
Վարչապետի աշխատակազմում քննարկվում է նոր կառավարական ինքնաթիռ ձեռք բերելու հարցը
2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ «Ինչու՞ Փաշինյանը չէր կարող ԱՄՆ մեկնել կառավարական ինքնաթիռով, որն ունակ է հատել օվկիանոսը» «Հետք»-ի հոդվածին: Պատգամավորը, դիմելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, հետաքրքրվեց, թե ինչու է որոշվել վարչապետի այցն իրականացնել մասնավոր ընկերության ծառայություններով:
«Դուք հիմնավորումներ էիք բերել, որ այդ օդանավը տեխնիկապես չի կարողանում անցնել օվկիանոսը,«Հետք»-ը, սակայն, տվյալներ էր հրապարակել ինքնաթիռի հեռավորության և վառելիքի ծախսի վերաբերյալ, որը չէր համապատասխանում ձեր տվյալներին»,- ասաց Սամսոնյանը:
Էդուարդ Աղաջանյանն արձագանքեց, որ այդ ոլորտի մասնագետ չէ, սակայն վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանի (մասնագիտությամբ օդաչու է) հետ այդ թեմայով խոսել է:
«Մեր օդաչուները լիցենզավորված չեն տրանսատլանտյան թռիչքներ իրականացնելու համար»,- ասաց Աղաջանյանը:
Անի Սամսոնյանն արձագանքեց, որ միանշանակ է՝ դա վարչապետի վերջին այցը չէ ԱՄՆ, ինչպես է այդ խնդիրը լուծվելու:
«Տարբեր տարբերակներ են քննարկվում, այդ թվում նաև նոր ինքնաթիռի գնման տարբերակը, որովհետև գործող ինքնաթիռը բավականին հին է և որոշ ստանդատներին չհամապատասխանող: Նոր տեխնոլոգիաների առկայության պարագայում վառելիքի և ծախսերի տեսանկյունից շատ ավելի նպատակահարմար կարող է լինել նոր ինքնաթիռի ձեռքբերումը»,- ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը` հավելելով, որ նման որոշում չկա ընդունված, պարզապես քննարկվող տարբերակներից մեկն է:
«Ես համաձայն եմ, որ բացարձակ թվով ծախսեր են, բայց սա պետություն է, և գոյություն ունեն ծախսեր, որոնցից հնարավոր չէ հրաժարվել»,- եզրափակեց Էդուարդ Աղաջանյանը:
Մեկնաբանել