
Դատախազությունը հրաժարվեց ՔԿ Էրեբունու քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին արդարացնելու դատավճռի դեմ բողոքից
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, դատավորներ Ալեքսանդր Ազարյանի և Նարինե Հովակիմյանի, այսօր նշանակված էր Քննչական կոմիտեի Էրեբունու քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Բունիաթ Եղիազարյանին արդարացնելու դատավճռի դեմ բողոքի քննությունը: Նիստի մեկնարկին, սակայն դատախազ Արա Մնացականյանը հայտնեց, որ դատախազությունը հրաժարվում է Եղիազարյանին արդարացնելու առաջին ատյանի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքից:
Նախագահող դատավոր Մհեր Արղամանյանը նշեց, որ նման պայմաններում վերաքննիչ վարույթը պետք է կարճվի, որոշումը կողմերին կտրամադրվի լրացուցիչ:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Բունիաթ Եղիազարյանին արդարացրել էր 2019 թվականի հուլիսի 16-ի դատավճռով, որի դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել:
Եղիազարյանի մեղադրանքը վերաբերում էր քննիչ Միքայել Զադոյանի հետ քաղաքացի Բաբկեն Գասպարյանից կաշառք վերցնելուն:
Գասպարյանը ԱԱԾ-ում հաղորդում է տվել այն մասին, որ որդու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով 3000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել Էրեբունու քննչական բաժնում: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել հաղորդում ներկայացրած Բաբկեն Գասպարյանին, փաստաբան Գայանե Գալոյանին, Էրեբունու քննչական բաժնի քննիչ Միքայել Զադոյանին, որը եղել է Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի գործով քննիչը, ու Բունիաթ Եղիազարյանին, որը, ինչպես արդեն նշեցինք, եղել է Էրեբունու քննչական բաժնի պետի տեղակալը:
Բունիաթ Եղիազարյանի գործը քննվել է Միքայել Զադոյանի, Բաբկեն Գասպարյանի և Գայանե Գալոյանի գործից առանձին:
Կաշառքի գործով մեղադրյալի կարգավիճակ ստանալուց հետո Բունիաթ Եղիազարյանի լիազորությունները կասեցվել են: Եթե նրա վերաբերյալ արդարացման դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ, նա իրավունք կունենա շարունակելու աշխատանքը Քննչական կոմիտեում:
Նշենք, որ Միքայել Զադոյանի, Գայանե Գալոյանի և Բաբկեն Գասպարյանի վերաբերյալ գործի քննությունն առաջին ատյանի դատարանում ևս ավարտվել է:
Դատարանը Միքայել Զադոյանին մեղավոր է ճանաչել կաշառք ստանալու մեջ ու դատապարտել 7 տարի ազատազրկման:
Փաստաբան Գայանե Գալոյանը մեղավոր է ճանաչվել կաշառքի միջնորդության, իսկ Բաբկեն Գասպարյանը՝ կաշառք տալու մեջ: Միքայել Զադոյանն ու Գայանե Գալոյանը իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել:
Մեկնաբանել