HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքան հարկ են վճարել բանկերը

Այս տարվա առաջին ինն ամիսներին՝ հունվար-սեպտեմբերին, Հայաստանում գործող 17 առևտրային բանկերը միասին պետական բյուջե են վճարել 42.3 մլրդ դրամի հարկեր։ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բանկերի հարկերն աճել են 3.6 մլրդ դրամով կամ 9.4%-ով։ Այս մասին են վկայում Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած խոշոր հարկատուների վճարած հարկերի ցուցանիշները։

«Հետք»-ը խոշոր հարկատուների այս տարվա հունվար-սեպտեմբերի ցանկից մեկտեղել է բանկերի ցուցանիշները և համեմատել 2018 թվականի նույն ամիսների հարկերի հետ։

Այսպես, այս տարվա առաջին ինն ամիսների տվյալներով Հայաստանի խոշորագույն հարկատու բանկը «Ամերիաբանկ»-ն է, որը վճարել է մոտ 6.7 մլրդ դրամի հարկեր։ Բանկի հարկերն աճել են 1.7 մլրդ դրամով կամ 34.5%-ով։

Հաջորդ խոշոր հարկատուն «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ»-ն է՝ մոտ 5.4 մլրդ դրամի հարկերով։ 2018 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ բանկի հարկերն աճել են 382 մլն դրամով կամ 7.7%-ով։

Եռյակը եզրափակում է «Հայբիզնեսբանկը», որի վճարած հարկերի ծավալը կազմել է 3.9 մլրդ դրամ՝ ՝ 761 մլն դրամով կամ 24.1%-ով ավելին, քան նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին։

Հնգյակում են նաև «Ինեկոբանկ»-ն ու «Արդշինբանկ»-ը, որոնց վճարած հարկերի ծավալը նվազել է համապատասխանաբար 2.1%-ով և 1.2%-ով։

Ընդհանուր առմամբ, 17 առևտրային բանկերից միայն չորսի հարկերն են նվազել այս տարվա հունվար-սեպտեմբերին։ Անկում արձանագրած մյուս երկու բանկերն են «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը և «ԱյԴի բանկ»-ը։ Ընդ որում՝ ամենամեծ անկումը գրանցել է «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը, որի հարկերը կիսով չափ նվազել են։ Զգալի է նաև «ԱյԴի բանկ»-ի հարկերի նվազումը՝ 26.3%-ով։

Աճ արձանագրած բանկերի շարքում բացարձակ թվով ամենամեծ աճը գրանցել է «Ամերիաբանկ»-ը, իսկ տոկոսային առումով «Բիբլոս բանկ Արմենիա»-ն, որի հարկերն աճել են 115.7%-ով կամ 2.1 անգամ։ Այդուամենայնիվ, «Բիբլոս բանկ Արմենիա»-ն և «Արցախբանկ»-ը ամենամափոքր ծավալի հարկ վճարող բանկերն են այս տարվա հունվար-սեպտեմբերի տվյալներով։

Գործող բոլոր բանկերի ցուցանիշներին կարող եք տեսնել ստորև տեղադրված ինֆոգրաֆիկայում։ Ձախ հատվածում բանկերի վճարած հարկերի ծավալն է այս տարվա առաջին ինն ամսում, ցուցանիշները ներկայացված են մլրդ դրամով։ Իսկ աջ հատվածի աղյուսակում ներկայացված են բանկերի վճարած հարկերի փոփոխությունները 2018 թվականի առաջին ինն ամիսների համեմատ։ Բացարձակ թվով փոփոխությունը ներկայացված է մլն դրամով։

Բանկերի մեծ մասը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում են համեմատաբար բարձր հորիզոնականներ։ Նրանցից 12-ը տեղ են գտել այս տարվա հունվար-սեպտեմբերի խոշոր հարկատուների ցանկի առաջին 100 հորիզոնականներում։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել 764.5 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տվյալները, 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ խոշորների հարկերն աճել են մոտ 91 մլրդ դրամով կամ 13.5 %-ով։ Հանրապետության խոշորագույն հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter