HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վահագն Աբգարյանի և նրան ուղեկցող անձանց վրա կրակոցների գործով տուժող Արթուր Մնացականյանը հոգեբանորեն պատրաստ չէր ցուցմունք տալ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, այսօր շարունակվեց 2017 թվականին Վահագն Աբգարյանի և նրան ուղեկցող անձանց դեմ մահափորձի և ուղեկցողներից Գագիկ Մոսինյանի սպանության դեպքի առթիվ քրեական գործի քննությունը:

Այսօրվա դատական նիստին դատարան էր ներկայացել տուժող Արթուր Մնացականյանն, ով հայտնի է «Արկո» անունով:  Վերջինս Ալավերդցի Վահագնի մանկության ընկերն է, Կամո Փիրուզյանի սպանության գործով առանցքային վկա:  2017-ին Երեւանում՝ Թուֆենկյան հյուրանոցի դիմաց հնչած կրակոցների ժամանակ Մնացականյանը եղել է Աբգարյանի հետ:

Այսօր դատարանը ցանկանում էր սահմանել ապացույցների այնպիսի հաջորդականություն, որ հնարավոր լիներ հարցաքննել Մնացականյանին, սակայն նրա ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը հայտնեց, որ տուժողը պատրաստ չէ ցուցմունք տալ:

«Ինքն այսօր կարող է չէ՞ վերջապես երկու տարի հետո տեսնել այն մարդկանց, ովքեր պատրաստ էին իրեն սպանել, և միայն պատահմամբ կյանքից չի զրկվել: Այսինքն՝ մարդու հոգեվիճակն էլ է ինձ համար հասկանալի: Իր դիմաց նստած են մարդիկ, ովքեր կյանքից զրկել են իր մտերիմ ընկերոջը, ծանր վիրավորել են մյուս ընկերոջը, և այս պահին ինքը կարող էր այստեղ նստած չլինել, որովհետև մտադրություն ունեին նաև կյանքից զրկել իրեն: Այս պահին ես հասկանում եմ նրա հոգեվիճակը: Պետք է մարդկանց տալ ժամանակ և թույլ տալ տրամադրվել: Հեշտ չէ սպանության փորձ կատարած ենթադրյալ մարդասպանի աչքերին նայել և ցուցմունք տալ»,- ասաց Մարինա Պողոսյանը:

Արթուր Մնացականյանը հաստատեց, որ պատրաստ չէ ցուցմունք տալ, հայտեց, որ աշխատանքի բերումով մեկնելու է ՌԴ, և նոյեմբերին կվերադառնա ու կներկայանա դատարան: Դատարանը նման պայմաններում որոշեց հետազոտել գործում առկա ապացույցները:

Նշենք, որ Արթուր Մնացականյանը առանցքային վկա է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործով: Նա նախաքննության ընթացքում Կամո Փիրուզյանի սպանության  մեջ մեղադրվող ընկերոջ՝ Վահագն Աբգարյանի դեմ ցուցունք է տվել, սակայն օրեր առաջ հրաժարվել է ցուցմունքից ու հայտարարել թե Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի ճնշումների տակ է ընկերոջ դեմ տեղեկություններ հայտնել:

Այսօրվա դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանն ընթերցեց գործով ամբաստանյալների մեղադրանքը:

«Ալբերտ Բլբուլյանին և Արմեն Կարադավիդովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որն նրանց, խմբի կազմում երկու և ավել անձանց` Վահագն Աբգարյանին, նրան ուղեկցող Գագիկ Մոսինյանին, Արթուր Մնացականյանին, Արամ  Խաչատրյանին և Դավիթ Բուդաղյանին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի համար վտանգավոր եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած, պահած և կրած ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով լիցքավորված հրազեն հանդիսացող ատրճանակից կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ և սպանել Գագիկ Մոսինյանին, իսկ Վահագն Աբգարյանին, Արթուր Մնացականյանին, Դավիթ Բուդաղլյանին և Արամ Խաչատրյանին կյանքից ապօրինաբար զրկելու հանցավոր մտադրությունը խմբի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ արձակված կրակոցները Արթուր Մնացականյանին, Դավիթ Բուդաղլյանին և Արամ Խաչատրյանին չեն դիպել, իսկ հրազենային վնասվածքներ ստացած Վահագն Աբգարյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և ստացել անհրաժեշտ բուժօգնությունը»:

Մասնավորապես, ըստ գործի նյութերի 2017 թվականի ընթացքում Արմեն Կարադավիդովն ու Ալբերտ Բլբուլյանը  համաձայնության են եկել վրեժի շարժառիթով Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանին և նրան ուղեկցող վերը նշված անձանց սպանելու վերաբերյալ: Նախնական համաձայնություն է ձեռք բերվել նաև Ռաֆիկ Խաչատրյանի հետ իրենց հանցավոր դիտավորությունն իրականացնելու ընթացքում վերջինիս վարած ավտոմեքենայում իրենց  հրազեններն ու ռազմամթերքը հանցանքի կատարման վայր տեղափոխելու և սպանության ընթացքում առաջացող  հնարավոր խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակելու շուրջ:

Այս նպատակով, ըստ մեղադրանքի, Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանը չպարզված հանգամանքում ձեռք են բերել և Երևանում վարձակալած իրենց բնակարանում պահել ինքնաձիգ, սպորտային վարժական նշանակության ատրճանակ և փամփուշտներ: Ռաֆիկ Խաչատրյանի անվամբ վարձակալել են նաև օրավարձով ավտոմեքենա:

Ըստ մեղադրանքի,  Բլբուլյանն ու Կարադավիդովը, հաստատապես տեղյակ լինելով, որ Վահագն Աբգարյանն ու նրան ուղեկցող անձինք ժամանել են Երևան և գտնվում են Թուֆենկյան հյուրանոցում, 2017 թվականի սեպտեմբերի 14-ին Ռաֆիկ Խաչատրյանի վարած մեքենայով եկել են այնտեղ: Ըստ մեղադրանքի` հյուրանոցի մերձակայքում շրջելուց, տարածքն ուսումնասիրելուց և սպանության կատարման համար հնարավորինս հարմար վայր ընտրելուց և ավտոմեքենան կայանատեղիում կայանելուց հետո Արմեն Կարադավիդովը և Արմեն Բլբուլյանը ավտոմեքենայի սրահի ետնամասում զինված դարանակալել և սպասել են  Վահագն Աբգարյանին և նրա ընկերներին: Ժամը 13:26-ի սահմաններում, նկատելով, որ իրենց սպասած անձինք դուրս են գալիս հյուրանոցից` Կարադավիդովն ու Բլբուլյանն, ըստ մեղադրանքի,  դուրս են եկել ավտոմեքենայից և բազաթիվ կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ:

Այդ ընթացքում, ըստ քրեական գործի նյութերի, Ռաֆիկ Խաչատրյանը դուրս է եկել իր վարած մեքենայից և կրակոցներ արձակող անձանց քանակի վերաբերյալ կեղծ տպավորություն ստեղծելու և այդպիսով հնարավոր դիմադրությունը բացառելու նպատակով խմբի անդամների կողմից կրակոցներ արձակելուց անմիջապես հետո իր մոտ եղած ատրճանակն ուղղել է գետնին ընկած Աբգարյանի և նրան ուղեկցող անձանց ուղղությամբ, բայց չի կրակել, ապա խմբի անդամների հետ դիմել է փախուստի: Մոսինյանը մահացել է, իսկ Վահագն Աբգարյանին պատճառվել է ծանր մարմնական վնասի հատկանիշ պարունակող մարմնական վնասվածքներ:

Արմեն Կարադավիդովը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց, իսկ Ալբերտ Բլբուլյանը հայտնեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Նշենք, որ Ռաֆիկ Խաչատրյանն, ում անունը շոշափվում է Կարադավիովի և Բլբուլյանի մեղադրանքում, գործով մեղադրյալի կարգավիճակ է ունեցել և գտնվել կալանքի տակ, սակայն վերջինս քրեակատարողական հիմնարկում մահացել է, ուստի նրա նկատմամբ քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցվել է:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, և հաջորդը նշանակվեց նոյեմբերի 22-ին:

Լուսանկարում՝ ձախից՝ Արթուր Մնացականյանը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։