
Թեժ կրքեր՝ Մաշտոցի այգում. ոստիկանությունն ասում է, որ դեմ չէ «գեղեցիկ, սուրբ գաղափարին» (լրացված, լուսանկարներ)
Այսօր Մաշտոցի այգում նստացույց անցկացնող բնապահպան-ակտիվիստները գնացել են քաղաքապետարան՝ հանդիպելու քաղաքապետ Տարոն Մարգարյանին, բայց քաղաքապետն այդպես էլ չի իջել նրանց մոտ: Բնապահպաններն ասում են, որ քաղաքապետն իրենց պատասխան է ուղարկել ոստիկանի միջոցով:
Քաղաքապետարանից վերադառնալուց հետո բնապահպանները տեսել են, որ այգում շինարարությունը շարունակվում է և մտնելով կառուցվող բուտիկի տարածք՝ դադարեցրել են կառուցապատումը: Օրվա հաջորդ ժամերի ընթացքում ոստիկանությունը պահանջում էր, որ նրանք դուրս գան շինհրապարակից:
Այգի էին եկել ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ամեն Մարտիրոսյանը, «Սարդարապատ» շարժման անդամները, նաև շոու բիզնեսի ներկայացուցիչներ՝ երգիչներ Արամոն և Վլադիմիր Բարխոյանը, երգիչ-հաղորդավար Արսեն Գրիգորյանը:
Բնապահպաններն Արամոյին ցույց տվեցին, թե ինչպես են շինարարները կտրել ծառի արմատները ու դրանց մոտ բետոն լցրել:
Նրանք երգչին ասում էին, որ շինարարությունը ծառից պետք է առնվազն 5 մետր հեռու լինի:
Ակցիայի մասնակիցները բղավում էին «միացեք», «հաղթանակ», «կանաչ Երևան», «Երևանը մերն ա», «ոստիկան, գնա տուն», «ոստիկան, միացեք», «հաջորդը Թեղուտի անտառն ա»:
Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը մտավ բուտիկի տարածք և նստացույցի մասնակիցներից պահանջեց ենթարկվել ոստիկանության ներկայացուցչի օրինական պահանջին ու լքել տարածքը:
Սակայն բնապահպան-ակտիվիստների կարծիքով՝ տարածքը լքելու պահանջն օրինական չէ: Նրանք համաձայնեցին լքել տարածքը, եթե քաղաքապետարանից ներկայացուցիչ գա և որոշում ընդունի, որ շինարարությունը դադարեցվում է:
«Դուք գտնվում եք շինտարածքում, ուրիշի կողմից վարձակալված տարածքում: Խնդրում ենք լքեք էս տարածքը, այլապես մենք ստիպված կլինենք օրենքով բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ձեր նկատմամբ: Հարգելիներս, դուք զբաղում եք ինքնիրավչությամբ»,- ասաց Կարեն Մովսիսյանը:
Իսկ ակտիվիստները պատասխանեցին, որ պետք է պատասխանատվության ենթարկվի կանաչ տարածքի հաշվին շինարարություն անելու որոշում կայացնողը և ի կատար ածողը: Նստացույցի մասնակիցներից իրավաբան Մերի Խաչատրյանն ասաց. «Երբ պետական լիազոր մարմինները կգան ու փաստաթղթերով մեզ կհամոզեն, որ սա օրինական է, մենք կգնանք բանակցությունների»:
Կարեն Մովսիսյանն ասաց, որ կխնդրի, որ շինարարությունը ժամանակավորապես դադարեցնեն, մինչև քաղաքապետարանի ներկայացուցիչը գա, բայց նստացույցի մասնակիցները պետք է դուրս գան բուտիկի տարածքից:
«Եթե՝ չէ, մենք ստիպված ենք արդեն մեր եղած ուժերի քանակի ավելացում: Ուժեր են բերում: Որպեսզի ադեկվատ լինի, ես խնդրում եմ չսրենք իրավիճակը: Եկեք դուք գտնվեք էնտեղ որտեղ ես ձեզ կասեմ: Եթե քանակ եմ ավելացնում, նշանակում է, որ նորից սրում եմ»,- ասաց Կարեն Մովսիսյանը:
Նստացույցի մասնակիցները մտավախություն ունեին, որ եթե դուրս գան բուտիկի տարածքից, ապա ոստիկանները կշրջափակեն այն, և իրենք այլևս չեն կարողանա ներս մտնել: Բնապահպանները դուրս չեկան տարածքից և սկսեցին երգել Հայաստանի օրհներգը, նաև հայրենասիրական երգեր:
Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը նստացույցի մասնակիցներին ասաց, որ չգոռան ու չխանգարեն հարևանությամբ գտնվող ծննդատանը ծնված երեխաներին: «Էս աղմուկը ազդում է»,- ասաց նա: Իսկ բնապահպան-ակտիվիստներն ասացին, որ այգում «բալգարկայի» հաճախ լսվող աղմուկն ավելի է ազդում նորածինների վրա, ինչի հետ փոխոստիկանապետը չհամաձայնեց:
«Արդեն ինքնաբուխ միջոցառում չի, սա արդեն կազմակերպված բնույթ է կրում, և ես բավականին տեսնյութեր ունեմ և գիտեմ՝ ովքեր են կազմակերպում էս ամեն ինչը: Եվ համապատասխան վարչական վարույթ կիրականացվի, դուք կպատասխանեք, բայց ես չեմ ուզում՝ դա լինի»,- նստացույցի մասնակից Վահրամ Սողոմոնյանին ասաց Ռոբերտ Մելքոնյանը:
«Էս մոլորակի վրա կա ընդվզելու իրավուք: Դուք գիտե՞ք, որ պաշտոնյա լինի, թե հասարակ քաղաքացի լինի, եթե նա օրենքը խախտում է, ոտնատակ է տալիս, ուրեմն քաղաքացին կանգնում է»,- ասաց Վահրամ Սողոմոնյանը:
«Ես պետական պաշտոնյա եմ, ես Երևանի քաղաքապետի հանձնարարությունը, նրա որոշումը պարտավոր եմ կատարել: Եվ որքանով են իրավաչափ նրա գործողությունները, ես չեմ գնահատում: Դուք համապատասխան ավելի վերադաս մարմիններին բողոք ներկայացրեք»,- ասաց Ռոբերտ Մելքոնյանը:
«Երևանի քաղաքապետարանի անգործությունը բերեց նրան, որ հասարակության պահանջը էսօր շուռ է գալիս ոստիկանության վրա»,- ասաց Մերի Խաչատրյանը:
Նստացույցի մասնակիցները դարձյալ առաջարկեցին դադարեցնել շինարարությունը: Ռոբերտ Մելքոնյանն ասաց, որ եթե նրանք դուրս գան բուտիկի տարածքից, ապա ինքը բնապահպանների պահանջները «կներկայացնի վերադասին»:
Բայց բնապահպանները համոզված էին, որ եթե դուրս գան շինհրապարակից, այլևս ներս մտնել չեն կարողանա: Նրանք ասում էին, որ գտնվում են հանրային տարածքում:
«Մոտեցրեք ուժերը»,- ոստիկաններին հրահանգեց Ռոբերտ Մելքոնյանը: Բազմաթիվ ոստիկանների սպասում էին այգու խորքում:
Քիչ անց Կարեն Մովսիսյանը բարձրախոսով կարդաց ոստիկանությա զգուշացումը, որում, մասնավորապես, ասվում էր. «Ձեր այսօրվա արարքը հակասում է «Խաղաղ հավաքների մասին» ՀՀ օրենքի դրույթներին: Եթե չլքեք շինհրապարակը սահմանած ժամկետներում, որը կսահմանենք մի քիչ ավելի ուշ, ապա դա կդիտվի որպես հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության օրենքով սահմանված պահանջները չկատարել: Հակառակ դեպքում ոստիկանությունը ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել ձեզ շինհրապարակից դուրս բերելու համար»:
Մի քանի րոպե անց ոստիկանությունը կրկնեց զգուշացումը և շինհրապարակը լքելու ու դրանից դուրս խաղաղ հավաքը շարունակելու ժամկետ սահմանեց 20 րոպեն:
«Քանի որ 10 օր շարունակ մեզ բանի տեղ չդրեցին, մեր օրինական պահանջը չլսեցին, այժմ մենք գտնվում ենք մեր օրենքով հատկացված հանրային կանաչ գոտում, որը ապօրինաբար բետոնապատվում է: Եվ պաշտպանելու ենք մինչև վերջ: Եվ մենք մեր հայրենի ոստիկանության հետ որևէ խնդիր չունենք: Մենք գիտենք, որ մեր պահանջը օրինական է, և ոստիկանությունը մեր հետ ընդհարման չի գնա»,- ի պատասխան՝ հայտարարեց Վահրամ Սողոմոնյանը:
Նա նշեց, որ այսօր իրենք քաղաքապետին են հանձնել գրություն՝ վերլուծելով քաղաքապետարանի ողջ իրավական փաթեթը, և արձանագրել են, որ Մաշտոցի այգում շինարարության թույլտվություն տալով՝ խախտվել են ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 22.1 հոդվածը, ոչ հիմանական շինությունների տեղադրման կարգը հաստատելու մասին կառավարության թիվ 896 որոշումը, քաղաքաշինության մասին, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին կառավարության թիվ 660 որոշումը և այլ «մանր-մունր հարցեր», չի անցկացվել բնապահպանական փորձաքննություն:
Ուստի, նստացույցի մասնակիցները Տարոն Մարգարյանից պահանջում են անհապաղ դադարեցնել Մաշտոցի այգում ողջ շինարարությունը և ապամոնտաժել արդեն իսկ կառուցված տաղավարները:
«Մեր հավաքը խաղաղ է: Եթե ոստիկանը միջամտեց, ապա դա կլինի հանցագործություն, անիրավական քայլ»,- հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ով այդ պահին ևս բուտիկի տարածքում էր:
Նա ասաց, որ կա միջազգային փորձ, որն ամրագրված է 2011թ. մայիսին ընդունված «Խաղաղ հավաքների մասին» օրենքում, որում հստակ գրված է, որ եթե նույնիսկ հավաքը արգելված է, բայց խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունը միջամտելու իրավունք չունի:
Դրանից հետո նստացույցի մասնակիցները սկսեցին բղավել «այգին մերն է», թմբուկ նվագել ու երգել: Մերի Խաչատրյանը նրանց խնդրեց դադարեցնել, քանի որ երաժշտությունը խանգարում է ծննդատանը: Ակցիայի մասնակիցները դադարեցրին երաժշտությունը:
Ոստիկանությունն արեց 3-րդ զգուշացումը: Բայց ակցիայի մասնակիցները մնացին շինհրապարակում:
Ոստիկանությունը ցանկացավ զրուցել ակցիայի կազմակերպիչների հետ, բայց բնապահպաններն ասացին, որ կազմակերպիչներ ու առաջնորդներ չունեն, և իրենք բոլորը գործում են հավասար սկզբունքներով:
Բուտիկի ներսում գտնվող ակտիվիստներին միացավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: Քիչ անց նա սկսեց բանակցել Ռոբերտ Մելքոնյանի և Կարեն Մովսիսյանի հետ:
«Թող քաղաքապետարանը շատ լուրջ հետևություններ անի էս ամեն ինչից ու իր ստորագրած փաստաթղթերից հետ կանգնի: Այս փաստաթղթերը օրինական չեն, ցավոք»,- ասաց Անահիտ Բախշյանը:
«Ժողովուրդ ջան, մի որևէ (ձեր բառերով, ընդունում եմ, ես չեմ կարող համակարծիք չլինել էս հասարակության հետ) անօրինականության դեմ պայքարելու ժամանակ չի կարելի շարք անօրինականությունների գնալ»,- ասաց Կարեն Մովսիսյանը:
Նա նշեց, որ «Հավաքների մասին» օրենքով չի թույլատրվում 6 ժամից ավելի հավաքներ անցկացնել, իսկ բնապահպան-ակտիվստները հավաքներ են արել ամեն օր՝ 16 ժամից ավելի:
«Դուք պատգամավոր եք, ես ձեր խոսքն եմ սպասում: Պայքարը մի դադարեցրեք, բայց ուղղորդենք ճիշտ, ասեք՝ եկեք կատարենք էն, ինչ ոստիկանները պահանջում են, որպեսզի ձեր հետագա գործողությունները ավելի արդարացվեն»,- Անահիտ Բախշյանին ասաց Կարեն Մովսիսյանը:
Քաղաքետարանն ընդունել է, որ այգում կառուցվող կրպակների մի մասը ապօրինի է, և այսօր դրանք ապամոնտաժվում էին: Անահիտ Բախշյանի խոսքերով՝ երիտասարդները բղավում էին, որ այգում ապօրինի կրպակներն են կառուցվում պեմզայի քարերով, ինչի իրավունքը չկա: Քաղաքապետը և գլխավոր ճարտարապետը դրան հավատացին միայն նկարները տեսնելուց հետո:
Պատգամավորը հարցումներ է ուղարկել քաղաքապետին, որոնց պատասխանելու համար պետք է մի քանի աշխատանքային օր: Իսկ այդ ընթացքում Մաշտոցի այգում կրպակները «կսարքեն, կվերջանա»: «Բայց էդ մեր հոգը չի, իրենց գրպանից է գնալու փողը, թող քանդեն»,- ասաց Անահիտ Բախշյանը:
«Հասեք ձեր լավ բարի նպատակին: Ձեր գեղեցիկ, սուրբ գաղափարին ոչ մեկ դեմ չի գնում, ոչ մի ոստիկան, ոչ մի պետական այր: Սակայն օրենքները չխախտելու ճանապահը պահեք: Ընդամենը դա ենք ասում, տիկին Բախշյան ջան»,- ասաց Կարեն Մովսիսյանը:
«Հա ջան»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Մերի Խաչատրյանն ասաց, որ երբ բացահայտ խախտման մասին է հայտարարվում, ոստիկանությունը պետք է զեկուցի պետական լիազոր մարմնին՝ բնապահպանական և քաղաքաշինական վարչություններին: Իսկ իրենք արդեն 5 օր սպասում են քաղաքաշինության նախարարի զեկուցագրին:
«Հիմա իրանց անօրինականությունը շարունակում եք ձե՞ր անօրինականությունով»,- հարցրին ոստիկանները:
Մերի Խաչատրյանն ասաց, որ իրենք Մաշտոցի այգում ապօրինի կառուցապատման հարցով դիմելու են նախագահին, որ նա որոշում կայացնի:
Նստացույցի մասնակիցներն ասում էին, որ քաղաքացին, երկար տարիներ չիմանալով օրենքը, հանդուրժել է ապօրինություններ, բայց այժմ չի հանդուրժում:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել