HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էսքիզներ դիմանկարների համար. Ֆելիքս Գուլանյան

1990 թվականն էր անպակաս էր Ղարաբաղից եկող տղաների մահվան բոթը։ Համաժողովրդական շարժման օրե օր կազմակերպվող և նոր հուն մտնող ընթացքը։ Ժողովրդի միահամուռ պահվածքն ու ընդվզումը շարունակվում էր և հանկարծ․․․ մահացել է Ֆելիքս Գուլանյանը։ Չեմ հիշում՝ ո՞վ գուժեց այդ թանկ մարդու մահվան բոթը, «Մոսկվա» կինոթատրոնի մերձակայքում էի, ակամա ուզում էի շշնջալ «ամենավերջի՛ն, Գյումրվա ամենավերջի՛ն ֆայտոնչին էլ լքեց աշխարհը» «Հեղնար աղբյուր»ի ուստա Մկրտիչի պես ուզում էի ասել՝ «Ըբը կյանքդ զուր անցավ»։

Ֆելիքս Գուլանյանի կյանքը զուր չանցավ, չնայած միայն 53 տարեկան էր, ստալինյան անագորույն տարիների ծնունդ, գյումրեցու ավյունով, հստակ ու ինքն իրեն պարզաբանող, վերհսկող նկարագրով, խոհեմությամբ, Աստծո շռայլած տաղանդով, օրինակելի-զարմացնող, լռակյացության պահերին նաև ստեղծագործ կեցվածքով․․․

Ծանոթացել էինք տարիներ առաջ «Սովետական գրող»-ի միջանցքում, հրատարակչության գլխավոր նկարիչն էր։ Բանաստեղծների, գրողների երազած նկարիչը։ Տեքստերը կարդում էր, չհավանելու դեպքում հրաժարվում ձևավորել ներշնչվելուխնդիրը առաջնային էր համարում։ Բայց կար մարդկային պահը, մերժել գիտեր, մի քիչ հումորով, ոչ նեղսրտած։ Հասկանում էին անխոս, չէին ստիպում, ինչ որ անկարելի էր նրա պարագային։

Գեղանկարչությանը երբեմն կարոտում էր, բազմազբաղությունը թույլ չէր տալիս։ Այդպիսին էր չգրված օրենքը՝ գեղարվեստական ձևավորումը իրավ գեղանկարչության, գեղանկարչի համար «վնաստաբեր» էր համարվում։ Ինքը նույնպես այս կարծիքին էր։ Հաճախ ենք խոսել՝ ճեմելով հրատարակչության միջանցքում կամ սրճարանում և գրեթե միշտ պատահաբար էինք հանդիպում։ Բայց մեր զրույցը անհրաժեշտ էր գոնե ինձ համար։Ցանկանում, բայց ամաչում էի գոնե գծանկարներս ցույց տալ, կարծիքն իմանալ։ Հիմա նույն կերպ կվերաբերվեի։ Մի տեսակ երկյուղածություն կար, ոչ կեղծ ամոթխածություն։ Երվանդ Քոչարով էի տարված, երբեմն Քոչարից էր խոսում՝ անպատմելի համակրանքով ահավասիկ, իր կիրթ լինելու բազում ապացույցներից։

Ինձ ավելին էր հետաքրքրում ստեղծագործական խոհանո՞ց, թե՞ նախատրամադրվածություն աշխատելուց առաջ և ողջ ընթացքում։ Հատկապես Խաչիկ Դաշտենցի «Ֆայտոնչի Ալեքը» ձևավորելիս։ Ամիսներ շարունակ Ժան Էլոյանի ընթերցումի հմայքով տարված է ձևավորել։ Շքեղ կոլորիտով դրվագյալ այդ գեղանկարչական կառույցի ամեն մի շնչեղ բեկոր, մարդկային դեմքերի արտահայտություն այնպես խոսուն են ու տրամադրություն արթնացնող, որ դիտողը ակամա հայտնվում է այդ ոգեսնող միջավայրում և այնտեղից դժվարությամբ է դուրս գալիս՝  այդ ընթացքում իրեն քաղաքի ժամանակավոր բնակիչ  պատկերացնելովարվեստի հզոր ուժի թողած ազդեցության անզուգորդելի օրինակ։

Մի օր ասացի Լենինականում, մեր փողոցում երկու ֆայտոնչի էին ապրում՝ մշեցիներ Մադոն ու Աբեթը։ Պատմում էին, որ Ալեքպոլից հատուկ Կարս էին գնում Կարսա խորոված ուտելու»։ Ժպտաց «Լավ է, որ ըդոնց հոդը առել ես»։ Հետո ավելի լայնաժպիտ շարունակեց «Ֆայտոնչիների,  խորովածը նկատի չունիմ /ինձ հետ գյումրվա բարբառով էր խոսում /կարոտ առնելու, անցյալը վերհիշելու նրբերանգներ/, որովհետև շատ նրբամիտ, նրբազգաց գեղանկարիչ էր։ Չգիտեմ այժմ ու՞մ մոտ են պահպանվում նրա կտավները։ Մի քանիսը ցուցահանդեսներում տեսել եմ։ Տպավորությունս՝ չափազանց բծախնդիր բնավորությունը առկա էր, ինչպես գրքերի ձևավորումներում, առօրյայում՝ կոկիկությամբ տարբերվող։ Լռակյաց կոկիկությամբ, բայց ուշադիր շրջապատի, հատկապես իր ընկեր և իմ լավ բարեկամ գեղանկարիչ Կարեն Սմբատյանի նկատմամբ։

․․․Անցյալը ետ բերելու, նրանով շուրջառվելու փորձերս կարծես թե այնքան էլ ապարդյուն չեն։ Ինձ հաջողվում է, ինձ հույս եմ տալիս, մնում է անվերադարձ չգերվեմ հիշողություններից, որոնք  դարանակալում են։ Ոչ թե ստիպում իրենց հիշել, ես եմ ինձ ենթարկում նրանց հետ մտովի քայլելու, խորհելու կախարդանքին կախարդվածությանս «տևողությունը» տակավին անհայտ է։

Հիմա Ֆելիքս Գուլանյանն է ինձ շուրջառել՝ ցավոք իր անավարտ կենսագրությամբ այնքան տեսանելի են այն հեռավոր օրերը, ինչպես թեկուզ հենց այս պահը՝ ձեռքս ծխախոտին մեկնելու պես ու ծույլ հորանջող մոխրամանի պատկերը գրասեղանիս վրա մի տեսակ կուչ եկած, կարծես փողոցում մոլորյալ երեխա, որ տունդարձի ճամբան է ուզում հարցնել, բայց չգիտի հասցեն․․․ Ասացի՝ անավարտ կենսագրությամբ, բայց դա այդպես չէ, քանի որ  կենսագրությունն իր կտավներում է, կյանք առած ձևավորումներում՝ իր կերպարով, առաքինությամբ։

Ֆելիքս Գուլանյանի դիմանկարը այդպես էլ չգտա սոցիալական կայքերում, բայց ինձ ինչ որ տեղից նա «տեսնում է», հետամուտ է իմ հայացքին՝խարտիշագեղ, ոլորուն բեղերով Ֆելիքսը՝անդենական այն աշխարհում, կարսեցի պապերի հետ ․․․             

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter