HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էսքիզներ դիմանկարների համար․ Սուսաննա Գաբրիելյան

Այսօր ո՞վ է հիշում նրան՝ լեցուն դահլիճներ փոթորկող, պոեզիայով արբեցնող, հոգևոր գինարբուքի երեկոներ հանդիսատեսին պարգևող Արտիստին, հմայիչ կնոջը․․․ Սուսաննա Գաբրիելյանին։ Իրեն  երբ Արքայադուստր էի ասում, միշտ նույն պատասխանն էի լսում, իր թավշաձայնի փոքր ինչ զվարթ հնչերանգով․ «Ու՞ր է Արքան» և ինձ հազիվ լսելի շշնջում էր․ «Հայրենիքում իմ արնաներկ, /Գիշերն իջավ անլույս ու լուռ»։ Շատերից եմ լսել․․․ որ Տերյանով կախարդվել են Սուսաննայի ասմունքի շնորհիվ, անշուշտ հասկացել այն, ինչ որոշապես «աներևույթ» է թվացել, իսկ նա չէր ընթերցում՝ վերապրում էր Տերյանի և մյուս բանաստեղծների ապրած ժամանակը և ունկնդրի «տխրությունը կամաց-կամաց փախվում էր լացի»։

Մեր ծանոթությունը սկսվել էր հեռակա․ Հանրային ռադիոյով ընթերցել էր իմ մեկ բանաստեղծությունը, մինչ այդ անձամբ չէի ճանաչում, բայց  ոգևորվել էի բանասիրականի երկրորդ կուրսի ուսանողս։ Հետագայում, երբ հանդիպում էինք, միշտ հիշում էր, երբ ինչ որ բան էի ասում ու սկսում էի ՈՐ կապով։ Չէր թողնում շարունակեի, ժպտադեմ շարունակում էր․

Որ աղոթք է ելնող իմ անունից բացի,

ուրիշ փշրանք գտիր թափառական իմ քույր,

այս ճանապարհը՝ սեր, օտար է, անիծիր

և թուլացող հոգի, և անկողին մաքուր․․․

Բանաստեղծությունը չտպագրվեց իմ հրատարակած ժողովածուներում, եթե տպագրեի, անպայման պետք է նվիրեի Սուսաննայի հիշատակին, քանի որ այն իր ձայնով եմ միշտ լսում։

Մի օր ասացի․ «Երանի քեզ Տերյանը․․․ լսեր»։ Ժպտաց․ «Լսել է, ես Վահանի ամենաերկարակյաց սերն եմ»։ Հետո մի պահ տխրեց, գինեբույր նազանքով ինձ թևանցուկ՝ օրորվելով նայեց շուրջը՝ ոչինչ չտեսնելով, չնկատելով, ինքս ինձնից անկախ, մտավախորեն իրեն ավելի հպվեցի՝ ձեռքիցս մի բան չընկնելու վախի զգացողությամբ․․․

80-ական թվականների այս «տեսարանը» անկարելի է չվերապրել, ինչպես ինքն էր բեմում  վերապրում՝ Տերյան, Չարենց, Սահյան, Սևակ՝ նկարչագեղորեն։ Տոհմիկ գյումրեցու պատվախնդրությամբ երբեմն ինձ ասում էր․ «Նախնիներս Կարսից են գաղթել, ֆայտոնն չեղներ, էրթայինք Կարս», ու ծիծաղկուն շարունակում էր, հատկապես երբ հյուրընկալել էր Բաքոսին,- «Թե Սուսաննա Գաբրիելյանին տեսնես Կարսի փողոցներում»․․․ հետո ավելի էր հանդարտվում, լրջահայաց հիշում մեկ այլ գյումրեցու՝ Մկրտիչ Արմենին ու շշնջում․ «Հբը կյանքս ինչու՞ անցավ»։

Ավագ սերնդից շատերը նրան դեռ հիշում են, բարեբախտություն ունեցել են ներկա գտնվելու տարբեր դահլիճներում, հանդիսությունների և իր մենահամերգների ժամանակ, ոչ միայն հիշյալ բանաստեղծներին էր բեմական կյանք «ներմուծում», այլ նաև այդ տարիների երիտասարդ բանաստեղծներին, բայց միշտ ընտրողաբար, իր քիմքին հաճո, իր հուզախռիվ ներաշխարհը որոշապես բացահայտող․ միշտ ասում էր․ «Ես սուտ խոսել էդպես էլ չսովորեցի»։ Ծիծաղում է․ «Դրա ժամանակը երբեք չես ունենա, մի դժգոհիր»։ Լռում էր մտքերս կարդալով, վերապրելով՝ ծխախոտ վառելու պես մատների նուրբ շարժումով կրակվառիչի ակամա բոցկլտումով ծխախոտը շուրթերին մոտեցնելով․ անկրկնելի էր ամեն պահ և ամենուր։

Միշտ տխրությամբ էր լցվում, երբ հիշում էր Մարինա Ցվետաևային՝ հազիվ անլսելի տողեր էր շշնջում։ Ինձնից ավագները, վստահ եմ, դեռ հիշում են Մարինա Ցվետաևաին նվիրված երեկոն Բրյուսովի ինստիտուտի դահլիճում․ 60-ական թվականներ և Ցվետաևա․․․ ժամանակի անթույլատրելիության սահմանը խախտվել էր, Սուսաննան հայտնվել էր գաղափարական հավատաքննչական մարմնի տեսադաշտում․․․

Որքան հիշում եմ Առնո Բաբաջանյան համերգասրահում էր․ Մարցինկյավիչհուսի «Պատը» /ռուսերեն/ պոեմի ասմունքի, ավելի ճիշտ վերապրման երեկոն էր։ Մոսկվայից եկած պատվիրակություն կար դահլիճում, կասկածամիտ հայացքներով սպասում էին արտիստուհու բեմ դուրս գալուն։ Ես ուշադիր հետևում էի նրանց շարժուձևին, ինչ որ բան էին շշնջում, կարծեմ պատվիրակությանը գրականագետ, թարգմանիչ Լևոն Մկրտչյանն էր հրավիրել։ Հանկարծ բեմը ողողվեց Սուսաննայի երկնագույն երկարափեշ ալիքվող զգեստով և ․․․ սկսվեց արտիստի ձայնային աննկարագրելի մենապարը, որ քիչ է պոեզիայի թատրոն անվանել։ Հետագա կուլիսային խոսակցություններից իմացանք, որ ռուս հյուրերը սկզբում կասկածել էին Սուսաննայի հայ լինելուն, այնպես, ինչպես հիմա շատերին կասկածելի կթվա, որ ոչ վաղ անցյալում պոեզիայի Արքայադուստր ենք ունեցել։ Համենայն դեպս, ես չգիտեմ, կա՞ն, պահպանվու՞մ են ձայնագրություններ, գուցե որոշ «պատառիկներ», բայց ու՞մ համար։ Ակամա հիշեցի սփյուռքահայ բարեկամիս՝ լուսահոգի գրող, դրամատուրգ Արա Արծրունուն, որը երևանյան իր այցելությունների ժամանակ ներկա է եղել տերյանական մի մենահամերգի․ «Օր մը օրանց լսած եմ անոր, աննախադեպ էր, բացառիկ, իրմով բեմասացությունը սիրեցի մինչ այդ լսածներուս մեջ, կամ կուլան կամ կբոռան։ Մեղք՝ չափազանց շատ դերասաններ ունինք, բայց բեմասացներ՝ սակավ»։ Բեմասացներ, այսինքն՝ ասմունքողներ, ճիշտ գտնված բառ, ցավոք սակավ օգտագործվող։

Սուսաննան իրապես բեմասաց էր, նա բեմում  ա ս ա ց ո ղ  էր, աներկյուղ, ապրումներով լեցուն, ինչպես մեր էպոսի ասացողներն էին՝ ավելորդ ոչինչ չհորինելով, չթաքցնելով իրենց հույզը, ընկալումները։

Այսպիսին էր Սուսաննա Գաբրիելյանը՝ կրակոտ, հրայրքոտ, երևանյան այդ օրերի մելամաղձը շուրթերին, իր պաշտելի տերյանական անվեհերոտ թախծի գունագեղությունը հրամցնող, չարենցյան տխրադալուկ աղջկա լուսամփոփային մերկությունը ներկայացնող․․․

1992 թվականն էր․ Սուսաննայի երկրային կյանքի վերջին տարին և եթե շռնդալից մուտք գործեց բեմարվեստ, ապա աննկատ էր իր հեռանալը, գուցե վերջին պահին վերստին Չարենցին է հիշել․ «Իմ մահվան օրը կիջնի լռություն»․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter