HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ԼՀԿ-ն առաջարկում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնների համար սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները

Խորհրդարանը քննարկում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարել քաղաքական պաշտոն և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար ևս սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Նախագծի հիմնական զեկուցող, պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ խորհրդարանական երկրների կառավարման համակարգի տրամաբանությունից է բխում, որ ազգային անվտանգության և ոստիկանական մարմինների ղեկավարների առջև դրվող պահանջները պետք է հավասարեցված լինեն պատգամավորների առջև դրված չափանիշներին:

Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Գործող օրենսդրությամբ ազգային անվտանգության ծառայության տնօրեն կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:

Ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ պետության ղեկավարը կաշկանդված է այս ուժային կառույցների ղեկավարների պաշտոնում նշանակել նույն համակարգում ծառայություն անցած անձանց շրջանակից, ինչը բացարձակապես անընդունելի կարգավորում է:

«Հաշվի առնելով անցումային և հետհեղափոխական հասարակությունների առանձնահատկությունները, երբ հասարակարգը և քաղաքաական միջավայրը ինչ-որ առումներով փոփոխությունների են ենթարկվում, նոր ձևավորված քաղաքական իշխանությունը հնարավորություն չի ունենում իր վստահությունը վայելող անձանց նշանակել այդ կարևորագույն պաշտոններում: Մենք առաջարկում ենք քաղաքական իշխանությանը ազատել այս կաշկանդվածությունից»,- նշեց Տարոն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելուց առաջ զբաղեցնում էր ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը, իսկ Վալերիյ Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնը ստանձնելուց առաջ Երևանի փոխոստիկանապետն էր:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց ԼՀԿ պատգամավորից, թե այս փոփոխություններով չի՞ քանդվի հաստատված պաշտոնների համակարգը և քաղաքական պաշտոնների հիերարխիան: Հարցին Տարոն Սիմոնյանը բացասական պատասխան տվեց:

«Իրականում չենք քանդում, պարզապես ընդգծում ենք՝ քանի որ ըստ էության այս մարմինները կառավարության կազմում են գտնվում, մենք առաջարկում ենք չափանիշները հավասարեցնել կառավարության անդամի չափանիշներին, բայց քանի որ կառավարության կառուցվածքի օրենքը նշված պաշտոններին չի տալիս կառավարության անդամի կարգավիճակ, հետևաբար քանդելու ոչինչ չունենք»,- ասաց պատգամավորը:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ նշեց, որ առաջարկվող նախագիծը ավելի շատ բխում է քաղաքական իշխանության շահերից և զարմանքով հայտնեց, որ նախագիծը հակասում է ԼՀԿ-ի փոխզսպող մեխանիզմների և հակակշիռների մասին հայտարարություններին: Արձագանքելով Արտակ Մանուկյանի խոսքին՝ Տարոն Սիմոնյանը նշեց.

«Եթե Ազգային անվտանգության ծառայությունը լիներ այնպիսի սահմանադրական մարմին, ինչպիսին օրինակ՝ գլխավոր դատախազությունն է, ես նրա ղեկավարի համար այլ չափանիշներ կառանձնացնեի: Բայց քանի որ այսօրվա օրենքով և Սահմանադրությամբ այդ մարմինը կառավարության կազմում է, հենց դա է անտրամաբանական, որ չի կարելի այդ մարմինը մտցնել կառավարության կազմի մեջ՝ նրա ղեկավարի առջև դնելով այլ չափորոշիչներ»:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ նշեց, որ չէր սպասում, թե ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառաջարկեր այս նախագիծը, որին հանձնաժողովն արդեն իսկ դրական եզրակացություն է տվել:

Նախագծի հարակից զեկուցող, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն էլ ասաց, որ կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի նախագծի դեմ:

Լուսանկարում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter