
Բանակից խուսափելու պատճառով քրեական հետապնդման ենթարկված անձանց վերաբերյալ նախագիծն «ակտիվ քննարկման փուլում է»
Զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով քրեական հետապնդման մեջ գտնվող անձանց կարգավիճակի վերաբերյալ նախագիծը շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկման փուլում է:
Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Հիշեցնենք, որ դեռևս հունիսին գրել էինք այն մասին, որ վարչապետի հանձնարարականով պաշտպանության նախարարությունը օրենսդրական նախագիծ է մշակում, որը վերաբերում է բանակից խուսափելու պատճառով քրեական հետախուզման մեջ գտնվող անձանց:
«Աշխատում ենք ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի հետ (նկատի ունի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը, հեղ.), նաև ներգրավված է ԱԺ գիտության, կրթության, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովը: Ակտիվ քննարկման փուլում ենք, որոշակի լուծումներ արդեն ունենք, բայց մանրամասներ չեմ կարող ասել, քանի որ հնարավոր է փաստաթղթի վերաբերյալ իմ հնչեցրածը հիմք ընդունվի, և հասարակության մոտ ոչ իրականանալի ակնկալիքներ առաջանան: Դրա համար ձեռնպահ կմնամ մանրամասներից: Երբ ամբողջական լինի նախագիծը, այն կդրվի շրջանառության մեջ, և բոլորը կտեսնեն, բայց կան որոշ մոտեցումներ, որոնք համաձայնեցման կարիք ունեն»,- ասաց Բալայանը:
Հիշեցնենք, որ գործող իրավակարգավորմամբ, եթե զորակոչի ենթակա քաղաքացին արտերկրում գտնվելու պատճառով չի ներկայացել զինկոմիսարիատ և խուսափել է զինվորական ծառայությունից, ապա նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Վերջինս Հայաստան վերադառնալու համար պարտավոր է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը և այդ կերպ ազատվել քրեական հետապնդումից, սակայն խնդիրն այն է, որ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի գործողության ժամկետը տարածվում է մինչ այս տարվա դեկտեմբերի 31-ը, և անորոշ է, թե ինչ է սպասվում այն քաղաքացիներին, որոնք հետախուզման մեջ են բանակից խուսափելու պատճառով և ցանկանում են Հայաստան վերադառնալ:
Մեր հարցին, թե երբ նախագիծը կներկայացվի հանրությանը, փոխնախարարն արձագանքեց, որ դա կախված է այն հանգամանքից, թե շահագրգիռ գերատեսչությունները երբ համաձայնության կգան վիճարելի հարցերի շուրջ:
«Բացի խորհրդարանից շահագրգիռ գերատեսչությունները մի քանիսն են, որոնց հետ խորհրդակցում ենք, համաձայնեցման ենթակա դեռ շատ հարցեր կան, որոնք բավական ծավալուն են»,- ասաց Բալայանը՝ հավելելով, որ նախորդ շաբաթ ևս քննարկումներ են ունեցել այս հարցով:
Մեր դիտարկմանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքներում ներգրավված է նաև ԱԺ գիտության, կրթության հարցերի հանձնաժողովը հնարավո՞ր է որպես լուծում քննարկվի նաև Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած տարիների առաջարկը, որ բանակից խուսափելու պատճառով քրեական հետախուզման մեջ գտնվող անձինք ռազմաարդյունաբերական համալիրին արտերկրից ծառայություն մատուցեն և ազատվեն քրեական պատասխանատվությունից, Տիգրան Բալայանն ասաց.
«Այո՛, այդ տարբերակն էլ է քննարկման առարկա, դրա իրագործման կառուցակարգերի վրա էլ ենք աշխատում, չենք ուզում օրենքի այնպիսի դրույթ ունենանք, որի կիրառումը խնդիր առաջացնի: Վարչապետի հանձնարարականը վերաբերում է նաև այդ տարբերակը քննարկելուն, մենք արդարության, սոցիալական արդարության, քաղաքացիության սկզբունքները պետք է պահենք: Քանի որ աննախադեպ առաջարկ է, դրա համար են քննարկումները երկար տևում»:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ քրեական հետախուզման մեջ է 12 հազար 698 քաղաքացի, նրանցից 10 հազար 741-ը հետախուզվում է Քրեական օրենսգրքի 327 հոդվածի՝ զինվորական ծառայությունից խուսափելու հատկանիշներով:
Մեկնաբանել