HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական մարմնի նախկին պետ Արթուր Գրիգորյանը անդրադարձել է հօգուտ «Լիդիան Արմենիայի» դատարանի կայացրած վճռին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է հօգուտ «Լիդիան Արմենիայի» դատարանի կայացրած որոշմանը: Գրառումը, առանց խմբագրման, կարդացեք ստորև.

«Երեք օր առաջ վարչական դատարանը վճիռ է կայացրել անվավեր ճանաչել բնապահպանական տեսչության որոշումը, որով Ամուլսարը շահագործող ընկերությանը պարտավորեցվել էր ձեռնպահ մնալ այդ հանքավայրը շահագործելուն ուղղված բոլոր գործողություններից: Վճիռը հիմնված է երկու հանգամանքի վրա՝ հայտնաբերված կարմիրգրքային կենսաբազմազանության միավորների առկայությունը հիմնավորված չէ և տեսչության ղեկավարը (այսինքն ես) շահագրգիռ կողմ էր և չպետք է այդ հարցով որոշում ընդուներ:

Դատարանի այս հետևությունները հիմնված են բացառապես հայցվոր կողմի՝ ընկերության ներկայացրած ապացույցնրի վրա, քանի որ հակառակը չի ներկայացվել: Այդ ապացույցների մեծ մասը ընկերության համար ստեղծել է բնապահպանության նախարարությունը՝ անօրինական գործողությունների միջոցով, որոնք դատաքննության ընթացքում պետք է հանվեին ապացուցողական բազայից՝ անօրինական ճանապարհով ձեռք բերված լինելու պատճառով: Իսկ ո՞վ պետք է դա աներ՝ պատասխանող կողմը՝ տեսչությունը: Գիտե՞ք այս գործով անցկացված չորս դատական նիստերից տեսչության ներկայացուցիչը քանի նիստի է մասնակցել: Ոչ մի: Ավելին, երբ դեռ տեսչության ղեկավարն էի, դատարանին միջնորդել էինք երկարացնել հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը՝ դատաքննությանը հիմնավոր պատրաստվելու և լրացուցիչ ապացույցների բազա ձևավորելու համար, և դատարանը բավարարել էր միջնորդությունը: Իսկ հիմա կարդում եմ՝ վճռի տեքստում ուղղակիորեն գրված է, որ անգամ հայցադիմումի պատասխանը չի ներկայացվել: Նույն ընկերության կողմից տեսչության դեմ ներկայացված են նաև այլ հայցադիմումներ: Վստահ եմ, որ դրնց ևս տեսչությունը չի մասնակցում:

Դատարանի հետևությունը, որ տեսչության պետն ուներ շահագրգռվածություն, քանի որ նախկինում դեմ է արտահայտվել հանքավայրի շահագործմանը, առհասախրակ դելեգիտիմացնում է գործող իշխանությանը իր գրեթե բոլոր նախաձեռնություններում: Ստացվում է՝ Երևանի ավագանու անդամները չեն կարող որոշումներ ընդունել քաղաքի ապօրինի կառույցներն ապամոնտաժելու հարցում, գործադիրը չի կարող նախաձեռնել գործըթացներ անցումային արդարադատության և նախկինում թալանվածը վերադարձնելու հարցում և այդպես շարունակ, քանի որ այդ մարմիններում ներգրավված մարդիկ նախկինում այդ հարցերի վերաբերյալ ունեցել են դիրքորոշումներ: Եվ առհասարակ, սա նշանակում է, որ ինձ բնապահպանական տեսչության ղեկավար նշանակելն ընդհանրապես անօրինական գործողություն էր, քանի որ բոլոր բնապահպանական հարցերում ես ունեցել եմ հստակ արտահայտված դիրքորոշում:Սա անհեթեթություն է: Եթե կուզեք, պետականության դեմ շատ հեռուն գնացող, խորքային սաբոտաժը հենց սա է, որ ներկայիս իշխանությունն ինքն իր գլխին սարքում է»,- գրել է Արթուր Գրիգորյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter