HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը կասեցնելու հարկադրանքի միջոցը վերացնելու միջնորդությունը

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են)  պաշտպանները նրա և մյուսների գործով այսօրվա  դատական նիստին միջնորդություն ներկայացրին Սանասարյանի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցը՝ ՊՎԾ ղեկավարի պաշտոնում նրա պաշտոնավարումը ժամանակավորապես կասեցնելու որոշումը վերացնելու մասին:

Սանասարյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանը նշեց, որ, թեև նրա լիազորությունները կասեցնելու որոշումն ի սկզբանե էլ անհիմն է եղել, նախաքննության մարմինը որևէ փաստարկված տվյալ չի ունեցել, որ Դավիթ Սանասարյանը կարող է, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝,գործով անցնող անձանց վրա ազդեցություն ունենալ՝ այժմ ստեղծվել  են հանգամանքներ, որոնց պայմաններում «լիազորությունների ժամանակավորապես կասեցում» հարկադրանքի միջոցն առերևույթ սպառել է իրեն:

«Որոշման մեջ նշվել է, որ քանի որ Սանասարյանի դեմ վկայող անձինք հանդիսանում են նրա ենթակաները, մտավախություն կա, որ նա կգործադրի ազդեցություն: Այսօրվա դրությամբ երկու մեղադրյալները, որոնք հանդիսացել են ՊՎԾ աշպատակիցներ, իրենց դիմումի համաձայն ազատվել են ՊՎԾ-ում աշխատանքից, այսինքն՝ այլևս որևէ առնչություն չունեն այդ կառույցի հետ»,- ասաց Արսեն Սարդարյանը:

Այսօրվա դատական նիստի ընթացքում Սանասարյանի պաշտպանները միջնորդել են դատակոչի ցուցակը լրացնել և դատարան հարցաքննության հրավիրել ՊՎԾ 4  աշխատակիցների, որոնք Սանասարյանի օգտին ցուցմունքներ են տվել, և դատարանն այս միջնորդությունը բավարարել է: Նրանցից մեկը ՊՎԾ պետի խորհրդական Աշոտ Վանյանն է, ով այսօր էլ շարունակում է պաշտոնավարել, իսկ դատակոչում ներառված մյուս երեք  աշխատակիցներն այլևս ՊՎԾ-ում չեն աշխատում:

Արսեն Սարդարյանը նշեց, որ Դավիթ Սանասարյանը պաշտոնում վերականգնվելու դեպքում չի կարող ազդեցություն ունենալ նաև այն երեք վկաների վրա, որոնք ՊՎԾ նախկին աշխատակիցներ են, ինչ վերաբերում է մյուս վկային՝ Վանյանին, ապա, պաշտպանի խոսքով, եթե դատարանն իրենց միջնորդությունը բավարարի,  կհրաժարվեն այդ վկային դատակոչի ցուցակում ներառելու իրենց միջնորդությունից:

Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանn առարկեց միջնորդության դեմ` նշելով, որ վերը նշված վկաները դեռևս դատարանում պետք է հարցաքննվեն:

Դատավոր Դավիթ Բալայանը միջնորդությունը մերժեց` պատճառաբանելով, որ եթե դատարանն այս փուլում միջնորդությունը բավարարի, ապա կանխակալ  վերաբերմունք կդրսևորի գործի քննության նկատմամբ:

«Այսինքն` մենք Սանասարյանին ասում ենք` այն,  ինչ Ձեզ մեղսագրվում է, մենք, կարծես թե,   հիմնավոր չենք համարում, պարո՛ն Սանասարյան, գնա՛, աշխատիր: Եւ դա այն դեպքում, երբ  Սանaսարյանը դրանից հետո էլ, հնարավոր է, չաշխատի. Սանասարյանին աշխատանքի ընդունող ազատողն այլ մարմին է»,- ասաց Դավիթ Բալայանը:

Նիստի ընթացքում ամբաստանյալներ Տարոն Ավետիսյանի, Գևորգ Խաչատրյանի և Սամվել Ադյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին իրենց պաշտպանյալների մասը քրեական գործից անջատելու վերաբերյալ: Խնդիրն այն է, որ այս երեք մեղադրյալներն ընդունում են իրենց առաջադրված մեղադրանքը, իսկ Դավիթ Սանասարյանը՝ ոչ: Եթե նրանց գործը քննվի Սանասարյանի գործից անջատ, ապա նրանք հնարավորություն կունենան պահանջել, որ  իրենց գործը քննվի արագացված կարգով: Այսպիսի կարգ չի կարող կիրառվել, եթե ամբաստանյալներից մեկն առարկում է դրա դեմ:

Մեղադրող Գևորգ Սարգսյանն առարկեց միջնորդության դեմ: Վերջինս նշեց, որ ամբաստանյալների արարքները փոխկապակցված են միմյանց: Սարգսյանը նշեց նաև, որ  անգամ եթե երեք ամբաստանյալների  գործն անջատվի Սանասարյանի գործից, և նրանք արագացված դատաքննություն պահանջեն, ինքն առարկելու է դրա դեմ; Ըստ Գևորգ Սարգսյանի՝ գործի նկատմամբ լայն հասարակական հնչեղություն կա, դրա հանգամանքները հրապարակային  դատական նիստով մանրամասն հետազոտվելու կարիք ունեն:

Դատարանը որոշեց այս միջնորդությունը նույնպես մերժել: Ըստ դատավոր Դավիթ Բալայանի՝ միջնորդությունը ժամանակրեպ է. չկա որևէ երաշխիք, որ եթե  այս պահին գործից մաս անջատվի, մյուս ամբաստանյալների նկատմամբ դատաքննության արագացված կարգ է կիրառելու: Հիշեցնելով քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը, համաձայն որի՝ արգելվում է դատաքննության արագացված կարգ կիրառվել, եթե ամբաստանյալներից առնվազն մեկն առարկում է դրա դեմ, Դավիթ Բալայանը նշեց, թե միջնորդություն ներկայացրած կողմն արհեստականորեն փորձում է շրջանցել օրենքը:

«Դուք, նախապես տեղյալ լինելով, որ երեք ամբաստանյալները համաձայն են, մեկն առարկում է արագացված կարգի դեմ, արհեստականորեն փորձում եք շրջանցել օրենքը, գործը մասնատել երկու մասի, հետո ասել, որ այս երեք ամբաստանյալները չեն առարկում, և բացակայում է այն օրենսդրական արգելքը, որը դատարանին թույլ չի տա նման կարգ կիրառել»,- ասաց Դավիթ Բալայանը՝ մերժելով գործից մաս անջատելու վերաբերյալ միջնորդությունը:

Դատական նիստին Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ: Ըստ Սանասարյանի պաշտպաների՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտը, որն իրականացրել է այս քրեական գործի նախաքննությունը, հակասահմանադրական մարմին է: Ըստ պաշտպանների՝ ԱԱԾ քննչական մարմնի կարգավիճակը և կազմավորման կարգը պետք է սահմանվեր «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքով, մինչդեռ, ԱԱԾ քննչական դեպարտամենտի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատվել է միայն վարչապետի որոշմամբ, ինչը հիմք է տալիս պնդել, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական է։

Այս միջնորդության վերաբերյալ կողմերը դիրքորոշում կհայտնեն հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց նոյեմբերի 27-ին:

Հիշեցնենք, որ այսօր քննված գործով անցնում են 4 անձինք՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ծառայության գնումների գործընթացների վերահսկողության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը,  նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը և «Զորաշեն» ՍՊԸ-ի ղեկավար Տարոն Ավետիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter