HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը

Վճռաբեկ դատարանը՝ նախագահությամբ  դատավոր Լիլիթ Թադևոսյանի, վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը բեկանելու և քրեական գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը:

Հիշեցնենք, որ գործը բեկանելու և քրեական գործն առաջին ատյանի դատարան՝  նոր քննության ուղարկելու մասին որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը:

Վերջինս ներկայացված բողոքների գործով խորհրդակցական սենյակ էր հեռացել առանց Քոչարյանի պաշտպաններին լսելու:

Վճռաբեկ դատարանի դատավոր Լիլիթ Թադևոսյանը, որը վարույթ է ընդունել Քոչարյանի պաշտպանի բողոքը, նախկինում եղել է «Յոթի գործով» դատախազ, և հրաժարվել է այդ գործով անցնող Ալիկ Արզումանյանի, Շանթ Հարությունյանի ու մյուս 5 անձանց մեղադրանքներից: Պատճառը եղել է այն, որ 2008-ին գործող  Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածում 2009-ին փոփոխություն էր կատարվել:

Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցրել և դիմել էր Սահմանադրական դատարան, քանի որ կասկածներ է ունեցել Քոչարյանին վերագրվող 300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ:

Մասնավորապես՝ դատավորը իր կայացրած դատական ակտում նշել էր, որ դիմում է Սահմանադրական դատարան՝ պարզելու համար այս գործով կիրառման ենթակա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter