HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Զորակոչից խուսափած անձանց քրեական հետապնդումը դադարեցնելու և օրենքի ժամկետը երկարացնելու նախաձեռնությունը՝ կրկին խորհրդարանում

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու և օրենքի գործողության ժամկետը երկարացնելու նախաձեռնությունը: Նախագծի հեղինակներն առաջարկում են, որ օրենքի գործողության ոլորտն ընդգրկի մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը, և տարածվի այդ ընթացքում «Զինապարտության մասին» օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաների դեպքում՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած այն քաղաքացիների վրա, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում:

Նախագծի հեղինակները փոփոխությամբ ակնկալում են, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում վճարել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և, վերադառնալով հայրենիք՝ ազատվել քրեական հետապնդումից:

Հիշեցնենք, որ այս օրենքում փոփոխություն կատարելու որոշումը կառավարությունը կատարել էր դեռ նոյեմբերի 8-ին՝ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի նախաձեռնությանը դրական եզրակացություն տալով, սակայն նախագիծը չէր ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգ:

Այս օրենքում փոփոխություն կատարելը նախորդ խորհրդարանի ամենավիճահարույց նախագծերից էր: Օրենքում փոփոխությունը կատարվել էր խորհրդարանական 3 խմբակցությունների մի շարք պատգամավորների համահեղինակությամբ, իսկ նախագծի հարակից զեկուցող, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը վստահեցնում էր՝ օրենքում փոփոխությունը կատարվում է վերջին անգամ:

Վերջին փոփոխությամբ ավելացան նաև օրենքի շրջանակում ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ պետական բյուջե վճարելու տուրքի դրույքաչափերը, եթե մինչև 2015 թվականը մեկ զորակոչից խուսափելու համար քաղաքացին վճարում էր նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, ապա չզորակոչված յուրաքանչյուր զորակոչի դիմաց քաղաքացիներն այժմ վճարում են նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter