
Շրջակա միջավայրի նախարարը՝ պոչամբարի խողովակաշարից արտահոսքի և Ամուլսարի գործի մասին
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» պատկանող պոչամբարի խողովակաշարից արտահոսք է եղել, և հոսքաջրերը լցվել են Ողջի գետը, արտահոսքն անմիջապես պոչամբարից չի եղել: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նախարարի խոսքով՝ խողովակաշարը Քաջարանից տասնյակ կիլոմետրերով անցնում է մինչև հասնում է Արծվանիկի պոչամբար: Ըստ նախարարի՝ գուցե ընթացիկ վերանորոգումներ լինում են, բայց փաստ է, որ պարբերաբար այսպիսի վթարներ են լինում:
«Իհարկե, մեղավորությունը գործարանինն է»,- լրագրողի հարցին ի պատասխան ասաց Գրիգորյանը՝ նկատի ունենալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Նախարարի խոսքով՝ Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները փորձանմուշներ են վերցրել, Առողջապահության տեսչությունը նույնպես այնտեղ է և փորձանմուշներ է վերցրել:
Նախարարը նշեց նաև, որ այս պահին խողովակի անցքը փակ է, և արտահոսք չի լինի, հայտնեց նաև, որ ավելի ուշ վնասի չափը կհաշվարկվի և կներկայացվի:
Հիշեցնենք՝ Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնեց, որ առավոտից արտակարգ իրավիճակ է Սյունիքի մարզում, քանի որ պոչամբարից աղտոտված ջրեր են հոսել Ողջի գետ։
Նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում մտահոգություն հայտնեց որ բնապահպանական օրենսդրությամբ ջրի աղտոտման համար վնասների փոխհատուցման շատ ծիծաղելի չափեր են նախատեսված.
«Ներկայում մենք վերանայում ենք այդ համակարգը: Նախկինում էլ եղել են վթարներ, հաշվարկել են վնասը, ասենք, 500 հազար դրամ և դրանով փակվել է գործը»,- ասաց Գրիգորյանը:
Վերջինիս հարց ուղղվեց՝ ի վերջո Ամուլսարի հետ կապված նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա, թե՞ ոչ:
Նախարարն ի պատասխան նշեց, որ կան տվյալներ, որոնք պետք է ուսումնասիրվեն Քննչական կոմիտեում հարուցված քրգործի շրջանակներում՝ նկատի ունենալով այն վերլուծությունը, որ նախարարությունն ուղարկել է վարչապետի աշխատակազմ և որը քննության առարկա է դարձել նաև Քննչական կոմիտեում:
«Այնտեղ կա որոշակի առաջարկություն նախագծի որոշակի փոփոխության վերաբերյալ: Մենք 12 կետով ներկայացրել ենք մեր մտահոգությունները, այն անհամապատասխանությունները, որոնք գտել ենք «ԷԼԱՐԴ»-ի եզրակացության և Ակադեմիայի աշխատանքների հիման վրա: Օրինակ, «ԷԼԱՐԴ»-ը նշել է, որ կան խնդիրներ գոլորշիացման հետ կապված, գերագնահատված է գոլորշիացումը: «Հիդրոմետը» ևս ասել է, որ գոլորշիացումը 3 անգամ ավել է ներկայացված եղել»,- ասաց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել