HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետի հանձնարարականով՝ ՊՆ-ն նախագիծ է մշակում՝ բանակից խուսափած անձանց քրեական հետապնդման հարցով

Պաշտպանության նախարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով օրենսդրական նախաձեռնություն է մշակում՝ զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով քրեական հետապնդման մեջ գտնվող անձանց կարգավիճակի վերաբերյալ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց վարչապետ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Դեռևս 2016 թվականին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բավականին քննադատել էր գործող կառավարությանը իրական ռազմաարդյունաբերություն չունենալու համար, և այդ կոնտեքստում անդրադարձել բանակից խուսափելու համար հետախուզվող անձանց խնդրին։

Փաշինյանը տարբերակ էր առաջարկել, որ վերջիններս կարող են իրենց տեխնոլոգիական գիտելիքներով նպաստել ռաազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը և կատարելով կամավոր աշխատանք՝ ազատվել քրեական հետապնդումից։ Ըստ Փաշինյանի՝ նրանք դա կարող էին իրականացնել նույնիսկ առանց Հայաստան գալու՝ համակարգչի դիմաց։

Այս պահին գործող՝ բանակից խուսափելու պատճառով քրեական հետապնդումից ազատվելու օրենսդրական լուծումն իշխող ուժի գնահատմամբ ժամանակավոր լուծում է, և որոշ ժամանակ անց այդ քաղաքացիները կրկին կանգնելու են փաստի առաջ։

Ուստի մենք դիմել էինք և՛ Պաշտպանության նախարարություն, և՛ վարչապետի մամուլի քարտուղարին՝ փորձելով հասկանալ, թե խնդրի առնչությամբ ինչ քայլեր են արվում։

Հետաքրքրվել էինք, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս տարիներ առաջ ներկայացրած մոդելն այժմ հնարավո՞ր է՝ իրականություն դառնա, և բանակից խուսափելու մեջ մեղադրվող անձինք ռազմաարդյունաբերական համալիրին կամավորական աշխատանք մատուցելով՝ ազատվեն քրեական պատասխանատվությունից։

Եւ եթե չլինի նման մոդել, և օրինակ երկարաձգվի «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը, որքանո՞վ արդարացի մոտեցում կլինի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր չեն կարող վճարել սահմանված տուրքի դրույքաչափը և ազատվել քրեական պատասխանատվությունից։

ՊՆ-ից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ նախարարությունում և գլխավոր շտաբում այս առումով հայեցակարգային քննարկումներ են ընթանում։

«Խոսքը գնում է օրենքով սահմանված զինվորական ծառայության բովանդակության և ժամկետների փոփոխության մասին՝ հաշվի առնելով զորակոչի ենթակա անձի կրթությունը, առողջական վիճակը, զբաղվող գործունեության ոլորտը և այլն։ Տվյալ պարագայում խնդիրը բազմաշերտ է, և համակողմանի քննարկման առարկա, քանի որ հարաբերությունները պետք է կարգավորվեն այնպես, որպեսզի տարբեր ժամկետներով նախատեսվող պարտադիր զինվորական ծառայության բովանդակությունները հիմնավորված լինեն և սահմանվեն հստակ, ամրագրված լինեն դրանց իրականացման մեխանիզմները»,- ասված է պատասխանում։

Նախարարությունից հիշեցրել են նաև, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը գործում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ ՊՆ-ն չի դիտարկում ժամկետը փոփոխելու նախաձեռնությամբ հանդես գալու կամ նախաձեռնությանը հավանություն տալու գործընթաց։

 

Ինչո՞ւ է առաջացել խնդիրը

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքով սահմանվում է, որ այն զինապարտ քաղաքացիները, որոնք օրենքով  նախատեսված կարգով չեն ներկայացել զինկոմիսարիատներ՝ խուսափելով զորակոչից, Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո պետք է վճարեն օրենքով նախատեսված համապատասխան տուրքի գումարը կամ ենթարկվեն քրեական պատասխանատվության։

Օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2019 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված 27, պահեստազորի սպաների դեպքում՝ 35 տարին լրացած, կամ մինչև 27 (35) տարին լրանալը օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած այն քաղաքացիների վրա, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում: Օրենքի գործողության ժամկետը տարածվում է մինչ այս տարվա դեկտեմբերի 31-ը։

Այս օրենքի գործողության ժամկետը պարբերաբար երկարացվել է։ Նախորդ խորհրդարանական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, ՊՆ-ի հետ համատեղ օրենքում փոփոխություն կատարեց 2017 թվականին՝ վստահեցնելով, որ սա վերջին փոփոխությունն է։ Այդ ժամանակ ոչ միայն օրենքի գործողության ժամկետը երկարաձգվեց, այլև կրկնապատկվեց քրեական հետապնդումը դադարեցնելու համար վճարվող գումարի չափը։ Եթե նախկինում յուրաքանչյուր խուսափած զորակոչի համար քաղաքացին վճարում էր նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, ապա 2017-ին այն դարձավ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով։

Եւ օրինակ, եթե զորակոչի ենթակա քաղաքացին չի ներկայացել զինկոմիսարիատ 18  զորակոչ՝ 9 տարի, ապա յուրաքանչյուր բաց թողնված զորակոչի համար նա պարտավոր է վճարել 3 միլիոն 600 հազար դրամ։ Թյուրընկալումներից խուսափելու համար նկատենք, որ նման դեպքերում որպես նվազագույն աշխատավարձ է հաշվարկվում 1000 դրամը։

Եւ չնայած այս օրենքում փոփոխությունը նշվում էր որպես վերջինը, սակայն փոփոխություն կատարվեց նաև յոթերորդ գումարման խորհրդարանում։ Այս անգամ փոփոխության հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էր, որն այս հարցում ստացավ գործադիրւ հավանությունը։ Եւ օրենքի գործողության ժամկետը երկարաձվեց մինչև այս տարվա դեկտեմբերի 31։

Սակայն խորհրդարանական քննարկումները փաստեցին, որ սա խնդրի լուծման որպես  ժամանակավոր լուծում է դիտարկվում, քանի որ իրենք չեն պատրաստվում անդադար այս օրենքի գործողության ժամկետը երկարաձգել։ Մյուս կողմում էլ ՀՀ քաղաքացիներն են, որոնք բանակից խուսափելու պատճառով, շատ դեպքերում ոչ իրենց մեղքով, քանի որ դեռ մանկահասակ տարիքից ընտանիքով արտերկիր են տեղափոխվել, չեն կարողանում վերադառնալ հայրենիք։

Այս քննարկումներից պարզ դարձավ, որ միայն  2016-2017 թվականներին 625 անձ 795 միլիոն դրամի չափով գումար է վճարել՝ խուսափած զորակոչերի համար։

Քննարկվեց նաև այն հարցը, որ հետախուզվողներից շատերը չեն կարողանում վերադառնալ հայրենիք այդքան գումար չունենալու պատճառով, ուստի խնդրին համապարփակ լուծում է պետք տալ։ Այս տարվա տվյալներով բանակից խուսափելու պատճառով քրեական հետապնդման է ենթարկվում ավելի քան տաս հազար ՀՀ քաղաքացի։

Այս խնդրին այս տարվա մարտին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վիեննայում՝ հայ համայնքի հետ հանդիպմանը։ Նա ասաց, որ խնդրի լուծման համար իր աշխատասենյակում մի քանի տարբերակ է քննարկվել։

«Հետախուզվողների 90 տոկոսը, նույնիսկ հնարավոր է 95 տոկոսը, հետախուզվում են ժամկետային զինծառայությունից խուսափելու հոդվածով։ Խնդիրը նաև հետևալն է՝ մենք որպես պետություն, որը հակամարտության մեջ է ներգրավված, պետք է շատ զգուշ լինենք, որ սխալ ուղերձ չհղենք և սխալ վերաբերմունք չցուցաբերենք այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր որոշել են գնալ ու ծառայել ԶՈՒ-ում։ Մենք պետք է գտնենք մեր սիրելի հայրենակիցների, մեր եղբայրների հետ կարգավորման ինչ-որ ձև։ Կան դեպքեր, երբ մարդիկ չուզենալով են այդ իրավիճակում  հայտնվել, երբ ինչ-որ տարիքում անկախ իրենց կամքից հայտնվել են ինչ-որ իրավիճակում։ Մենք պնդիր ունենք ոչ միայն լուծել այն, այլ որ բոլորս համոզված լինենք, որ ճիշտ լուծում տվեցինք»,-ասել էր Փաշինյանը։

Լուսանկարը՝ Mil.am-ի։

Մեկնաբանություններ (1)

ՆԱՐԵԿ
ճատ ճիշտ որոշում ա բանակից խուսափելու համար երկիրը լքած քաղաքացի երին հետախուզմամբ հետ բերել ։ Բայց ոնց հասկանում եմ ետ ետքան էլ լիարժեք չի ստացվում որովհետեվ շատ շատերը դեռեվս վայելում են իրենց կյանքը արտերկրում զինվորական պարտքը վսներին ։ ես կարող եմ տրամադրել նրանցից մեկի տվյալները օգնելով ձեզ այսինքն մեր երկրին ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter