
Արսեն Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը չի ընդունում իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին այսօր դատարանի դիմաց գտնվող լրագրողներին ասաց Բաբայանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը:
Այսօր՝ ժամը 18:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, նշանակված էր Բաբայանի ձերբակալման դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունը: Այս նույն ժամանակաշրջանում, սակայն, Հատուկ քննչական ծառայությունը Բաբայանի մասնակցությամբ քննչական գործողություն էր իրականացնում, մասնավորապես՝ նրան մեղադրանք էր առաջադրում: Քիչ ուշ պարզվեց, որ այսօր ձերբակալման դեմ բողոքը չի քննվելու, թեև, պաշտպանների պնդմամբ, դատարանը պարտավոր էր քննել և 24 ժամվա ընթացքում որոշում կայացնել:
«24 ժամն արդեն անցել է, նիստ չի եղել, Արսեն Բաբայանին դատարան չեն ներկայացրել։ Դատավորը պետք է հանձնարարեր վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել կասկածյալին, ինչը չի արվել: Հավանաբար, դատարանը վարույթն իրականացնող մարմնի հետ կապի արդյունքում իմացել է, որ կալանքի միջնորդություն պետք է քննվի, նիստը նշանակել են վաղը, որ օրենքի խախտմամբ այդ երկու հարցը լուծեն»,- ասաց Երվանդ Վարոսյանը:
Պաշտպանը նշեց, որ Բաբայանի ձերբակալման դեմ բողոքի քննությունը նշանակվել է վաղը՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 17:40-ին: Նա նաև նշեց, որ իր պրակտիկայի ընթացքում առաջին անգամ չի կարող իրավական գնահատական տալ առաջադրված տեքստին:
«Մեղադրանքն Արսեն Բաբայանի հետ առնչություն չունի, առնչություն ունի ՀՀ Սահմանադրական դատարանի և այն պրոցեսի հետ, որն այսօր կատարվում է Սահմանադրական դատարանի շուրջ: Ես` որպես իրավաբան, իրավական գնահատական այդ առաջադրված տեքստին տալ չեմ կարող»,- ասաց փաստաբանը:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ԱԺ աշխատակիցներից մեկը Բաբայանի դեմ ցուցմունք է տվել: Երվանդ Վարոսյանը նշեց, որ որևէ անձ իր պաշտպանյալի դեմ ցուցմունք չի տվել:
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է երեկ՝ հոկտեմբերի 21-ին՝ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով: Բաբայանի ձերբակալման մասին լուրից հետո իրավական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ բարձրաձայնեցին այն մասին, որ արարքի վրա, որը կատարելու մեջ Բաբայանը կասկածվում է, համաներում է տարածվում: ՀՔԾ-ն այժմ նրան վերագրում է ավելի խիստ արարք, որի վարույթը համաներմամբ կարճման ենթակա չէ:
Մեկնաբանել