HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի ընթացիկ հաշվի պակասուրդը վատթարացել է առաջին կիսամյակում

Հայաստանի ընթացիկ հաշվի պակասուրդն այս տարվա առաջին կիսամյակում վատթարացել է։ Ըստ Կենտրոնական բանկի տրամադրած տվյալների՝ այն կազմել է 549.8 մլն դոլար, որը 48.6 մլն դոլարով ավելին է, քան 2018 թվականի առաջին կիսամյակում էր։ ԿԲ-ն այս ցուցանիշը հրապարակում է եռամսյակը մեկ անգամ. վերջինը կիսամյակային ցուցանիշներն են։ Եթե փորձենք պարզ բացատրել, ապա վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշիվը ցույց է տալիս Հայաստան մտնող և դուրս եկող գումարների տարբերությունը։ Ադ գումարները Հայաստան են մտնում գլխավորապես արտահանման, ինչպես նաև արտասահմանից դեպի Հայաստան փոխանցվող գումարների ու օտարերկրյա ներդրումների տեսքով։ Միևնույն ժամանակ, գումարները դուրս են գալիս հիմնականում ներմուծման, ինչպես նաև՝ Հայաստանից դեպի արտասահման ուղարկվող գումարների, ներդրումների գծով կատարվող մարումների տեսքով։ Նշված 549.8 մլն դոլարը ցույց է տալիս, որ նշված գործառնությունների արդյունքում այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից այդքան շատ գումար է դուրս եկել, քան մուտք եղած գումարներն են։ Դա կազմել է նույն ժամանակահատվածում գրանցված ՀՆԱ-ի 9.7 %-ը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9.8 %-ի փոխարեն։

Ինչպես ավելի վաղ գրել ենք, 2018 թվականին ընթացիկ հաշվի պակասուրդը կտրուկ խորացել է։ 2017 թվականի համեմատ այն 3.5 անգամ մեծացել է, որը պայմանավորված է մեծ մասամբ արտահանման բացասական հաշվեկշռի աճով։ Այլ խոսքով՝ ներմուծումը շատ ավելի արագ էր աճել (16.3 %-ով), քան արտահանումը (9.3 %-ով):

Այս տարվա առաջին կիսամյակում այն ևս շարունակել է մեծանալ, սակայն, ինչպես տեսնում ենք, ավելի դանդաղ տեմպերով։ Ընդ որում՝ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը փոքրացել է։ Եվ հաշվի առնելով հունվար-սեպտեմբերի արտաքին առևտրի տվյալները՝ կարելի է ենթադրել, որ երրորդ եռամսյակում ևս տեմպերը թուլացած կլինեն։ ԿԲ-ի տվյալները վկայում են, որ այս տարի ընթացիկ հաշվի պակասուրդի մեծացումը պայմանավորված է հիմնականում տրանսֆերտների և օտարերկրյա ներդրումների գործոնով։

Վերջին առնվազն հինգ տարիների առաջին կիսամյակների համեմատությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ընթացիկ հաշվի ամենամեծ պակասուրդը գրանցվել է այս տարի։ Իսկ ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2017 թվականի առաջին կիսամյակում։

Առաջին կիսամյակում ընթացիկ հաշվի պակասուրդի հիմնական մաս կազմող ապրանքների բացասական հաշվեկշիռը 2019 թվականի հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 33.8 մլն դոլարով՝ դառնալով 758.7 մլն դոլար։ Այսինքն ՝ ապրանքների արտահանումը 758.7 մլն դոլարով պակաս է եղել ներմուծումից։ Մասնավորապես, ըստ ԿԲ-ի՝ ապրանքների արտահանումը կազմել է 1.298 մլրդ դոլար՝ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճելով 1.8 %-ով։ Իսկ ներմուծումը կազմել է 2.056 մլրդ դոլար՝ աճելով 0.5 %-ով։

Բացի ապրանքների արտահանումից, ԿԲ-ն ներկայացնում է նաև ծառայությունների արտահանումը։ Դա ցույց է տալիս, թե օրինակ օտարերկրացիները, զբոսաշրջիկները որքան գումար են ծախսել Հայաստանում ծառայություններից օգտվելիս։ Զբոսաշրջությունը ծառայությունների արտահանման ծավալի հիմնական նպաստող ոլորտներից է։ Ըստ ԿԲ-ի՝ այս տարվա հունվար-հունիսին ծառայությունների արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3.6 %-ով, իսկ ներմուծումը՝ 5.8 %-ով։ Արդյունքում ծառայությունների արտահանման գծով արձանագրվել է 11.4 մլն դոլարի բացասական մնացորդ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 8.2 մլն դոլարի փոխարեն։

Հայաստանի տնտեսություն գումարներ են հոսում և դուրս գալիս ոչ միայն արտահանման ու ներմուծման ճանապարհներով, այլևս՝ դրամական փոխանցումների՝ տրանսֆերտների ու ներդրումների։ Չխորանալով հաշվարկների մեթոդաբանության մեջ՝ միայն նշենք, որ դրանք ԿԲ-ն դասակարգում է «Սկզբնական եկամուտների» և «Երկրորդային եկամուտների» մեջ։ «Սկզբնական եկամուտների» գծով արձանագրվել է 41.6 մլն դոլարի բացասական մնացորդ՝ 19.8 մլն դոլարով ավելի, քան 2018-ի նույն կիսամյակում։ Իսկ «Երկրորդային եկամուտների» գծով մնացորդը դրական է՝ 261.9 մլն դոլար, որը, սակայն, նվազել է 43 մլն դոլարով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter