HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի ընդերքօգտագործո՞ւմ, թե՞ անտառի անփույթ կառավարում. ՀՅԴ-ական թեկնածուն ուզում է ընդլայնել Բյուրականում տուֆի հանքը

«Աշտարակ քարհանք» ԲԲԸ-ն ապօրինի հանքարդյունաբերական գործունեություն է ծավալում Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի անտառային տարածքում, քանի որ ընկերությունը Անտառային կոմիտեի հետ պայմանագիր չունի:

«Հետք»-ն արձանագրել է, որ «Աշտարակ քարհանք» ԲԲԸ-ն լայն թափով շարունակում է Բյուրականի տուֆի հանքավայրից արդյունահանում իրականացնել: Իսկ հանքավայրը գտնվում է Արագածոտնի անտառտնտեսության տարածքում:

Տուֆի քարհանքը շահագործող «Աշտարակ քարհանք» ԲԲԸ-ի խորհրդի նախագահը Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքում 2017թ. ԱԺ ընտրություններին առաջադրված պատգամավորի թեկնածու, ՀՅԴ անդամ, ուջանցի Գուրգեն Շահինյանն է: Վերջինիս կենսագրության համաձայն՝ 1991 թվականից Հայ հեղափոխական դաշնակցության անդամ է: 1993թաշխատանքի է անցել Աշտարակի քարհանքերի վարչությունում՝ որպես տնօրենի տեղակալ, իսկ 1995-ից մինչ օրս «Աշտարակի քարհանք» ԲԲԸ խորհրդի նախագահն է:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան` Անտառային կոմիտեն հայտնել է, որ «Աշտարակ քարհանք» ԲԲԸ-ի գործունեությանը հատկացված տարածքը «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի ներկայացրած տեղազննման արձանագրությամբ գտնվում է անտառային տարածքի սահմաններում: Ընկերությունը 2019թ. հունիսի 26-ի գրությամբ դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հողի նպատակային նշանակությունը փոխելու խնդրանքով, որը մերժվել է:

Իսկ մինչ այդ, պարզվում է, այլ գործողություններ են իրականացվել: Մասնավորապես, Անտառային կոմիտեն «Հետք»-ին հայտնել է, որ, հիմք ընդունելով գյուղատնտեսության նախարարի 2010թ. հոկտեմբերի 10-ի գրությունը (այդ ժամանակ գյուղնախարարը Գերասիմ Ալավերդյանն էր), «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Աշտարակ քարհանք» ԲԲԸ-ի միջև հոկտեմբերի 17-ին կնքվել է անտառային հողերի վարձակալության պայմանագիր:

Այդ պայմանագրի համաձայն՝ ընկերությանը «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքից օգտագործման է հանձնվել 10 հա հողատարածք՝ 7 տարի ժամկետով: Պայմանագրի վարձավճարի տարեկան չափ է սահմանվել 360 հազար դրամը: Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերին «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ղեկավարում էր ՀՅԴ անդամ Մարտուն Մաթևոսյանը, և նա է իր կուսակցին հանձնել 10 հա տարածքը:

Հողատարածքը տրամադրվել է հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման 2005թ. լիցենզիայի պայմանագրի, Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Կոնցեսիոն գործակալության լեռնահատկացման ակտի հիման վրա՝ տուֆի արդյունահանում իրականացնելու նպատակով:

Անտառային կոմիտեից հայտնել են, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ծագում են գույքի հետ կապված գործարքները գրանցելու պահից, իսկ չգրանցելու դեպքում գործարքը համարվում է անվավեր։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Աշտարակ քարհանք» ԲԲԸ-ի միջև կնքված և պետական գրանցում չստացած պայմանագիրը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի 2015թ. մարտի 27-ի «Մի շարք վարձակալական պայմանագրեր անվավեր ճանաչելու մասին» հրամանով համարվել է առոչինչ: 

Նշված հրամանով հանձնարարվել է նաև «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին՝ արգելել «Աշտարակ քարհանք» ԲԲԸ-ին անտառային տարածքի օգտագործումը, կազմել ապօրինի հողօգտագործման արձանագրություն և այն ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ անտառային տնտեսությանը պատճառված վնասը հաշվարկելու և հետագա անհրաժեշտ գործողություններ իրականացնելու նպատակով:

Մինչդեռ Արագածոտնի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Վռամ Աբրահամյանը արձանագրություն չի կազմել և չի դիմել Տեսչական մարմնին` անտառտնտեսությանը պատճառված վնասը հաշվարկելու նպատակով։ 

«Հետք»-ի հետ զրույցում Վռամ Աբրահամյանն ասաց, որ արձանագրություն չի կազմել, քանի որ հանքը շահագործող ԲԲԸ-ից իրեն ասել են, թե կդիմեն դատարան, արձանագրությունն առոչինչ կճանաչեն, մի բան էլ ավել՝ տույժ-տուգանքները կպահանջեն անտառտնտեսությունից։

«Աշտարակ քարհանք» ԲԲԸ-ն ընդերքօգտագործման իրավունք ունի մինչև 2064թ.-ն: Բյուրականի տուֆի հանքավայրը գտնվում է Ամբերդ գետի տարածքում: Համաձայն ՇՄԱԳ փորձաքննության եզրակացության՝ տրամադրվող տեղամասը 17,4 հա է: Սակայն, շահագործողներն այդ տարածքը վաղուց գերազանցել են: 

Google Earth-ի միջոցով մեր չափումները ցույց են տալիս, որ միայն 10 հա տարածքի վրա բուն հանքարդյունահանումն է իրականացվում: Իսկ շուրջ 30 հա տարածք զբաղեցնում է հանքավայրն իր ենթակառուցվածքներով:

Ընկերության գործունեության տարածքի վերաբերյալ արդեն իսկ երեք պետական գերատեսչություն տարբեր տվյալներ է տրամադրում՝ 10, 17,4 և 25, ինչը նշանակում է, որ «Աշտարակ քարհանք» ԲԲԸ-ն երբևէ վերահսկողության չի ենթարկվել, հստակ չի քարտեզագրվել տարածքը, և տարիներ շարունակ անօրինական կերպով անտառային տարածքներ է շահագործել:

«Աշտարակ քարհանք» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Գուրգեն Շահինյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ այս խառնաշփոթի մեղավորը «Հայանտառ»-ն է: Առաջին` Բնապահպանության նախարարությունը փորձաքննել և դրական եզրակացություն է տվել իրենց նախագծին, որտեղ այդ տարածքի մասին նշված է եղել, իսկ հիմա ասում է՝ մի շահագործեք այդ տարածքը:

«Տալիս է փորձաքննական դրական եզրակացություն, հետևից ասում` մի շահագործի, որովհետև անտառային հող է»,- նշում է Գուրգեն Շահինյանը:

Երկրորդ` իրենք չգիտեն՝ ում հետ պետք է վարձակալության պայմանագիրը կնքեն, քանի որ նախարարությունը, իրենց գրությանն ի պատասխան, հայտնել է, որ լիազորություններ չունի այդ տարածքի նկատմամբ:

«Ես դիմում եմ գրել, ասել եմ՝ եկեք, ապացուցեք, որ սա ձեր հողն է: Էդտեղ անտառ չկա, ինչի մասին է խոսքը: Եթե իրենց հողն է, ինչի՞ իմ հետ վարձակալության պայմանագիր չի կնքում»,- ասում է Գուրգեն Շահինյանը:

Ընկերությունն այժմ դիմել է Բյուրական համայնքին՝ պայմանագիր կնքելու համար:

«Հիմա մենք շահագործում ենք համայնքի հողը, անտառային տարածքի հողի հետ առայժմ բան չենք անում, սպասում ենք պատասխանին, որ տան էդ կարգավիճակը՝ իրավունք ունենք շահագործելու, թե չէ»,- նշում է Գ. Շահինյանը:

Բացի խնդրահարույց տարածքից, ևս 10 հա Բյուրական համայնքի տարածքից են վերցրել: Այս պահին, ըստ Շահինյանի, շահագործում իրականացնում են 3-4 հա-ի վրա: Արագածոտնի մարզպետարանից ստացված գրության համաձայն` ընկերությունը հանքարդյունաբերական գործունեությունն իրականացնում է շուրջ 25 հա անտառային տարածքում, իսկ Բյուրական համայնքից հանքին հող տրամադրելու մասին որևէ նշում չկա։

Այս ամենից զատ, Գուրգեն Շահինյանը հայց է ներկայացրել դատարանին: Նա չցանկացավ, որ մենք կապ հաստատենք իր փաստաբանի հետ՝ հայցին առնչվող մանրամասներ ճշտելու համար: Ասաց, որ վիճարկում են «Հայանտառի» արձանագրությունը, ինչպես նաև` դրամական փոխհատուցում են պահանջել այդ տարածքի պատճառով անցած 4 տարիներին իրենց կրած վնասների համար:

Գուրգեն Շահինյանը նաև նշում է, որ կրած վնասների մեջ չի հաշվարկում հավելյալ 40-50 աշխատողներին, որոնք կարող էին ընդգրկված լինել հանքավայրի աշխատանքներում և աշխատավարձ ստանալ: Մինչդեռ 1000 դրամները հաշվառող՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքի տվյալներով` «Աշտարակ Քարհանք» ԲԲԸ-ն 2017թ. առավելագույնը 6 աշխատակից է ունեցել, իսկ 2018-2019թթ.` առավելագույնը 25 աշխատող, այն էլ՝ որոշ ամիսների:

Համաձայն փորձաքննության եզրակացության՝ ընկերությունը պարտավորվել է մասնակցել համայնքի զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերին ֆինանսական ներդրումներով՝ տարեկան 250 հազար դրամի չափով: Արագածոտնի մարզպետարանից ստացված գրության համաձայն` ընկերությունը նշված չափով օգնությունը ցուցաբերում է Բյուրականի բուժամբուլատորիային, սոցիալապես անապահով ընտանիքներին, ինչպես նաև աջակցում է համայնքի մանկապարտեզին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter