
Փոխքաղաքապետ. ներդրողի հետ քննարկվող նախագծում կայարանը կլինի կամրջի վրա` ժամանակակից կոնստրուկցիաներով զինված
Աջափնյակում մետրոպոլիտենի կայարանի կառուցման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանն ու մասնավոր ներդրողը նախնական համաձայնություն են ձեռք բերել:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
«Ներդրող կողմի հետ նախնական համաձայնություն ունենք, որ ֆինանսավորի հենց սկսված նախագծային փուլից` նախագիծը, նախահաշիվը կազմելու համար և հետագայում քննարկվի դրա արդյունքում ձևավորված գնի շրջանակներում մետրոյի կայարանի շինարարության հարցը»,- ասաց փոխքաղաքապետը` հավելելով, որ առաջարկվում է բիզնես մոդել, որ մետրոյի վերջնակետում մոլ կամ բիզնես կենտրոն կառուցվի:
Սարգսյանի խոսքով` վերջերս Երևան են եկել ներդրողի կողմից ներգրավված շինարարները, որոնք ուսումնասիրություն են կատարել թե Հրազդանի կիրճի, թե թունելի հատվածում` հասկանալու ծրագրի նախնական իրագործելիությունը:
«Իրենց հետ վերջնական պայմանավորվածություն ունեցանք, որ կիրականացվի նախագիծը, կքննարկվի բիզնես մոդելը, որն իրենք կկառուցեն, կներկայացնեն մեր տված պարամետերի հիման վրա, և կիրականացվի մետրոպոլիտենի շինարարարությունը»,-ասաց Սարգսյանը` հույս հայտնելով, որ գարնանից որոշակի աշխատանքների մեկնարկը կտրվի:
«Ներդրողի հետ քննարկվող նախագծում կայարանը կլինի կամրջի վրա ժամանակակից կոնստրուկցիաներով զինված, որը հնարավորություն կտա շարունակելիությունն ապահովել մինչև հաջորդ կայարան»,- եզրափակեց փոխքաղաքապետը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել