
Անհաջող ելույթներից հետո Հայաստանի ընտրանին նահանջել է
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հոկտեմբեր ամսվա վարկանիշային ցուցակը: Հայաստանի ընտրանին սեպտեմբերի համեմատ նահանջել է 3 հորիզոնական ու հայտնվել 99-րդ տեղում, որը կիսում է Պաղեստինի ընտրանու հետ: Նվազել են նաեւ մեր հավաքականի հաշվարկային միավորները՝ 1242-ից դառնալով 1226: Այս նահանջը հետեւանք է հոկտեմբերյան անհաջող ելույթների, որոնցում մեր թիմը նախ 1-1 խաղաց Լիխտենշտայնի հետ, ապա 0-3 հաշվով պարտվեց Ֆինլանդիային:
Համաշխարհային դասակարգման առաջատարը շարունակում է մնալ Բելգիան, հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Ուրուգվայը, Պորտուգալիան, Խորվաթիան, Իսպանիան, Արգենտինան, Կոլումբիան:
«Եվրո-2020»-ի ընտրական 10-րդ խմբում Հայաստանի մրցակիցներից Իտալիան պահպանել է 15-րդ հորիզոնականը, Բոսնիա եւ Հերցեգովինան 2 տեղ նահանջել է ու հիմա 48-րդն է, Ֆինլանդիան 55-րդն է (-1), Հունաստանը՝ 58-րդը (+2), Լիխտենշտայնը՝ 181-րդը (+1):
Նախկին խորհրդային հանրապետություններից լավագույն արդյունքն ունի Ուկրաինան (22), հաջորդում են Ռուսաստանը (37), Ուզբեկստանը (85), Բելառուսը (86), Վրաստանը (90), Ղրղըզստանը (94): Մյուսներն ավելի ցածր հորիզոնականներում են:
Հայաստանի հարեւաններից Իրանը 27-րդն է, Թուրքիան՝ 32-րդը, Վրաստանը՝ 90-րդը, Ադրբեջանը՝ 111-րդը:
Հաջորդ աղյուսակը կհրապարակվի նոյեմբերի 28-ին:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել