HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ես Նոստրադամուսը չեմ, վստահ եմ, որ ազնիվ եմ». Սեդրակ Առուստամյանը չգիտի, թե դատարանն ինչ որոշում կկայացնի իր վերաբերյալ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու, որը կհրապարակվի հոկտեմբերի 28-ին: Այս մասին նիստի ավարտից հետո ասաց Առուստամյանի փաստաբան Դավիթ Մանթաշյանը:

Լրագրողների մի քանի հարցերին պատասխանեց նաև Սեդրակ Առուստամյանը: Հարցին՝ Առուստամյանի կանխատեսմամբ դատարանն ի՞նչ որոշում կկայացնի, Առուստամյանը պատասխանեց. «Ես Նոստրադամուսը չեմ, վստահ եմ, որ ազնիվ եմ, ոչ մի հանցագործություն չեմ գործել, ու վստահ եմ, որ դատարանը ճիշտ որոշում կընդունի»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Առուստամյանն իր հետ տեղի ունեցող իրադարձությունների մեջ ենթատեքստ չի՞ տեսնում:

«Ես քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել»,- ասաց նա:

Այսօր Առուստամյանը դատարան էր եկել ձեռնափայտով, ասաց, որ պատճառն ոտքի վիրահատությունն է:

Սեդրակ Առուստամյանը, հիշեցնենք, մեղադրյալ է «Հյուսիս-Հարավի գործով»: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ:

Խոսքը փողերի լվացման, խոշոր չափով հարկերից խուսափելու և կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու կամ այդ հանցավոր արարքների կատարումը կազմակերպելու մասին է:

Քննչական կոմիտեն մեկ ամիս առաջ նրան մեղադրանք էր առաջադրել և կալանավորելու միջնորդություն ներկայացրել: Դատարանը, սակայն, որոշել էր նրան 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Այս որոշումը դատախազությունը բողոքարկել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter