
ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնների համար սահմանվող պահանջների նախագիծն ուղարկվեց գրավոր առաջարկների փուլ
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքի նախագիծը, որով խմբակցությունն առաջարկում է օրենքով ամրագրել, որ ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին ներկայացվելու են պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:
Խորհրդարանը եկավ այն եզրակացության, որ նախագիծն ուղարկվելու է գրավոր առաջարկների ստացման փուլ: Այդ որոշումն ընդունվեց 113 կողմ ձայնով:
Հիշեցնենք, որ նախորդ օրը նախագծի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ սկզբունքորեն իրենք կողմ են նախագծի բովանդակությանը, սակայն առաջարկեց նախագծին այս տեսքով դեմ քվեարկել, ապա լրամշակել:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համաձայնեց այս առաջարկին:
Հիշեցնենք, որ այս պահին թե’ ոստիկանապետը և թե’ ԱԱԾ տնօրենը ժամանակավոր պաշտոնակատարներ են, և չի բացառվում, որ վարչապետը սպասում է այս նախագծի փոփոխություններին` ոստիկանապետ և ԱԱԾ տնօրեն նշանակելու համար:
Մեկնաբանել