Դատապարտյալները պարապության են մատնված. «Պարապ մարդը քրեածին հակումներ ունի»
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերի պատերի տակ, խումբ-խումբ հավաքված սևազգեստ տղամարդիկ պարզապես անելիք չունեն: Նրանք ողջ օրվա ընթացքում միայն սնվում են, զբոսնում ու քնում: «Արթիկ»-ում սեպտեմբերի 1-ի դրությամբ իր պատիժն էր կրում 163 դատապարտյալ: Նրանցից աշխատանքով ապահովված էր ընդամենը 13-ը:
Քրեակատարողական հիմնարկում միայն «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացի արտադրամասն է գործում, որտեղ այս պահին աշխատում է 1 դատապարտյալ: Դատապարտյալները նույնպես դժգոհում էին, որ զբաղմունք չունեն, չկան նաև ինքնազբաղվածներ: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմին խնդրեցինք ծանոթացնել ինքնազբաղված դատապարտյալների հետ. «Նման անձինք չունենք»,- հնչեց պատասխանը:
«Հենց գալիս է պայմանական վաղաժամկետ ազատման վախտը, հիշում են, որ մենք չենք աշխատել: Ախպեր ջան, աշխատանք տվեք, աշխատենք: Գնանք զուգարան մաքրե՞նք, թե՞ ձեր կոշիկները սրբենք, ի՞նչ անենք»,- ասում էր Համո անունով ներկայացած դատապարտյալը:
2019թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ 12 քրեակատարողական հիմնարկներում պահվում էր 1269 դատապարտյալ, որոնցից նույն ժամանակահատվածում վարձատրվող աշխատանքով ապահովվել էր ընդամենը 168 դատապարտյալ: Հուլիսի 1-ի տվյալներով՝ 113 դատապարտյալ էլ ներգրավված է եղել չվարձատրվող աշխատանքներին: Ստացվում է՝ վարձատրվող աշխատանքներ են կատարում ընդհանուր դատապարտյալների 13.2 %-ը, իսկ չվարձատրվողները 2019թ. առաջին կիսամյակի տվյալներով կազմում են 4,9 %:
Made with Visme Infographic Maker
«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամն իր նպատակին չի ծառայում
2001թ.-ի սեպտեմբերի 22-ին Կառավարության թիվ 888 որոշմամբ ստեղծվել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը: Վերջինս գործունեությունը սկսել է ծավալել 2002թ-ի ապրիլի 1-ից: «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի առաջնային նպատակներից է դատապարտյալներին աշխատանքով ապահովելը, ինչպես նաև նրանց կրթական մակարդակի բարձրացումը:
Քրեակատարողական ծառայությունից հետաքրքրվել էինք՝ արդյոք կատարվել է հաշվառում, թե բարձրագույն կրթություն ունեցող քանի դատապարտալ կա և ինչ մասնագիտություններ ունեն, և արդյոք նրանց հնարավոր է ապահովել աշխատանքով: Ստացվել է պատասխան, որ բարձագույն կրթություն ստացած դատապարտյալների վերաբերյալ հաշվառում չի իրականացվում, և այդ մասով տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել:
Պաշտոնական թվերը փաստում են, որ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամն իր ստեղծման նպատակին չի ծառայում: Ուշագրավ է այն, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ հիմնադրամը աշխատանքով ապահովել է ընդամենը 57 դատապարտյալի, որը կազմում է ընդհանուր դատապարտյալների 4.4 %-ը, և վճարովի հիմունքներով աշխատողների 33.9 %-ը:
Հիմնադրամի տնօրեն Էմիլ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հիմնադրամի հիմնական շահառուները դատապարտյալներն են, և զբաղվածության ապահովումն առաջին տեղում է: Քայլեր են ձեռնարկվում շատ դատապարտյալներ ունեցող քրեակատարողական հիմնարկներում արտադրություններ հիմնելու ուղղությամբ:
Է. Մարտիրոսյանը նշեց, որ 57 դատապարտյալի աշխատանքով ապահովելը բավարար ցուցանիշ չէ, սակայն պարապ չեն նստում, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Նշեց, որ երբեմն էլ աշխատուժի կարիք են ունենում: Օրինակ, այս պահին «Աբովյան» ՔԿՀ-ում պատիժը կրում են 20-25 դատապարտյալ, մինչդեռ կարի արտադրամասում, խոզերի ֆերմայում աշխատողի կարիք կա, ցանկություն հայտնող չկա: Իսկ «Արմավիր» ՔԿՀ-ում էլ չեն կարողանում աշխատանքով ապահովել և դատապարտյալները հիմնականում զբաղվում են ստեղծագործական աշխատանքով: «Արմավիր»-ում չկա ոչ մի արտադրամաս:
«Ես օգոստոսի վերջից եմ աշխատում, իհարկե, 2002թ-ից սկսած շատ հնարավորություններ են եղել, որոնք չեն օգտագործվել: Այսօր ավելի քիչ հնարավորություններ կան, քան եղել է գործունեության սկզբում»,- ասում է Էմիլ Մարտիրոսյանը:
Տնօրենի խոսքերով՝ աշխատանքներ են տարվում վերակենդանացման կարիք ունեցող արտադրամասերը գործարկելու ուղղությամբ, ասենք՝ Աբովյանի փայտի մշակման, Կոշի շինանյութի արտադրամասերը և այլն:
ՔԿՀ-ներում գերակշռում են տեխնիկատնտեսական աշխատանքները
Ինչպես «Հետք»-ին տեղեկացնում են քրեակատարողական ծառայությունից, ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալներն ընդգրկվում են տարբեր բնույթի աշխատանքներում: Դատապարտյալները կատարում են ՔԿՀ-ների տեխնիկատնտեսական սպասարկման, վարձատրվող և չվարձատրվող աշխատանքներ: Պայմանագրային հիմունքներով աշխատում են «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում, ընդգրկվում են ինքնագործ միավորումներում, իսկ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներն աշխատում են հիմնարկի սահմաններից դուրս՝ այլ գործատուի մոտ:
Հատկանշական է, որ 168 վճարվող աշխատողներից 101-ն աշխատում է ՔԿՀ-ների տեխնիկական մասերում, 10-ը՝ այլ գործատուների մոտ (բաց ռեժիմ):
ՔԿԾ-ի փոխանցմամբ՝ դատապարտյալներն իրենց համաձայնությամբ, առանց վարձատրության ներգրավվել են ուղղիչ հիմնարկների կամ դրանց հարող տարածքների բարեկարգման աշխատանքներին: Աշխատանքները կատարել են ոչ հանգստյան ժամերին՝ օրական 2 ժամից ոչ ավել ժամանակով:
Դատապարտյալին տեխնիկատնտեսական սպասարկման վարձատրվող աշխատանքներում ընդգրկելու դեպքում կնքվում է աշխատանքային պայմանագիր: Պետական միջոցների հաշվին վճարվում է աշխատավարձ՝ նվազագույն աշխատավարձի չափով՝ 55,000 դրամ:
«Ինովացիոն ծրագրերի ներդրման շրջանակներում նախատեսվում է «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի հետ համատեղ քննարկել քրեակատարողական հիմնարկներում արտադրության կազմակերպման հնարավորությունները, որի արդյունքում կապավովվի թե՛ անազատության մեջ պահվող անձանց օգտակար զբաղվածությունն ու վերասոցիալականացման արդյունավետ կայացումը, և թե՛ քրեակատարողական համակարգի կայուն զարգացումը»,- փոխանցում է քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Մարինե Գասպարյանը:
Պարապ մարդը հակված է ունենալ քրեածին հակումներ
ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեակատարողական հիմնարկներում զբաղվածություն չապահովելն ամենալուրջ բացթողումներից է:
«Եթե հասուն տղամարդիկ երկար ժամանակով պարապության են մատնված, դա առաջացնում է վատ հետևանքներ և հենց իրենց համար, և վարչակազմի և հետագայում ազատության մեջ հայտնվելով՝ ընտանիքների ու շրջապատող մարդկանց համար: Պարապ մարդն ավելի շատ է հակված ունենալ կպչուն մտքեր, իսկ դրանք կարող են ունենալ ավելի շատ քրեածին հակումներ: Ինչքան պարապ են լինում, այնքան մեծ է լինում նոր հանցագործություն կատարելու հավանականությունը»,- ասում է Հասմիկ Հարությունյանը:
Հ. Հարությունյանի խոսքերով՝ թեև որոշ աշխատանքներ կատարվում են համակարգում, սակայն հուսադրող չէ: Հասմիկ Հարությունյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ աշխատանքներում ներգրավվում են դատապարտված անձինք, իսկ կալանավորվածներին աշխատանքով ապահովելն արգելված է օրենքով:
