HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես թուլացնել գյուղացու կախումն անտառից. վարչապետի խորհրդականն ու Տավուշի մարզպետն իրենց պատկերացումներն ունեն

Բնակչի կախումն անտառից թուլացնելու առումով ամենաարագ արդյունքը արևային էներգիան կտա:

Այս կարծիքին է համայնքների զարգացման գծով վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը: Նա այսօր Ամերիկյան համալսարանում Հանուն անտառների գագաթնաժողովի բանախոսներից մեկն էր եւ մասնակցում էր գյուղական համայնքներում էներգիայի պահանջարկի, աղքատության և անտառների պահպանման հարցերի վերաբերյալ քննարկմանը:

Հարցադրմանը, թե ինչպես առաջընթաց արձանագրել այս ուղղություններով, վարչապետի խորհրդականի մոտեցումը հստակ էր` շատ մարդիկ արդեն փորձել և տեսել են, որ արևային էներգիան լավ լուծում է, որին արագորեն պետք է զարկ տալ:

Ռոբերտ Ղուկասյանը, որը քաջատեղյակ է գյուղացիների հոգսերից, կարծում է, որ այս ֆոնի վրա, երբ որոշում է կայացվել տնկել միլիոնավոր ծառեր, շատ լավ կինի, որ դրանք տնկեն հենց համայնքների բնակիչները: Դա կարևոր է նաև հոգեբանական տեսակետից՝ «իրենք հատել են, իրենք էլ տնկելու են այդ ծառերը»:

«Եթե սա չարեցինք, ապա բնակչությանը կդարձնենք անտառի թշնամին, պետք  է այնպես արվի, որ համայնքի բնակչությունն ինքնակամ ուզենա պահպանել անտառը»,- նշում է Ռոբերտ Ղուկասյանը:

Հակառակ դեպքում, ըստ բանախոսի, հնարավոր են դիտավորյալ հատումներ, ինչու չէ՝ նաև հրդեհներ:

Ռոբերտ Ղուկասյանը պատմեց, որ շփվել է վեց մարզերի գյուղական համայնքների հետ և հասկանում է, որ մարդիկ դեռ նոր են կտրվել անտառը հատելու միջոցով իրենց ընտանիքները պահելու տրամադրությունից, և շատ դժվար է այդ մարդկանց հետ ուրիշ լեզվով խոսել:

Երկար տարիներ այդ բնակավայրերի մարդիկ օգտագործել են շինափայտը կամ վառելափայտը, սակայն հիմա ստեղծվել է իրավիճակ, երբ մարդիկ չգիտեն ինչ անեն, ինչպես հոգան իրենց ձմեռվա վառելիքի հարցը:

Բանախոսը, սակայն, համոզված է, որ դրանում մեղավոր է համակարգը, որ ստեղծել է այդ միջավայրը:

«Խնդիրները բազմաթիվ են, և, բնականաբար, լուծումներն էլ հեշտ չեն լինելու»,- ասում է Ռոբերտ Ղուկասյանը:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, որը նույնպես մասնակցում էր քննարկմանը, այս հարցադրումը քաղաքական դաշտում չի դիտարկում, այլ ավելի շատ ադմինիստրատիվ` պետության կամ կառավարության տեսանկյունից: Այսինքն` խնդիրները պետք է համակարգային լուծվեն:

«Մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ մի մշակույթ է, որը պիտի փոխվի: Այսօր շատ ու շատ այլ հարցերում մարդկանց մեջ այդ փոփոխությունները չեն կատարվել: Դրա համար պետք է համակարգերը փոխվեն: Պետք է ֆիքսենք, որ անտառը չի կարող լուծել ջեռուցման խնդիր, որովհետև այդ ռեսուրսը բավարար չէ»,- նշեց մարզպետ Չոբանյանը:

Տավուշի մարզպետի կարծիքով՝ գյուղացիների ջեռուցման խնդիրը չի լուծվում, քանի որ այն ավելի շատ սոցիալական է, քան տնտեսական, որովհետև այդ ընտանիքների եկամուտը չի բավարարում քաղաքակիրթ ձևով այն լուծելուն:

Ավելին, պետք է լինեն տների կառուցման չափանիշներ, քաղաքաշինական նորմեր, որպեսզի տուն սարքելուն զուգահեռ գազ քաշելու հաջորդականության միտքը վերանա:

«Այսօր Կիրանց գյուղում տուն է կառուցվում, որտեղ չեն պահպանվում շինարարական նորմերը: Ու բոլոր ոլորտներում է այդպես, մենք ունենք համակարգերի ստեղծման խնդիր: Երբ այդ համակարգերը ստեղծվեն, պայմանները դրվեն, ամեն բան կփոխվի»,- կարծում է Հայկ Չոբանյանը:

Եվ բոլոր խնդիրների լուծման ճանապարհը, ըստ մարզպետի, համակարգային միջամտությունների և համակարգերի ձևավորման մեջ է:

Էներգիայի խնայողության հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանն անդրադարձավ փայտի պահանջարկի նվազեցմանը` նշելով, որ մարդիկ գազը որպես ջեռուցման թանկ համակարգ են դիտարկում, դրա համար նույնիսկ գազիֆիկացված համայնքները վերադառնում են վառելափայտի օգտագործմանը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գյուղերում բնակչության 72 տոկոսը վառելափայտն օգտագործում է որպես առաջնային վառելիք:

Աստղինե Պասոյանը նշում է, որ վառելափայտի այրումը հանցագործություն չէ, քանի որ արտանետումներն ավելի ցածր են, այլ հարց է, որ դա անտառային փայտն է, որը Հայաստանի անտառներից է հատվում:

Վերլուծելով շղթան` փայտը կտրելուց մինչև տուն հասցնելը, այրվելը, ջերմության ՕԳԳ-ի և գյուղացիական տների ոչ ջերմամեկուսացվածությունը և այլ գործոնները, Աստղինե Պասոյանը նկատում է, որ էներգիայի կորուստը հսկայական է: Լուծումներից մեկը կարող է լինել արևային էներգիան, որը գյուղացու համար թանկ է: Բայց այստեղ էլ մտավախություն կա, որ արևային էներգետիկան կզբաղեցնի հողատարածքները, որը ևս տարիներ անց կարող է խնդիր առաջացնել հողերը չօգտագործելու և գյուղատնտեսությանը խոչընդոտելու տեսանկյունից:

Այդ իսկ պատճառով Աստղինե Պասոյանը կարծում է, որ պետք է կրթել` գիտելիք, հմտություն և մեխանիզմներ ներդնել, իրազեկվածությունը բարձրացնել, որ «ցանկացած կին, որը կարող է իր ձեռքում դռելը պահել, կարողանա ջերմամեկուսացնել իր տունը»:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ Սամվել Թամոյանն էլ կարծում է, որ ժամանակակից աշխարհում էներգտիկան, գյուղատնտեսությունը և բնապահպանությունն այլևս առանձին ոլորտներ չեն և փոխկապակցված են իրար: Սակայն, Հայաստանն այլևս շահագործելու անտառներ չունի, քանի որ մեր անտառները բնապահպանական են:

Բնության հաաշխարհային հիմնադրամի (WWF) անտառագետ Արթուր Ալավերդյանն անդրադարձավ անտառտնկմանը: Իր փորձից ելնելով` նա նշեց, որ անտառի հետ յուրաքանչյուր գործընթաց շատ արգասաբեր է համայնքի համար: Այն համայնքներում, որտեղ անտառտնկման աշխատանքներ են իրականացրել, արտագնա աշխատանքի գնացողների թիվը կտրուկ նվազել է 70 %-ով:

«Պետք է գիտակցենք, թե ինչ է տալու անտառը համայնքին: Այդ արգասիքները պետք է ծրագրված լինեն, օրինակ՝ պտղատու տեսակները նոր անտառային տարածքներ ստեղծելուց կարող են լրացուցիչ եկամտի աղբյուր դառնալ այդ համայնքի համար»,- նշեց հիմնադրամի անտառագետը:

Նա շեշտեց, որ անտառի երկարատև պլանավորում է անհրաժեշտ: Անտառային ոլորտը պետք է գոնե մեկ տասնամյակի համար կանխատեսելի լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter