HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Արսեն Գրիգորյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում դերասան, երգիչ, շոումեն Արսեն Գրիգորյանն է:

Արսեն Գրիգորյանը՝ ինքն իր մասին (երրորդ տարածությունում)

Արսեն Գրիգորյանը ծնվել է տանը։ Եկել է տատմերը, ով ընդունել է ծնունդը, իսկ այդ նույն ընթացքում կողքի սենյակում իրենից ավագ երեք երեխաները՝ երկու քույրներն ու եղբայրը սպասել են։ Ինքը չորրորդն էր․ ազգանունը դեռ դարեր առաջ որոշված, անունն էլ՝ ծնվելուց առաջ։ Մնացած ամեն բան ընթացել է այնպես, ինչպես կյանքն է․․․ Ծնողների ցանկությունը, որ ինքը բժիշկ կամ իրավաբան դառնա, փոխարինվեց մի մասնագիտությամբ, որի շնորհիվ ավելի շատ բան համադրելու հնարավորություն եղավ։

Հիշում է՝ երբ առաջին անգամ կարդաց Վահրամ Փափազյանի «Հետադարձ հայացքը», բացի ողջ բովանդակային ազդեցությունը, մի արտահայտություն կար, որ ֆիքսեց․ «Էական չէ, թե մարդը որտեղ է ծնվում․ էական է, թե ուր է գնում»։ Տարիների ընթացքում հասկացավ, որ տարածական հստակությունը ոչինչ է, ազատագրեց իրեն բոլոր տեսակի պայմանականություններից․․․

Զգայուն է, ազդեցիկ, բաց է ընդունելու նորը, մտածող է, բայց հաճախ գործում է իրավիճակի էմոցիոնալ ազդակներից։ Եթե կարծրացած մի բան կա, փորձում է ճկուն կերպով դուրս գալ լճացումից, ազատագրել իրեն հնարավոր պայմանական կրկնություններից։

Այդպես տարիներ շարունակ մեղր չկերավ, հետո մի օր փորձեց ու պարզեց, որ բնությունն է «ուտում»։

Հա՜․․․ Մտածեց, եթե չի կերել, ողջ կյանքում մեղրի համը չիմանալը անմտություն կլինի։ Այդպես ամեն չփորձված գործողություն հետո իրական հրաշքի պես է դառնում, ինչպես մեղրի դեպքում էր, երբ «բնության համն» զգաց։

Բնության ու մարդու ներդաշնակությունն առհասարակ կարեւորում է, բայց միեւնույն ժամանակ զարմացած է այն մարդկանց վրա, ովքեր ինտենսիվորեն անհանգիստ են բնության համար, բայց մարդուն չեղարկում են, չեն փայփայում, անգամ չեն նկատում։

Հիմա կասես, որ բնության մասին մտածողը հենց մարդու մասին է մտածում, բայց, երբ տեսնում եմ կենդանու համար անհանգստացող, ժամեր շարունակ ուշադրություն դարձնող մարդուն, որը փողոցում կարող է անուշադրության մատնել դիմացինին, զարմանում եմ, չեմ հասկանում։ Ես ինքս բնության նկատմամբ ունեմ առանձնահատուկ վերաբերմունք, կենդանիների նկատմամբ՝ առավել եւս, բայց չեմ հասկանում՝ ինչպես  կարող է բնությանը մոտ մարդն անտեսել մարդուն։ Մարդու հետ ունեցած հարաբերությունն ամենաթանկն եմ գնահատում։

Կես-կատակ, կես-լուրջ մի առիթով ասել էիր՝ եթե այֆոնն այդքան արագ է ափդեյթ լինում, մարդ արարածն ով է, որ ամեն օր աբդեյթ չլինի։ Այս սրընթաց արագության, անընդհատ փոփոխվող աշխարհում, որտեղ ափդեյթները տագնապալի են, տեղը կորցնելու վախ ունե՞ս։

Ժամանակի ընթացքում այնքան շոշափելի կորուստներ ես կրում, որ ներսդ արդեն սովորում է։ Այդ կորուստները մաս-մաս նաեւ հեռացնում կամ մոտեցնում են տեղին, հասկանում ես, որ պարզ արտահայտությունը, թե ոչինչ հավերժ չէ, շատ իրական ու շատ մոտ է ինձ, քեզ, բոլորիս։

Գիտես՝ հաճախ եմ բռնացնում ինձ այն մտքի վրա, որ երեկվա խորը էմոցիաս, ազդեցիկ գործողությունս, ապրումս, հաջորդ օրը կարող եմ անգամ չհիշել։ Հարցը միշտ կա․ ինչու երեկ այդպես վարվեցի, ինչու անհանգստացա, ինչու վախեցա, եւ, եթե զգացումներս ու էմոցիաներս այդքան խորն էին, այսօր ուր չքացան։

Դրա համար մեկը կասի, որ տեղդ կորցրել ես, մյուսը կասի՝ քեզ ես կորցրել, բայց դա ինձ այլեւս չի անհանգստացնում, որովհետեւ «շնչել-արտաշնչելու» տրամաբանության մեջ եմ։ Այս թվացյալ պարզ գործողությունը յուրահատուկ դադարի պահ է ստեղծում խոսելուց, գործելուց, անգամ որոշում կայացնելուց առաջ։

Իսկ միշտ հակառակի մասին եմ մտածել, տպավորություն է եղել, որ դադարը քեզ անհանգստացնում է։

Երբ հստակ գործողության մեջ չեմ, երբ կոնկրետ աշխատանք չեմ ստանձնել, ուրիշ դադարի զգացում է, որը հանգեցնում է վախի․ թվում է՝ լճանում եմ, դեգրադացվում․․․ Թեպետ հենց այդ նույն երկարատեւ դադարից հետո՝ գործելու հնարավորությունն իր հերթին ստիպում է հասկանալ, որ այդ դադարը պատահական չէր եւ ինչ-որ չափով անգամ անհրաժեշտ էր, որովհետեւ ժամանակակից արվեստագետի համար դադար գոյություն չունի․ դադար ասվածը պայմանական է։ Իմ դեպքում այդ դադարները թվացյալ են եւ նոր ստեղծագործության սկիզբն են դառնում։  

Եվ մեր քաղաքն էլ այդ իմաստով ինտենսիվ գործողություն է․ մեկ օրում կարող ես հաղթահարել ժամանակի վախը՝ դիմավորես կամ ճանապարհես ընկերոջդ, հյուրեր ընդունես, խաղաս, ապրես հնարավոր ամեն բան անծանոթի եւ ծանոթի ընկերակցությամբ։

Բայց արեւմուտք ես ձգտում։ Շատ ես խոսել դրսեւորվելու հնարավորության առավելությունների մասին։

Հատկապես առանձնացրել եմ Նյու-Յորքը, որտեղ ապրել եւ սովորել եմ, որովհետեւ այնտեղի ռիթմը խելահեղ է, բայց այդ ռիթմն էլ երկու տեսակի ազդեցություն ունի․ վախ կա դուրս մնալու, սղոցի բերանն ընկնելու ու մաղվելու, մյուս կողմից՝ այդ ռիթմի մեջ կարող ես ավելի ճկուն դարձնել միտքդ, փորձ կատարես աշխարհաքաղաքացի լինելու։ Այդտեղ աշխարհի հետ հարաբերությանդ ձեւը փոխվում է։

Բայց այսպես մտածում էի տարիներ առաջ․ հիմա հասկանում եմ, որ Երեւանն էլ իր արագությունն ու խելահեղ ռիթմն ունի։ Այո, այստեղ համարյա կինո չի նկարվում, բայց ոչ միայն այն պատճառով, որ տեխնիկական կամ ֆինանսական խնդիրեր կան, այլ այն պարզ իրականության հետեւանքով, որը կրում ենք․ մենք այստեղ անընդհատ «կինոյի» մեջ ենք, երբեմն կարող է թվալ, որ «ստեղծագործեցինք» օրն ու անցանք։

Հետաքրքիր է, որ լեզվական կառույցդ «թեպետ», «չնայած»-ի առատությամբ է աչքի ընկնում։ Օրինակները, որոնք որ առանձնացնում ես, անընդհատ համեմատականներ, զուգահեռներ մեջբերելու խնդրի առաջ են։ Սա վաղուց եմ նկատել ու ինձ միշտ թվացել է, որ այդպես լուծում ես մի այլ հարց եւսուզում ես ասել, որ «ինձ մի ընկալեք միայն կատակերգության մաս, ես հրաշալի կերպով գլուխ կհանեմ նաեւ դրամայից»․․․

Ինչ հետաքրքիր համեմատություն տարար․․․ Գիտե՞ս՝ ինձ միշտ զարմացրել է մեկ ռակուրսով նայելու մտայնությունը, թեպետ հասկանում եմ, որ մարդը սովոր է չշեղվել իր կոմֆորտ զոնայից։

Եթե իմ մասին կարծիք կա, որը հաստատվել է ինչ-որ իմաստով նաեւ իմ գործողությունների հետեւանքով, ուրեմն կարելի է եւ չմտածել մի քիչ այլ դիտանկյունից նայելու մասին։ Այն, որ ինձ ընկալում են որպես կատակերգական ժանրի դերասան, կոմֆորտ է ստեղծում, կարիք չկա հավելյալ ինֆորմացիայով ծանրաբեռնել ուղեղը, ռակուրսներ փոխել։

Ի վերջո հանդիսատեսը ընդունում է արտիստին այնպես, ինչպես զգում է․ իմ իրավունքն ու անելիքը չէ պիտակներ ու ու ժանրային առանձնահատկություններ կպցնել ոչ հանդիսատեսի, ոչ էլ առավել եւս իմ ստեղծագործությունների վրա։

Ներսի եւ դրսի գործողությունները շատ տարբեր են․ այն, ինչ երեւում եմ, էլի ես եմ, բայց այն, ինչ չի երեւում, նորից ինձնից է դուրս գալիս։ Կատարողական արվեստը 1+1=2 չի կարող լինել, եւ, ըստ երեւույթին, դրա հետ ունեցած առնչության ժամանակ պիտի պատրաստ լինես անհավանական արդյունքների բախվելուն, ընդունելուն, որ այն, ինչ քեզ համար հաստատուն էր, հաջորդ օրը կարող է բեկվել։

Պատանեկան տարիքում, ինչպես բոլորը, ես էլ ունեի չհասկացվածության վախը․ հիմա ազատ եմ այդ մտքից, փորձարկում եմ այն, ինչ կարող եմ, այն, ինչ հեետաքրքիր է որպես արվեստագետի, գիտեմ, որ մարտահրավերի մեջ եմ, գիտեմ, որ հստակ տարանջատումների կարիք գոնե թե ներսում չունեմ․ այսօր կարող եմ մարմնավորել ցինիկ մի կերպարի, վաղը՝ դրամատիկ կերպով երեւալ մի այլ տեղ։ Անելիքս ստեղծագործելն է, իսկ գործառույթս՝ ստեղծագործությանը ծառայելը։

Մարմնավորածդ Կամիլի կերպարը հետաքրքիր ֆենոմեն ունի․ ինքը ծայրահեղ կերպով է ներկայանում, ծայրահեղ տոնայնությունների մեջ, աբստրակտ նախադասություննեի հերթականությամբ, բայց ասելիքը շատ պարզ իրականության հետ կապ ունի։

Կերպարն իսկապես առանձին կյանք է ապրում, ռեակցիաներ է տալիս իրականության փոփոխություններին, անհասկանալի ստանդարտներին, հանրույթի վերաբերմունքին։

Հիշու՞մ ես՝ ինքը «32 թատրոնում» ծնունդ առավ, մասնակցեց գեղեցկության մրցույթի, չանցավ, որովհետեւ «ստանդարտից» դուրս էր, բայց «չկոտրվեց» ու «որոշեց» առանձին մի կերպով ներկայանալ։

Տարիներ շարունակ այս կերպարը անցավ ինքնաքննադատության եւ քննադատության միջով, փոխեց մասնագիտությունը, «երգչուհու» վերածվեց, անգամ Եվրատեսիլի նախընտրական փուլի եզրափակիչ հասավ․․․ Կարծու՞մ ես՝ սա չափազանցություն է․ չէ, բնական է, երբ մեր ժամանակներում մարդը փորձում է սարսափելի մրցակցության պայմաններում հաստատել իրեն եւ իր գործողությունը՝ անկախ արտաքինից, սեռից, մասնագիտությունից։

Բայց ինքն այդ կերպ որեւէ հա՞րց է լուծում։ Ո՞րն է իր ներկայության կարեւորությունը։

Հիմա ես քեզ ուրիշ հարց տամ․ եթե ամբողջ լրահոսը քաղաքական է, կարծու՞մ ես, բոլոր նորությունները կամ մեդիաֆենոմենները հարց են լուծում․․․ Չէ՛, կա ինֆորմացիա, որը կարեւորվում է, որովհետեւ այդպես է սահմանվել։

Չեմ կարծում, որ քաղաքականություն բառի բացակայությունը պիտի հանգեցնի այն ծայրահեղության, որ դրանից դուրս ոչինչ չի կարող կատարվել կամ չի կատարվելու։ Եվ մյուս ծայրահեղությունն էլ է ակնհայտ․ պետք չէ պարտադիր խոսել քաղաքականությունից եւ քաղաքական էլեմենտներ բերել դաշտ, միայն նրա համար, որ գրավես ունկնդրին։

Ես ու դու ուտում ենք նույն ծառի խնձորը, բայց մեր ընկալումները տարբեր են, մեր համային ռեցեպտորներն էլ են տարբեր։ Մեր ընտրության հնարավորությունը միշտ կա․ կարող ենք անել այն, ինչ ուզում ենք, եւ այդ եղածը կարող է ունենալ այնպիսի լսարան, ինչպիսին ձեւավորվում է։

Քո ու Հայաստանի հարաբերությունների մասին էլ պիտի խոսենք։

Սիրում եմ Հայաստանը, որովհետեւ ցանկացած տեղում հարյուրերորդ անգամ հայտնվելուց էլ նոր բան եմ բացահայտում։ Չձանձրանալ հնարավոր է, երբ սիրում ես, գնահատում քո եւ իր փոփոխությունը, ընդդիմանում կամ ընդունում այն։

Այսինքն հարաբերությունը շատ զգայական է եւ ոգեւորող։ Այստեղի մարդն ինձ հոգեհարազատ է։ Ուրախանում եմ բազմազանությունից, բնավորությունների, դրսեւորումների տարբերություններից․ մոնոէթնիկ երկրում ենք ապրում, ճիշտ է, բայց ինձ երբեմն թվում է՝ ամենաինտերնացիոնալ տարածքում եմ։

Կարծրատիպերը եւս շատ են, բայց  համոզմունք ունեմ, որ ցանկացած մեկի խորքային դրսեւորումն ուրիշ է։ Այն, ինչ շարունակում է չերեւալ, փակ մնալ, վախի արդյունք է, որովհետեւ մարդը, երբ մտածում է՝ իրեն չեն հասկանա, ինքը կտարբերվի, փակվում է, միանում զանգվածին․․․ Դե մենք էլ իրեն «կարծրացած» ենք անվանում։

Հասարակական կարծիքի դեմ կամ հակառակ մի դրսեւորում կարող է դառնալ առիթ, որ հարեւանդ քեզ էլ չբարեւի, բայց քո սենյակում, ինքդ քեզ հետ հաստատ ազնիվ ես։ Այս վախերի արդյունքում համախմբումը դժվար բան է դառնում․ եթե մենք խոսեինք մեր վախերից դեմ առ դեմ, ամեն ինչ ավելի հեշտ ու լավ կլիներ։

Կամիլի կերպարի մասին խոսեցինք չէ՞․ անգամ իր մասին, երբ ինձ կարծիք են ասում, հիմնականում դրական արձագանքներ են առանձնացնում, գնահատում են դերասանական վարպետությունը, հումորը, գրոտեսկը, ցինիզմը, բայց մեկ էլ տեսնում եմ, որ հենց իմ կոլեգաները էկրանից ուրիշ բան են ասում, կերպարը ներկայացնում են այնպես, ոնց որ թե գյուղի իրենց բարեկամին բացատրեն, թե ինչու առհասարակ նա գոյություն ունի․․․ Ցավն այն է, որ գյուղի այդ բարեկամը վաղուց ապրում է Բելգիայիում, Ֆրանսիայում կամ մի այլ տեղ ու չի էլ լսում այդ հաղորդավարի «ոգեւորված» անհիմն մեկնաբանությունը։

Ասում ես՝ «սիրում եմ Հայաստանը», ու մտածում եմ՝ այս 30 տարիների ընթացքում ինչքան շատ այդ «սերը» շահարկվեց, ինչքան շատ քաղաքականացվեց, նախընտրական քարոզի մաս դարձավ․․․

Բնական է, ունեցածն այս մի փոքր երկիրն է, հենց դրա վրա էլ խոսք են կառուցում։ Իսկ ինչու՞ պիտի չերգեն այդ երկրի մասին, ինչու՞ պիտի չասեն, որ սիրում են։ Երկիր սիրելը պարզ բան է, ծայրահեղությունների գնալ պետք չի․ հենց ծայրահեղ դարձավ արտահայտության բովանդակութունը, ամեն ինչ նեղանում է, փոքրանում է, դու էլ հետը։

Հեղափոխության օրերին չկայիր։

Անցյալ տարվա իրադարձություննե՞րը նկատի ունես։

Հա․․․

Հա, չկայի։

Կոնկրետ ես այս երեսուն տարիների ընթացքում բոլոր իշխանությունների օրոք էլ երջանիկ եմ եղել, չեմ էլ կարող ծալել ու մի կողմ դնել այն, ինչ եղել է այդ տարիների ընթացքում։ Այն, ինչ եղավ անցյալ տարի, տրամաբանական հաջորդականություն էր։ Նո՞ր էջ․․․ Բայց այդ նոր էջը հին գրքի մաս է, ու ամեն էջ թերթվում է, նոր բան է ի հայտ գալիս, նորից կարող ես մեղավոր փնտրել, անմեղ դուրս գալ ու այդպես շարունակ։

Նախկինում մեղադրում էին ինչ-որ մեկին ինչ-որ բանի համար, հիմա ինչ-որ բան անգամ, եթե սխալ է, ասում են՝ դե հո մեղավոր չի։ Ստացվում է փոխվել է մեղադրանքի արտահայտման ձեւը, բայց ոչ բովանդակությունը․․․ Հիմա մեղավոր դուրս բերելը բարդ է, արտահայտություններն էլ մեղմ են դարձել, կտրուկ չեն։

Հա, ես երբեք հստակ իշխանամետ չեմ եղել, ոչ էլ առանձնացել եմ իմ ընդդիմադիր կեցվածքով։  Շարունակելու եմ նույնկերպ, որովհետեւ պրակտիկորեն ոչ մի իշխանություն հավերժ չի կարող լինել․ կայուն դրսեւորումը սեփական անձիդ գործողությունն է․ չեմ պատրաստվում տասը-քսան հոգու հաճոյանալու համար ասել, որ խաչ եմ քաշում իմ 30 տարվա ապրածի եւ այդ ընթացքում տեղի ունեցածի վրա ու նոր էջից սկսել։ Անձնական նեղ տարածքում անգամ եղել են դեպքեր, որ կուզեիր ջնջել հիշողությունիցդ, բայց անհնարին է, չէ՞։

Բայց հրապարակը պահանջեց ու բողոքեց, ասաց, որ հրաժարվում է։

Գիտես՝ իշխանությունը չի փոխում գիտակցության ձեւը․ իշխանությունը հաստատվում է իր կանոնով, իր գործիքակազմով, բայց մարդը, սովորական շարքային քաղաքացին շարունակում է մտածել իր եւ տարածքի, մասնագիտական աճի, հարմարության, խնդիրների մասին։

Մի քանի օր առաջ ընկերներիցս մեկը հայտնեց, որ մեկնում է եւ առնվազն մի քանի տարով հաստատվելու է այլ մի տեղ․ ես հարգում եմ իր որոշումը, մտածում եմ, որ սահմաններն այլեւս վերացական պատնեշներ են, եւ մարդն ազատ է տեղաշարժվել, փնտրտուքի մեջ մտնել՝ չմեղադրելով ոչ մեկին, չասելով, որ երկիրն այնպես արեց, որ ինքը գնա։

Ես Նյու-Յորքում ապրեցի, սովորեցի կինոյի դպրոցում, որովհետեւ այստեղ չունեի դրա հնարավորությունը, հետո նկարահանվեցի Շոն Բեյքերի  «Tangerine» ֆիլմում, որը արեւմուտքում մեծ գնահատականի արժանացավ։ Հիմա ի՞նչ․ վերադառնայի ու հարցնեի՝ ինչու դուք ինձ չեք տալիս այդ հնարավորությունը, ինչու ես պիտի գնամ երկրից։ Սա իմ հարաբերվելու ձեւը չի եւ չի էլ կարող լինել։

Այս կարծիքը կարող է հանրային դիմադրության արժանանալ«հակահեղափոխականի» պիտակից չե՞ս վախենում։

Պարզ եմ ասում ախր․ես չեմ մասնակցել հեղափոխությանը, որովհետեւ իմ ազատ դրսեւորման ձեւերը չեն վտանգվել։ Ես փորձում եմ լինել հեղափոխական իմ մասնագիտության մեջ․ իմ անելիքն ու կռիվն արվեստի շրջանակներում է տեղավորվում։

Քո արտիստ ընկերներից մի քանիսը նախկին իշխանության օրոք պաշտոններ ստանձնեցին, այսօր նրանց համար բարդ է անգամ որպես արտիստ ներկայանալը։ Հիմա կարծես բնականոն է, որ դերասանը կարող է նաեւ քաղաքապետ լինելեթե այսպիսի նախադեպ լիներ նախկինում, դժվար թե նույն պատկերը լիներ։

Յուրաքանչյուրի որոշման հիմքում եւ հաջողելու, եւ տանուլ տալու հեռանկարը կա։ Ես չգիտեմ՝ ինչու է արտիստը որոշում պաշտոն ստանձնել, բայց նորից՝ դա իր որոշումն է։

Մասշտաբների մասին մտածու՞մ ես։ Արտիստի համար Հայաստանը ռեալիզացման համար բավարար տարածք եւ հնարավորություն տալի՞ս է։

Մասշտաբը նեղ է, բայց Վուպի Գոլդբերգը այս առիթով հրաշալի մի բան էր ասել․ որեւէ անհայտ երկրի գավառական թատրոնում գուցե կա մի օժտված ու տաղանդավոր դերասանուհի, եւ այն փաստը, որ ինձ ավելի շատ մարդ է ճանաչում, քան իրեն, դեռ չի նշանակում, որը դրա հետեւանքով կարող է կորցնել տաղանդը․․․

Լավ է ասել, բայց մյուս կողմից արտիստն առանց լսարանի․․․

Հա, գիտեմ՝ ինչ ես ասելու ու համաձայն եմ, բայց կա մյուս ծայրահեղությունը, որն ուշադրության ավելի է արժանի՝ արտիստը հանուն այդ լսարանի։ Այս երկրորդն ինձ ավելի է վախեցնում, որովհետեւ տապալման հիմքում հենց այդ լսարանն ամեն գնով ու ամեն ձեւով ձեռքբերելու միտումն է։

Դադար

Երբ բեմում եմ, չեմ մտածում՝ սրահում նստածը մարդասպան է, ազնվական, քաղաքական գործիչ, թե ուրիշ մի ոլորտի պատկառելի ներկայացուցիչ։ Մեր լեզուն շատ տիպիկ բառ է դրել շրջանառության մեջ՝ հանդիսատես․ եզակի թվով բառը հոգնակիի տրամաբանություն ունի։ Դու գործ ունես հավաքական մեկ լսարանի, մեկ անձի, մեկ հանդիսատեսի հետ, չես կարող տարանջել՝ խաղացիր այսինչի կամ այնինչի համար։

Հարցն ուրիշ էարտիստը չխաղա հանուն քաղաքականության։

Անցյալ տարվա իրադարձությունների ժամանակ տաքսիստը թատրոն տանելու ճանապարհին հարցրեց, թե մեր մոտ բան չի փոխվելու արդյոք (նկատի ուներ թատրոնը)։ Հարցրեցի՝ ինչ․․․ Ռոմեոն այլեւս Ջուլիետին չի՞ սիրահարվելու, թե՞ Համլետը դադարելու է ասել իր «լինել, թե չլինելը»․․․

Բայց եղել են դեպքեր, երբ «Ռոմեոն» նախընտական արշավներին ուրիշ տեքստեր է ասել, եւ լսել են իրեն, որովհետեւ նախեւառաջ ինքը «Ռոմեոն» էր։  Չենք կարող բացառել, որ արտիստը քաղաքականացվել է։

Իսկ ինչու՞ ես անցյալով խոսում։ Այո, այդպես եղել է եւ հիմա էլ շարունակվում է։ Այդպես եղել է եւ շարունակվում է ոչ միայն Հայաստանում։

Իշխանությանը հաճոյանալու բոլոր ժամանակների դրսեւորումներն ինձ համար ընդունելի չեն, բայց այս թվացյալ «հաստատումը», որ հա, հիմա երգեք, ոչինչ, ավելի վախեցնող է, քան այն, որ նախկինում ընդդիմության էր արժանանում․․․ Ի՞նչ ասեմ, չգիտեմ։ Ափսո՜ս այն արտիստները, ովքեր «վնասվեցին» մինչ այս։

Զրույցի սկզբում մեջբերեցիր Փափազյանի միտքը, որով կարեւորվում էր ընթացքը, ասացիր, որ ֆիքսել ես ու առաջնորդվել դրանով։ Զղջում կա՞ առհասարակ այդ ընթացքի հետ կապված։

Պատանեկան զղջումներն են, հարցադրումը կար, թե ինչու այստեղ ծնվեցի․․․ Հիմա չունեմ այստեսակ զղջումներ, հիմա տեղով չեմ կարող պայմանավորել գիտակցությունս, չնայած որ տեղը կոնկրետ իր ազդակներն ունի, բայց ես այն եմ, ինչ կամ, ինչն ինձ փոփոխում է, բաց եմ դրա առաջ եւս։

Մարդը հակված է մտածելու, որ աշխարհն իր շուրջն է պտտվում, բայց մի պահ դադար չի տալիս հասկանալու համար, որ ինքը կոնկրետ մի գծի վրա առաջ է ընթանում, եւ այդ գիծը ու դրան շրջապատող ամեն բան նախ իր ընտրության եւ իր դրսեւորման հետեւանքն են։

Այդ «շնչել-արտաշնչելու» պահն էերբ դեպի ներս գնալն ավելի ես կարեւորում։

Հա, մի պահ կարող է թվալ, որ փակվեցիր, բայց ներսից դուրս գալը լրիվ ուրիշ տարածքներ է բացում, ուրիշ հնարավորություններ է տալիս․․․ Մնում է այդ դուրս եկածին հասկանան, հոգ տանեն, փայփայեն, թե չէ մեկ-մեկ «ինչպես ես» հարցին ի պատասխան իմ «ընտիր» բառը հունից հանում է դիմացինին։ Թվում է՝ ինքն անհանգստացավ իմ «լավ» լինելու համար։

Դադար

Մարդը մարդու նկատմամբ զգույշ, որ եղավ, ամեն ինչ ավելի արագ ու հեշտ կփոխվի։ Հնչեցրած ցանկացած խոսք կառուցելու կամ ավիրելու գործառույթ ունի։ Բոլոր հարաբերությունների, բոլոր պրոցեսների մեջ նույն բանն է։ Դաժան է, երբ դա անում են մտածված, ցավալի է, երբ անում են անգիտակից։

Ես շարունակում են փողոցում տեսնել այն մարդուն, ով իր մարմնի, հոգու ու սրտի գիտակցման ժամանակը չունի, ով անփույթ է ինքն իր նկատմամբ, չի հարմարվում իր կառուցվածքին, իր զգացածին․․․ Այդպիսի մարդը նույնն է անելու շրջապատի նկատմամբ։

Իսկ դու՞․․․ Դու քեզ հետ հա՞շտ ես։

Անհաշտության պոռթկումը բնական է ստեղծագործող մարդու համար, եւ ներդաշնակ եմ դրա հետ։ Այդ պահերին է, որ բոլոր զգայարաններս սկսում են աշխատել՝ ներսից զգուշորեն շտկելով ինքս ինձնից նեղանալու պահը։ Այդպես ամեն ներքին կռիվ ավարտվում է կոնկրետ հարաբերական հաշտությամբ, որը երեւում կամ չի երեւում դիմացինին։ Որպես ստեղծագործող կարեւորում եւ պարտադիր եմ համարում ներքին այս պրոցեսները։

Ի դեպ, ինքս ինձ հետ ունեցած հարաբերական անհաշտությունը շուտով նոր մի ներկայացման եւ շոուի ծնունդի առիթ կտա, եւ նորից հանդիսատեսին կներկայանամ արտիստի իմ կերպով։

Մեկնաբանություններ (1)

Սամվել Հովասափյան
Ռակուրս, կոմֆորտ, ժանր, ինֆորմացիա, ռիթմ, կոնկրետ, մեդիաֆենոմեն, էմոցիա, ինտենսիվորեն, ֆիքսել, ռեակցիա, ստանդարտ, աբստրակտ, էլեմենտ, ռեցեպտոր, մոնոէթնիկ, գրոտեսկ, ցինիզմ, կոլեգա, ռեալիզացման, պրոցես։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter