
Գործադիրը 489 միլիոն դրամ տրամադրեց 5 մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար
Արարատի, Արմավիրի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի մարզպետարաններին կհատկացվի 489 միլիոն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերն իրականացնելու համար։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ ներկայացվել է 518 ծրագրային հայտ, որից հավանության է արժանացել 483-ը: Այժմ ընթանում է հավանության արժանացած ծրագրերի մրցութային գործընթացը, կամ արդեն իսկ իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, գազիֆիկացմանը:
«Ես կարծքում եմ, որ մենք խնդիր ունենք նաև վիզուալ տեսնելու կատարված այդ աշխատանքները։ Իհարկե, շատ դժվար կլինի բոլոր տեղերը շրջայցեր կատարել, բայց կարծում եմ, որ ձեր նախարարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որ նաև լրատվամիջոցներով լուսաբանվի, թե ինչ է տեղի ունենում և այդ լուսաբանման արդյունքում կլինեն արձագանքներ և կտեսնենք, թե որն է պրոպագանդա, որը՝ իրականություն»,- Կառավարությանը նիստին նշեց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։
Հիշեցնենք, որ Կառավարությունը նախորդ նիստին 1 միլիարդ 150 միլիոն դրամ հատկացրեց Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։
Մեկնաբանել