HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

««WhatsApp»-ի պարագան ժողովրդի համբերության բաժակի վերջին կաթիլը դարձավ». Լիբանանում ցույցերը շարունակվում են

Լիբանանում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը: Տասնյակ հազարավոր քաղաքացիներ փակել են մայրաքաղաք Բեյրութի հիմնական փողոցները: Փակ են բանկերը, դպրոցներն ու մեծ խանութները:

Դժգոհության ալիքի բարձրացման ազդակ է դարձել հոկտեմբերի 17-ին Լիբանանի կառավարության որոշումը «WhatsApp» հավելվածի զանգերը վճարովի դարձնելու մասին: Ու թեեւ նույն օրը հազարավոր քաղաքացիների դժգոհությունը մեղմելու համար հեռահաղորդակցության նախարար Մուհամեդ Շուքեյրը հայտնել է որոշումը չեղարկելու մասին, ցույցերի ալիքն ավելի է ուժգնացել: Ցուցարարները դժգոհություն են հայտնել կառավարության հարկային քաղաքականությունից, համաձայն որի՝ նախատեսվում է հարկերի բարձրացում: Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը:

Լիբանանում լույս տեսնող «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում նշել է, որ «WhatsApp»-ի պարագան ժողովրդի համբերության բաժակի վերջին կաթիլը դարձավ: Ըստ նրա՝ իրադարձություններին նախորդող ժամանակահատվածի տնտեսական սուր տագնապը բողոքի պարարտ հող էր ստեղծել՝ լիբանանյան ֆունտի արժեզրկումը, պետության կուտակած պարտքերը եւ այլն: Ս. Հակոբյանն ասում է, որ Լիբանանի ընդհանուր պարտքը (արտաքին եւ ներքին) կազմում է շուրջ 90 միլիարդ դոլար:

Ցույցերին նախորդող շաբաթներին կառավարությունն սկսել էր քննարկել հաջորդ տարվա բյուջեի նախագիծը եւ հայտարարել մի շարք ապրանքների վրա (վառելանյութ, ծխախոտ եւ այլն) հարկերի բարձրացման մասին: «Հետքի» զրուցակիցն ասում է, որ հոկտեմբերի 17-ին կառավարությունը պետք է կազմած լիներ նոր բյուջեի նախագիծը, ինչից հետո այն պետք է ներկայացներ խորհրդարանի քվեարկությանը: Սակայն նախագիծը խորհրդարան չեն հասցրել ուղարկել, քանի որ նախարարներից մեկը գաղափար էր հայտնել «WhatsApp»-ի հարկման մասին: Հակոբյանի խոսքով՝ նախարարը հաշվի չէր առել, որ դա լիբանանյան ծառայություն չէ, եւ ուրիշի ծառայությունը չէին կարող վաճառել:

«Մի քիչ անհեթեթ է ասել, որ այս ամենը «WhatsApp»-ի պատճառով էր, ոչ, այս ամենը տարիների կուտակում էր: Ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ մեղադրելով կառավարությանը վերջին 30 տարվա գործունեության համար»,- նշում է «Զարթոնքի» գլխավոր խմբագիրը:

Ըստ վերջինիս՝ շատ կարեւոր է այն հանգամանքը, որ ցույցերն առաջնորդ չունեն, եւ առաջնորդը «Ֆեյսբուք» սոցիալական կայքն է: «Լիբանանում ընդդիմության պարագլուխ չկա: Լիբանանը համայնքային երկիր է, եւ ի տարբերություն Հայաստանի ժողովրդի, ժողովուրդը միատարր չէ, բոլորը նույն մշակութային կամ կրոնական ենթահողը չունեն: Յուրաքանչյուր համայնք ունի իր համայնքապետը, նույնիսկ Լիբանանի իշխանության մեջ գտնվող քաղաքական կուսակցությունները համայնքային են: Սա այս շարժման տկարություն է: Ամեն մարդ ամեն ինչ կպահանջի, եւ եթե փողոցում կանգնեցնես 10 հոգու, ապա 10-ն էլ տարբեր պահանջներ կներկայացնեն, սակայն դժգոհությունը հստակ է. բոլորը դժգոհ են իշխող վերնախավից»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ բողոքի ալիքը մեղմելու համար վարչապետ Սաադ Հարիրին ուրբաթ երեկոյան 72 ժամ է խնդրել ժողովրդից՝ կառավարության անդամների հետ քննարկումների եւ լուծումներ ներկայացնելու համար: «Բայց ժողովուրդը հավատը կորցրել է այն իմաստով, որ ասում է՝ 30 տարվա մեջ լուծում չգտնողը 72 ժամվա մեջ ի՞նչ լուծում պետք է գտնի»,- նկատում է Ս. Հակոբյանը: Այսօր երեկոյան լրանում է վարչապետի նշած ժամկետը:

«Հետքի» զրուցակիցն ասում է, թե հնարավոր է՝ լուծումները պոպուլիստական բնույթի լինեն, գուցե հայտարարեն, որ հարկերը չեն բարձրացվելու, ինչ-որ ապրանքատեսակների գներ կիջեցնեն կամ նախարարների աշխատավարձերը կկրճատեն, սակայն միեւնույն ժամանակ ժողովրդի հոգեբանական գործոնը հաշվի կառնեն՝ ենթադրելով, որ կհոգնի փողոցներում, իսկ այդ դեպքում գուցե արդեն բանակը միջամտի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Բեյրութի փողոցներ են բերվել բանակի ստորաբաժանումներ, որոնք ձայնային նռնակներ են կիրառել ցուցարարների հանդեպ:

Հոկտեմբերի 19-ին երկրի փոխվարչապետն ու քրիստոնեական «Լիբանանյան ուժեր» կուսակցության 3 նախարարները հրաժարական են ներկայացրել, ինչը, Ս. Հակոբյանի խոսքով, նոր զարգացում էր: Նույն օրը մուսուլմանական «Հզբոլլահ» կուսակցության ղեկավարն իր հայտարարության մեջ հայտնել է, որ գործող կառավարությունը պետք է մնա: «Սա լուրջ խնդիր է երկու իմաստով: Եթե քրիստոնյա խմբակցություններից մեկը հետ քաշվի կառավարությունից, եւ կառավարությունը մնա, կնշանակի, որ կառավարությունը պետք է մնա «Հզբոլլահի» քմահաճույքով առաջնորդվող, ինչպես թռչունը վանդակի մեջ: Իսկ իրական իշխողը կլինի «Հզբոլլահը»: Դա առիթ կարող է տալ Արեւմուտքին, ԱՄՆ-ին՝ որոշ պատժամիջոցներ սահմանելու համար, քանի որ, նրանց կողմից ահաբեկիչ որակված կուսակցությունն իշխանությունն իր ձեռքում կպահի»,- մեկնաբանում է մեր զրուցակիցը:

Այսօր երեկոյան կառավարությունը, ըստ իր խոստացած ժամկետի, պետք է հայտարարի երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու ուղիների մասին:

Լիբանանում բողոքի ակցիաներին մասնակցում են նաեւ հայ համայնքի ներկայացուցիչները: Նրանցից Սեւակ Թասլակյանը «Հետքի» հետ զրույցում նշել է, որ հայերը մասնակցում են բողոքի ցույցերին, ինչպես բոլոր լիբանանցիները, եւ տվյալ դեպքում հատուկ հայկական շահեր չկան: Թասլակյանի կարծիքով՝ բողոքի նվազագույն պատճառ դարձավ «WhatsApp»-ի հարկման լուրը, բայց ցույցերը բոլոր «փտածությունների» դեմ են:

Գլխավոր լուսանկարը՝ Reuters/Omar Ibrahim

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter