
Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը
Ազգային անվտանգության ծառայությունը դատարան միջնորդություն է ներկայացրել ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, այս պահին քննում է միջնորդությունը:
Պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու մեջ մեղադրվող նախկին նախարարն անազատության մեջ է օգոստոսի 27-ից: Դատարանի որոշման համաձայն՝ նա կալանավորվել էր երկու ամիս ժամկետով, այսինքն՝ օրեր անց լրանալու է անազատության մեջ գտնվելու ժամկետը, և Խաչատրյանը կամ պետք է ազատ արձակվի, կամ երկարացվի կալանքի ժամկետը:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը օգոստոսի 27-ին խուզարկություններ է իրականացրել Խաչատրյանի և նրա հետ կապված անձանց, այդ թվում՝ եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանին պատկանող տարածքներում, նույն օրը Խաչատրյանները ձերբակալվել են:
ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի՝ ՊԵԿ նախագահ եղած ժամանակ այդ կառույցում տեղի ունեցած ենթադրյալ չարաշահումներին:
Խաչատրյանին վերագրվում է 200 մլն դրամից ավելի գումարի յուրացում: Թեև նա մեղադրանքը չի ընդունում, ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը փոխանցվել է ԱԱԾ դեպոզիտ հաշվին:
Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ փոխանցումն ընդամենը հավաստումն է այն բանի, որ Խաչատրյանը պատշաճ վարքագիծ է դրսևորում, ու եթե անգամ քննությամբ հաստատվի նրան վերագրվող արարքն, արդեն իսկ առկա է երաշխիք այն մասին, որ հանցագործությամբ պատճառված վնասը կարող է փոխհատուցվել:
Խաչատրյանի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում ևս քրեական գործ է եղել, որը միացվել է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործին: Այս պահին այս երկու գործերը քննվում են մեկ վարույթում:
Մեկնաբանել