HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կուսակցություն գրանցելիս անդամների նվազագույն թիվը 800-ից դարձնել 300. ինչ փոփոխություններ է առաջարկում աշխատանքային խումբը

Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին օրենքի փոփոխությունների համար ստեղծված աշխատանքային խմբի նիստերին մասնակցած սահմանադրագետ Արմեն Մազմանյանը ներկայացրեց այն հիմնական ռազմավարությունը, որոնցով աշխատանքային խումբը առաջնորդվել է փոփոխությունները մշակելու ժամանակ:

Արմեն Մազմանյանը առաջինը նշեց կուսակցությունների և կուսակցական համակարգերի ինստիտուցիոնալացումը, մասնավորապես՝ կուսակցությունների զարգացմանը և կայացմանը ուղղված միջոցառումները: Այնուհետև սահմանադրագետը նշեց բազմակուսակցական համակարգի և գաղափարական բազմակարծության պատշաճ զարգացումը, ապա կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության բարձրացումը, կուսակցական ֆինանսների նկատմամբ հանրային վերահսկողության գործիքակազմի կատարելագործումը, կոռուպցիոն ռիսկերի նվազումը և քաղաքական գործունեության և բիզնեսի տարանջատումը, կուսակցական գործունեության վրա մասնավոր շահերի ազդեցության նվազումը, ինչպես նաև կուսակցական գործունեության ներառականության խթանումը:

Ռազմավարական նպատակներից խոսելուց հետո Արմեն Մազմանյանը ներկայացրեց աշխատանքային խմբի առաջարկությունները: Գործող օրենքով կուսակցություն գրանցելիս անդամների նվազագույն թիվը պետք է լինի 800: Աշխատանքային խումբն առաջարկում է այդ թիվը դարձնել 300-ի՝ նպատակ ունենալով ազատականացնել կուսակցությունների գրանցման գործընթացը:

Ներկայիս օրենքով՝ կուսակցությունները տարածքային ստորաբաժանումներ պետք է ունենան Երևանում և մարզերում: Աշխատանքային խումբն առաջարկում է տարածքային ստորաբաժանումների պահանջը վերացնել, քանի որ հաշվի առնելով ժամանակակից հաղորդակցման միջոցները, տեխնոլոգիաների զարգմացումը՝ այն այժմ ակտուալ չէ:

Հաջորդ առաջարկությունը վերաբերում էր կուսակցության գործունեության կասեցման հարցին: Գործող օրենքով կուսակցությունների գործունեությունը կարող է կասեցվել երկու հիմքով՝ մեկը օրենքի «կոպիտ խախտումն» է, մյուսը՝ անընդմեջ Ազգային ժողովի կամ Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրություններին չմասնակցելը: Արմեն Մազմանյանի խոսքով՝ աշխատանքային խումբն առաջարկում է «կոպիտ խախտման» հիմքով կուսակցությունների գործունեությունը կասեցնել միայն բացառիկ դեպքերում, օրինակ՝ կրկնակի խախտումների դեպքում: Իսկ մյուս դրույթը աշխատնքային խումբն առաջարկում է ընդհանրապես հանել օրենքից, այսինքն՝ եթե կուսակցությունը երկու անգամ անընդմեջ ընտրությունների չի մասնակցում, ապա նրա գործունեությունը չպետք է կասեցվի:

Կուսակցություններում ներքին ժողովրդավարության ամրապնդման համար աշխատանքային խումբն առաջարկում է օրենքով պարտադրել կուսակցություններին ունենալ կոլեգիալ ղեկավար մարմին, որը կապող օղակ կդառնա կուսակցության համագումարի և գործադիր մարմնի միջև:

Հաջորդը հարցը վերաբերում էր ներառականությանը: Արմեն Մազմանյանն ասաց, որ միջազգային փորձագետների եզրակացության հիման վրա առաջարկվում է կուսակցության կանոնադրությունում կամ ծրագրում ընդգրկել դրույթներ, թե տվյալ կուսակցությունը ինչպես է պատրաստվում իր գործունեությունը ավելի ներառական դարձնել: Ներառականության վերաբերող մյուս առաջարկությունն այն էր, որ կուսակցության խորհրդում կամ կոլեգիալ մարմնում որևէ սեռի գերակշռությունը չպետք է գերազանցի 70%-ը:

Անդրադառնալով կուսակցությունների ֆինանսավորման դրույթներին՝ Արմեն Մազմանյանն ասաց, որ աշխատանքային խումբն առաջարկում է ավելացնել կուսակցություններին տրվող պետական աջակցության ծավալը և իջեցնել այն կուսակցությունների համար նախատեսված շեմը, որոնք կստանան պետական աջակցություն:

Ինչ վերաբերում է նվիրատվությունների հարցին, ապա աշխատանքային խումբն առաջարկում է կուսակցություններին նվիրատվություն անել թույլատրել միայն ֆիզիակական անձանց և բացառել ցանկացած իրավաբանական անձի նվիրատվությունը: Նպատակը, ըստ Արմեն Մազմանյանի, կուսակցությունների վրա մասնավոր շահերի ազդեցությունը հնարավորինս նվազեցնելն է: Ընդ որում, առաջարկվում է նվիրատվությունը պարտադիր կատարել անկանխիկ եղանակով, ինչը կբարձրացնի կուսակցական ֆինանսների նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետությունը:

Աշխատանքային խումբն առաջարկում է բացառել կուսակցությունների ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, սակայն մասնակի բացառություն պետք է տարածվի միայն հրատարակչական գործունեության համար և ԶԼՄ-ների որոշակի տեսակի համար, որոնք կարող են շարունակել իրենց գործունեությունը, եթե կուսակցությունը դրանք հիմնադրել է ոչ առևտրային եղանակով:

Արմեն Մազմանյանը նշեց նաև, որ առաջարկվում է կուսակցությունների և ընտրարշավի ֆինանսավորման վերահսկման ամբողջ գործառույթը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ) հետագայում փոխանցել մասնագիտացված այլ մարմնի:

«Որպես այդպիսի մարմին առաջարկվել է դիտարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ներկայումս՝ Էթիկայի հանձնաժողովը, որի անդամներն ընտրվում են Ազգային ժողովում՝ որպես անկախության հավելյալ երաշխիք: Հանձնաժողովն ունի ավելի լուրջ գործառույթներ և ավելի լայն գործիքակազմ այս ֆունկցիաներն իրականացնելու համար»,- ասաց սահմանադրագետը՝ հավելելով, որ ԿԸՀ-ն նույնպես դեմ չէ այդ գործառույթը իրենից վերցնելու գաղափարին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter