
Գագիկ Խաչատրյանի կալանքի գործով նիստը հետաձգվել է, նրա եղբորորդու գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, այսօր հետաձգել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու գործով դատական նիստը: ԱԱԾ-ի միջնորդության քննությունը կշարունակվի վաղը` հոկտեմբերի 23-ին: Դատարանի մեկ այլ դատավոր` Ռոբերտ Պապոյանն այսօր քննել է ԱԱԾ-ի միջնորդությունը` Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Այս գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ`որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը: Մեզ հետ զրույցում Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը նշեց, որ դատարանում քննության առարկա է դարձել նաև իրենց ներկայացրած միջնորդությունը` Խաչատրյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ:
Կարեն Խաչատրյանը նախկինում աշխատել է ՊԵԿ-ում, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը նրան և հորեղբորը՝ Գագիկ Խաչատրյանին ձերբակալել է օգոստոսի 27-ին: ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու, իսկ Գագիկ Խաչատրյանին՝ նույն արարքի, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածներով: Հատկանշական է, որ Գագիկ և Կարեն Խաչատրյանների կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունները քննում են առաջին ատյանի դատարանի նույն դատավորները, որոնք նրանց կալանավորելու որոշումներն են կայացրել:
Մասնավորապես՝ Գագիկ Խաչատրյանը շուրջ երկու ամիս առաջ կալանավորվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի, իսկ Կարեն Խաչատրյանը՝ Ռոբերտ Պապոյանի որոշմամբ:
Քրեական գործը, որով Խաչատրյանները մեղադրյալի կարգավիճակ ունեն, առնչվում է Գագիկ Խաչատրյանի՝ ՊԵԿ նախագահ եղած ժամանակաշրջանում շուրջ 210 մլն դրամ գումար վատնելուն:
Լուսանկարում՝ ձախից Գագիկ Խարատրյանը, Կարեն Խաչատրյանը
Մեկնաբանել