HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արդենիս լճի աղտոտումը շարունակվում է. խոզաբուծարանից կրկին կեղտաջրեր են հոսել լիճ

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2018թ-ի օգոստոսին արված հայտարարությունները, թե Արդենիս բնական լճի փրկության համար կամ սեպտիկ հոր կկառուցվի, կամ խոզաբուծարանը կփակվի, այդպես էլ կոնկրետ գործողության չվերածվեցին՝ մնալով ընդամենը բանավոր հայտարարության մակարդակում: Այս տարվա սեպտեմբերին, լճի հարևանությամբ գործող խոզաբուծարանից կրկին կեղտաջրերի մեծ արտահոսք է եղել, որի մասին Արդենիս համայնքի բնակիչ Շաքրո Ղազարյանն ահազանգել է բնապահպանական կառույցներին:

Արփի լճից 11 կմ հեռավորության վրա գտնվող բնական աղբյուրներից ձեւավորված Արդենիս լիճը 2009թ.-ից հայտարարված է հանգստի գոտի: Սակայն 9-րդ տարին է` զբոսաշրջիկներին ու ձկնորսներին հյուրընկալելու փոխարեն՝ լիճը վերածվել է մի քանի հա տարածքով կոյուղատարի: «Հետք»-ն անցյալ տարի խնդրին անդրադարձել էր՝ ներկայացնելով շահագրգիռ բոլոր կողմերի պարզաբանումները, լճի փրկության համար ձեռնարկվող քայլերն ու խոստումները, արված եւ չարված գործողությունները:

Հիշեցնենք, որ նշված խոզաբուծարանն ու կաթի վերամշակման ձեռնարկությունը պատկանում են Արփի խոշորացված համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանի ընտանիքին: Սեպտիկ հորեր կառուցելու փոխարեն՝ Ղարիբյանները գերադասել են ծախսեր չպահանջող տարբերակը՝ կեղտաջրերն ուղղել բնական լիճ, առանց հաշվի առնելու, որ ոչնչացնում են էկոհամակարգը: Անցած տարի բարձրացված աղմուկի եւ հանրային ճնշման ներքո, սեփականատերերը որոշեցին հարցին տալ, ըստ իրենց, հիմնավոր լուծում՝ հողե պատնեշով փորձելով կասեցնել եւ խողովակի միջոցով այլ ուղղություն հաղորդել կեղտաջրերին:

«Էս տարի հողե պատվարը քանդվել, մի քանի տեղով արտահոսք էլի էր եղել, բայց մեծ քանակության չէր: Վերջին դեպքն արդեն էնքան ակնառու էր ու շատ քանակությամբ, որ հնարավոր չէր աչք փակել եղածի վրա,- ասում է Շաքրո Ղազարյանը,- ու էլի ահազանգողը ես եմ եղել, որովհետեւ Արփի լիճ ազգային պարկից նշանակված տեսուչը Մերգել Ղարիբյանի հորքուրի տղեն է, ու բնական է, որ չպիտի բողոքեր բարեկամի վրա: Անցած աշուն, իրանց առաջարկվեց սեպտիկ հոր փորել, էնքան ձգձգեցին, որ ցրտերն էլ ընկավ, հետո հայտարարեցին, թե երկու սեպտիկ հոր փորելը թանկ կնստի վրեքը, տրակտորով հողը վրա տվեցին, պրծան»:

Շաքրոյի փոխանցմամբ, այս տարի՝ մինչեւ գարուն, որեւէ խնդիր չի եղել, եւ ինքը 200 կգ կարաս է բաց թողել լիճ: Վերջին աղտոտումից հետո բավական անհանգստացել է ձկների ճակատագրով, սակայն մասսայական անկում չի նկատել: «Փառք Աստծո, ձկան մեծ անկում չեղավ, եթե լիներ, ուրեմն ճայերը լճի վրա նստած բդի էղնեին, եթե չկան, ուրեմն ամեն ինչ նորմալ է, բայց դե դա էլ չի նշանակում, որ պիտի կեղտաջրերի հետ կապված պրոբլեմը հիմնական լուծում չստանա»,- նկատում է Շաքրո Ղազարյանը:

«Բիոսոֆիա» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Գեւորգ Պետրոսյանը եւս կատարվածի հետ կապված առաջին ահազանգը ստացել է Շաքրո Ղազարյանից: Արփի լիճ ազգային պարկում կազմակերպության կողմից անցկացվող մոնիթորինգի շրջանակներում եղել են Արդենիս բնակավայրում, արձանագրել խոզաբուծարանից կեղտաջրերի հոսքը լիճ:

«Զանգել եմ պարկի տնօրեն Հովսեփ Սիմոնյանին՝ փորձելով հասկանալ, թե ինչու նորմալ վերահսկողություն չի իրականացվում,- ասում է Գեւորգ Պետրոսյանը,-ստացել եմ պատասխան, որ անում են հնարավորը: Բայց միայն այն փաստը, որ մինչեւ օրս չկա կառուցված սեպտիկ հոր, դժվար է պատկերացնել, թե ինչ ասել է «արվել է հնարավորը»: Շաքրոյի ահազանգից հետո տեսչությունից եկել, Ղարիբյաններին տուգանել են, եթե չեմ սխալվում 750 հազար դրամի չափով, սակայն տուգանքները հարցի լուծում չեն: Նախորդ տարիների իրենց պահվածքն ապացուցում է, որ պատրաստ են տուգանք վճարել, սակայն այնքան անհրաժեշտ սեպտիկ հորերը չկառուցել»:

Ինչու՞ խնդիրը լուծում չի ստանում ոչ պետական մակարդակով, ոչ էլ սեփականատերերն են բարի կամք դրսեւորում, ինչու՞ են բնապահպանական խնդիրները մշտապես ստորադասվում բիզնեսին: Գեւորգ Պետրոսյանի համար առնվազն տարակուսելի է, որ տեղի ունեցած իշխանափոխության պայմաններում անգամ Արփի համայնքում առկա այս խնդրում հիմնավոր փոփոխություն չի գրանցվում:

«Լավ, ասենք էն ժամանակ ասում էին, թե Ղարիբյանների հովանավորը Լոքյանն է, որ թիկունքներին կառավարությունից մարդ կա, ինչպես ուզում, այնպես վարվում են: Ենթադրենք անցյալում իսկապես ունեին հզոր հովանավոր ու էնքան արտոնություն, որ անպատիժ՝ խոզի կեղտը տարիներ շարունակ լցնեն լիճը: Բայց հիմա փոփոխություններ են եղել, շատ տեղերում դա ակնառու տեսնում ենք, սակայն այս հարցն այդպես էլ մնում է անլուծելի: Բավական իներտ պահվածք ունի ազգային պարկի տնօրենը՝ պատշաճ կերպով չի անդրադառնում, հետեւողական չէ: Ինքն ամեն ամիս պարտավոր էր ուսումնասիրություն անցկացնել, պարտավոր էր էնքան զզվցնել սեփականատիրոջը, մինչեւ որ սրանք հարցին հիմնավոր լուծում տային, բայց դրա փոխարեն գերադասում է կոնֆլիկտ չունենալ»,- նկատում է բնապահպանը:

Գեւորգ Պետրոսյանի կարծիքով տուգանքները հարցին լուծում չեն կարող տալ: «Ոսկե սեր» ՍՊԸ-ն նախկինում տուգանվել է՝ առաջին անգամ 50 հազար, երկրորդ անգամ 1 մլն դրամով, վերջին ահազանգը եւս ավարտվել է տուգանքով, եւ տպավորություն է, որ գործարար Սամվել Ղարիբյանը պատրաստ է այդ տուգանքները մուծել, բայց չենթարկվել բնապահպանական կառույցների պահանջներին:

«Ես հասկանում եմ իրենց հոգեբանությունը: Ղարիբյաններն էդ տարածքում միակն են գործունեության տեսակով: Կաթն իրենք բավական բարձր գնով են գնում եւ ցանկացած պահի կարող են ասել՝ վերջ, դուք ինձ նեղում եք, ես էլ դադարեցնում եմ գործունեությունս: Կա մտավախություն, որ կարող են մարդկանց փողոց հանել, դժգոհություններ կազմակերպել: Սա բոլորս էլ հասկանում ենք, բայց դա չի նշանակում, որ իրենք պետք է թելադրող կողմ լինեն ու անպատիժ շարունակեն իրենց տնտեսվարումն ի վնաս բնությանը,- ասում է Գեւորգ Պետրոսյանը»:

Կովկասի բնության հիմնադրամի(CNF) Հայաստանի համակարգող Արման Վերմիշյանն անցած տարի «Հետք»-ին տված հարցազրույցում անդրադառնալով Արդենիս լճի խնդրին՝ կարծիք էր հայտնել, որ բնապահպանական եւ ընդերքի տեսչությունը պետք է վարույթ սկսի: Նրա համոզմամբ, պետք է պարտադիր փորձաքննություն անցկացնել, հասկանալ խոզաբուծարանի տված վնասը էկոհամակարգին եւ ի վերջո հասկանալ, թե բիզնեսով զբաղվող անձի՝ պետությանը տված օգուտն է ավելի շատ, թե վնասը:

Նույն տեսակետն ունի նաեւ բնապահպան Գեւորգ Պետրոսյանը. «Մենք չենք ասում, թե մարդը բիզնեսով թող չզբաղվի, բայց դա թող չանի բնությունն աղտոտելու հաշվին: Պետք է սեղանի շուրջ նստեն բոլոր շահագրգիռ կողմերը եւ փորձեն հասկանալ՝ ինչպես անել, որ ոչ մի կողմը չտուժի: Բայց դրա փոխարեն տեսնում ենք մի կողմի անհասկանալի համառությունը, եւ մյուս կողմերի իներտ պահվածքը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։