
Հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.1%-ով. գյուղոլորտի անկումը շարունակվում է
Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 7.1 %-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Աճը գրանցվել է ի հաշիվ ծառայությունների, առևտրի, արդյունաբերության և շինարարության։ Իսկ գյուղատնտեսության ոլորտի անկումը շարունակվել է։
Մասնավորապես, ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից (ՀՀ ՎԿ), արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա առաջին ինն ամիսներին ընթացիկ գներով կազմել է 1 տրլն 444 մլրդ դրամ՝ 2018 թվականի նույն ամիսների համեմատ ավելանալով 9.7 %-ով։
Շինարարության ծավալը հունվար-օգոստոսին կազմել է 251.8 մլրդ դրամ՝ աճելով 4.4 %-ով։
Առևտրաշրջանառությունը 2 տրլն 278 մլրդ դրամ է, աճը՝ 8.8 %:
Ծառայությունների ծավալը կազմել է 1 տրլն 477 մլրդ դրամ՝ ավելանալով 15.5 %-ով։
Այս անգամ հրապարակվել է նաև գյուղատնտեսության ցուցանիշը, որը ՎԿ-ն ներկայացնում է եռամսյակային պարբերականությամբ։ Հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 574.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 4.8 %-ով։
Իսկ միայն սեպտեմբերին, 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ, ՏԱՑ-ի աճը կազմել է 7.5 %: Օգոստոսին գրանցված 12-ամսյա աճի համեմատ (7.6 %) այն որոշակիորեն թուլացել է։
Մեկնաբանել