«Բոլորս էլ գիտենք, թե իրականության մեջ կալանավորումը ինչքան կարող է տևել: 2-3 տարի անձը կարող է մնալ կալանքի տակ ու ցանկանա աշխատել, բայց նման հնարավորություն չունենա»,- հավելեց դիտորդական խմբի ղեկավարը:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանն էլ ասում է, որ տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չվարձատրվող աշխատանքներում ընդգրկված են եղել հիմնականում նույնասեռական անձինք կամ այն դատապարտյալները, ովքեր դատապարտվել են սեռական բռնության համար: Վերջիններս կատարել են տարածքի, կոյուղու մաքրման, աղբահանության և այլ աշխատանքներ:
Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ զբաղվածության հարցը միշտ եղել է ՔԿՀ-ներում: Օրինակ, 2018թ. ընթացքում վարձատրվող աշխատանքներում ընդգրկված է եղել 360 դատապարտյալ, որը կազմել է ընդհանուր դատապարտյալների 11.7 %-ը, իսկ չվարձատրվող աշխատանքներում ներգրավված են եղել 203 դատապարտյալ՝ 6,6 %:
«Եթե պետությունն անձին չի ապահովում աշխատանքով, նշանակում է պատժի կրման ժամանակահատվածում նպաստավոր պայմաններ են ստեղծվում, որ անձը ներքաշվի քրեական ենթամշակույթի մեջ՝ իր բոլոր բացասական հետևանքներով»,- ասում է Նարե Հովհաննիսյանը և ուշադրություն հրավիրում դատապարտյալների ինքնավնասումների թվի վրա:
Ուշագրավ է, որ 2018թ. քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է ինքնավնասման 612 դեպք։ Հաշվետու տարում 2017թ․ համեմատությամբ ինքնավնասման դեպքերն ավելացել են 5-ով։ Այսպես, 2017թ. արձանագրված ինքնավնասման դեպքերի թիվը 607 է, որից կանխվել է 190-ը։ Մտահոգիչ է եղել «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներից մեկի դեպքը: Նա 2018թ. 126 անգամ ինքնավնասում է կատարել, որը պայմանավորված է եղել իր քրեական գործով:
Ինքնավնասման ամենաշատ դեպքերը արձանագրվել են «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում՝ համապատասխանաբար՝ 254 և 126 դեպք:
Հիշեցնենք, որ «Հետք»-ն անդրադարձել էր ինքնասպանությունների թեմային: Տարեկան միջինում 4 անձ մահանում է Հայաստանի բանտերում, որը որակվում է որպես ինքնասպանություն։ Վերջին 10 տարիներին՝ 2008-2018 թթ., Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանություն է գործել 40 անձ, որից 30-ը՝ դատապարտյալ, իսկ 10-ը՝ կալանավոր։ Բացի 2 դեպքից՝ մնացած բոլոր դեպքերում մահացած անձանց գտել են կախված վիճակում։ Ինքնասպանության վարկածով մահացածները հիմնականում սպանության կամ այլ երկարատև կալանք պահանջող հոդվածներով ազատազրկվածներն են։ Դեպքերի մեծ մասը, սակայն, գրանցվել է կալանքի առաջին տարվա ընթացքում։
«Ազատազրկումը, առավել ևս՝ երկարաժամկետ, բացասաբար է անդրադառնում մարդու կյանքի վրա: Անձը կորցնում է սոցիալական հմտությունները և կապերը ընտանիքի ու հասարակության հետ, դուրս է մնում աշխատաշուկայից և տնտեսական գործունեությունից: Դա հանգեցնում է փորձի, մասնագիտական հմտությունների ու կարողությունների կորստի, նվազեցնում է աշխատանք ունենալու կամ պատիժը կրելուց հետո այն ձեռք բերելու հնարավորությունը: Այդ ամենն իր բացասական հետևանքներն է ունենում ազատազրկված անձի և նրա ընտանիքի եկամտի ու նյութական բարեկեցության վրա: Անձը հնարավորություն չունի իր էներգիան սպառել»,- ասում է Նարե Հովհաննիսյանը:
Իրավապաշտպանը նշում է նաև, որ քրեակատարողական հիմնարկներում չկան բավարար պայմաններ ընթերցանությամբ, սպորտով զբաղվելու համար: Սա ևս զբաղվածություն է ապահովում և այդ հարցով պետք է զբաղվել:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել