմ գաղափարին հավանություն են տվել օտար մարդիկ: Չեք պատկերցնի, թե դա որքան ոգեւորղ էր: Հիմա իմ ոգեւորվածությունն անցել է ընկերներիս՝ իրենք էլ են ուզում ներդրում անել մեր կամ մեկ այլ գյուղում»,- Մարտինի դեմքին գոհունակ ժպիտ է հայտնվում:

Մեծ Սարիար գյուղը Գյումրիից 18 կմ է հեռու: Մեքենայով, Գյումրի-Վանաձոր միջպետական ճանապարով, ընդամենը 15-20 րոպեի ընթացքում կարելի է հասնել Մեծ Սարիար, եթե իհարկե ցանկություն չի առաջանա մինչեւ նպատակակետին հասնելն այցելել Ջաջուռ գյուղում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարան: «Եթե Մարտինը հասցներ ու աշխատանքներն ամռանը ավարտեր, ապա Սարիարում հյուրընկալվողները կարող էին մասնակցել մեղրաքամին, ընդհանրապես ծանոթանալ մեղվապահությանը,- նկատում է Աղվան Սարգսյանն ու ծիծաղելով հավելում,- մի 5 օր էլ ավել մնան՝ ներվերը հանգստացած հետ կգնան իրենց գործերին, թե որ բախտները բերեց, մի 10 կծոց էլ մեղվից ստացան, խոլեստերինն էլ կիջնի, ճնշումն էլ կկարգավորվի»:

Մարտինի կարծիքով, Մեծ Սարիարում կարող են կազմակերպել ոչ միայն պասիվ, այլեւ ակտիվ հանգիստ: Գյուղի հարեւանությամբ գտնվող սոճիների անտառն այդ հնարավորությունն ընձեռում է՝ հատկապես ձմռանը: «Որոշել ենք դահուկներ գնել ձմռանը Սարիար եկող ակտիվ հանգստի սիրահարների համար, շատ հարմար տեղեր կան, եթե ուզենան զբաղվել»,- ասում է Մարտինը:

Հյուրատան բակում դեռ շինարարական աշխատանքներ են ընթանում: Մեզ է մոտենում սարիարցի Ջանո պապը՝ Ջանիբեկ Ռաֆայելյանն ու հրավիրում իր պատրաստած «անմահական» խմիչքը՝ ազնվամորու օղին փորձելու: «Դուք ըդպես բան խմած չեք էղնի,- համոզում է զրուցակիցս,- ես տարբեր մրգերից օղի կքաշեմ, բայց ըսիկ լրիվ ուրիշ բան է: Եթե հմի չեք գա, ոչինչ, կմտածեմ, օրմ չէ օրմ ինչխ էլ էղնի էլի Սարիար գուկաք, որովհետեւ արդեն կզգամ, թե ինչ փոփոխություններ բդի էղնի գյուղի համար թեկուզ էս մե գործով, օր Մարտինն է ձեռնարկել: Դե հմի պատկերացրեք ամեն գյուղում մե ջահելմ մի լավ գործ սկսե՝ գյուղերը կծաղկին»:

Մեկնաբանություններ (1)

ՀՐԱՉ
Հալալ է ՍԱՐԻԱՐցիներին։ Միշտ դուխով, միշտ առաջ ! Հաջողություն ձեզ. . .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter