HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց դատախազության բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, քիչ առաջ անփոփոխ թողեց «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշումը՝ մերժելով այդ որոշման դեմ դատախազության բողոքը: Այսպիսով, Առուստամյանը կմնա ազատության մեջ:

Դատարանը, հիշեցնենք, Առուստամյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ էր հեռացել հոկտեմբերի 25-ին:

Սեդրակ Առուստամյանը մեղադրյալ է «Հյուսիս-Հարավի գործով»: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ:

Խոսքը փողերի լվացման, խոշոր չափով հարկերից խուսափելու և կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու կամ այդ հանցավոր արարքների կատարումը կազմակերպելու մասին է:

Քննչական կոմիտեն մեկ ամիս առաջ նրան մեղադրանք էր առաջադրել և կալանավորելու միջնորդություն ներկայացրել: Դատարանը, սակայն որոշել էր նրան 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր:

Ըստ մեղադրանքի՝ Սեդրակ Առուստամյանը, փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, միաժամանակ, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապ արհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել՝ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ապօրինի ֆինանսական միջոցներ դուրս բերելու, դրանց հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով դրանք իրենց փոխկապակցված այլ ընկերությունների փոխանցելու և գումարները այլ ծախսերի պատրվակով կամ որպես շահաբաժնի անվան տակ կանխիկացնելու և օրինական շրջանառություն մտցնելու և այդ կերպ նաև «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու վերաբերյալ: Այս գործի շրջանակներում Գուրգեն Սարգսյանի նկատմամբ ևս գրավ էր կիրառվել, սակայն Վերաքննիչ դատարանն օրեր առաջ որոշումը բեկանել ու Սարգսյանին կալանավորելու դատական ակտ է կայացրել:

Վերաքննիչ դատարանի որոշումը Առուստամյանն արդարացի որակեց:

Նշենք, որ այս գործի շրջանակներում գրավ էր կիրառվել նաև տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանի նկատմամբ, սակայն Վերաքննիչ դատարանն օրեր առաջ որոշումը բեկանել ու Սարգսյանին կալանավորելու մասին դատական ակտ է կայացրել: Նախկին նախարարը արգելանքի է վերցվել հենց դատարանի դիմացից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter