
Տեսչական մարմինը հաշվարկում է Ողջի գետին հասցված վնասի չափը. չի բացառվում, որ կսահմանվի քրեական պատասխանատվություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվարկում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի խողովակաշարի վնասման պատճառով արտանետումներից Ողջի գետին հասցված վնասի չափը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նախարարի խոսքով` պատճառված վնասի որոշակի չափաքանակը գերազանցելու դեպքում չի բացառվում, որ վնաս հասցնողը ենթարկվի քրեական պատասխանատվության, չգերազանցելու դեպքում` վարչական պատասխանատվության:
«Տեսչական մարմինը նմուշառումն իրականացրել է, անալիզները վերցրել է: Որոշակի մետաղների` ալյումինի, երկաթի կոնցենտրացիաները գերազանցում են թույլատրելի չափաքանակները: Մի քանի հետազոտություն կա, որի համար պահանջվում է 3-4 աշխատանքային օր, ենթադրում եմ, որ դեռ չեն ավարտել: Եթե էական վնասը գերազանցում է որոշակի չափաքանակը, ապա աղտոտողների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, իսկ եթե ոչ` ապա վարչական պատասխանատվություն, այսինքն որոշակի գումար են վճարելու»,- ասաց Գրիգորյանը:
Մեկնաբանել