HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդներին գիտության ոլորտ ներգրավելու ծրագիր է ներկայացվել գիտական ինստիտուտներին

Այս օրերին շարունակվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծի աշխատանքային տարբերակի քննարկումը: Սրան զուգահեռ Գիտությունների ազգային ակադեմիան իր համակարգում գործող ինստիտուտներին է ուղարկել երիտասարդներին գիտության ոլորտ ներգրավելու ծրագիր, որտեղ, սակայն, նշված չէ նախաձեռնող կառույցի անունը: ԳԱԱ-ից «Հետքին» հայտնել են, որ ծրագիրն ակադեմիա է ուղարկել ՀՀ գիտության կոմիտեն (ԳԿ):

14 էջից կազմված ծրագրում ներկայացվել են գիտության ներկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները: Նշվել է, որ ծրագրի նպատակն է ապահովել ՀՀ գիտության ոլորտի կադրային ներուժի արդյունավետ վերարտադրությունը, նպաստել գիտության ոլորտը բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներով համալրելուն:

Գիտության ներկա վիճակին, առկա խնդիրներին անդրադառnալիս նշվել է, որ անկախության տարիներին երկրի գիտական ոլորտը ենթարկվեց կառուցվածքային եւ կադրային փոփոխությունների, որոնց պատճառը գիտական մի շարք ուղղությունների նկատմամբ պահանջարկի բացակայությունն էր ու մինչ օրս շարունակվող թերֆինանսավորումը: Սրա հետեւանքով գիտական կադրերի եւ առաջին հերթին երիտասարդների արտահոսք եղավ գիտության ոլորտից, ինչն էլ հանգեցրեց գիտության ոլորտի «ծերացմանը»՝ խախտելով սերնդափոխության ընթացքը:

Առանձնացված խնդիրներից են պետպատվերի մեխանիզմի բացակայությունը գիտական կադրեր պատրաստելիս, գիտական ատենախոսությունների ցածր մասնագիտական մակարդակը, մեծամասամբ դրանց թեմաների անհամապատասխանությունը Հայաստանի գիտության եւ տնտեսության պահանջներին, ասպիրանտների ու երիտասարդ գիտաշխատողների սոցիալական եւ աշխատանքային պայմանները, գիտաշխատողի աշխատանքային կարիերայի ոչ գրավիչ լինելը: Այս հարցերի լուծման համար ԳԿ-ի ծրագիրն առաջարկում է լուծումներ:

Գիտկոմիտեն գտնում է, որ գիտական կադրեր պատրաստելիս անհրաժեշտ է ձեւավորել պետպատվերի մեխանիզմ, մշակել ու ներդնել նման կադրերի պահանջարկի եւ առաջարկի գնահատման չափորոշիչներ: Այս քայլերն, ըստ ԳԿ-ի, պետք է ուղղված լինեն արդեն իսկ կայացած գիտական դպրոցների պահպանմանն ու զարգացմանը, բխեն Հայաստանի տնտեսության կարիքներից, ինչպես նաեւ գիտական եւ գիտամանկավարժական կադրերի արդյունավետ վերարտադրությանը:

Ծրագրի համաձայն՝ անհրաժեշտ է մշակել ասպիրանտական տեղերի հատկացման չափանիշներ ու չափորոշիչներ, որի նպատակն է ասպիրնատուրայում ընդգրկել գիտությունը որպես ապագա մասնագիտություն ընտրած երիտասարդներին: Այս դեպքում առաջնահերթությունը պիտի տրվի այն բնագավառներին, որոնցում մեր երկիրն ունի կամ կարող է ունենալ իր առանձնահատուկ տեղը համաշխարհային շուկայում: Ընդ որում՝ ծրագիրը նշում է, որ ասպիրանտական ուսուցումը կարելի է կազմակերպել մասնավոր հատվածի հետ համատեղ՝ սահմանելով պետական նպատակային եւ մասնավոր հատվածի պատվերով ձեւավորվող ասպիրանտական տեղեր:

Առաջարկվում է բարձրացնել ատենախոսությունների մասնագիտական մակարդակը, դրանց թեմաները համապատասխանեցնել Հայաստանի գիտության եւ տեխնիկայի զարգացման գերակայություններին ու տնտեսության պահանջներին:

Ծրագրով նախատեսվում է ներդնել գիտության վրա հիմնված կրթություն եւ ստեղծել հետազոտական համալսարաններ: «Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ համալսարաններում հնարավոր է անհամեմատ ավելի բարձր արդյունավետությամբ զուգակցել ուսուցման գիտական եւ կրթական բաղադրիչները,- ասվում է ծրագրում,- միայն ակտիվ գիտական միջավայրում է հնարավոր պատրաստել բարձր որակավորում ունեցող եւ գիտության ժամանակակից պահանջներին համապատասխանող ստեղծարար մասնագետներ»: Բացի նշվածից, ըստ ծրագրի, պետք է մշակել ու ներդնել օտարերկրյա պետությունների կամ միջազգային առաջատար գիտական կամ գիտակրթական կենտրոններում նպատակային ասպիրանտական կրթության եւ հետդոկտորանտուրայի կազմակերպման մեխանիզմներ:

Ասպիրանտների եւ երիտասարդ գիտաշխատողների սոցիալական ու աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ առաջարկվում է ասպիրատուրայում սովորողների կրթաթոշակը հավասարեցնել ՀՀ ամսական նվազագույն աշխատավարձին, իսկ հետազոտական եւ այլ ծախսերի համար ամեն ամիս հատկացնել ֆինանսական միջոցներ նվազագույն ամսական աշխատավարձի կեսի չափով: Նախատեսվում է հետդոկտորանտների (գիտական ատենախոսությունը նոր պաշտպանած գիտաշխատողների) աշխատավարձը սահմանել նվազագույն ամսական աշխատավարձի 1,5-ի չափով, հետազոտական եւ այլ ծախսերի համար էլ յուրաքանչյուր ամիս հատկացնել նվազագույն ամսական աշխատավարձի 0,75-ի չափով ֆինանսական միջոցներ: Առաջարկվում է նաեւ շարունակական դաձնել «Մատչելի բնակարան՝ երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» սոցիալական բնակարանային ապահովության ծրագիրը:

Որպես գիտաշխատողների սոցիալական եւ աշխատանքային պայմանները բարելավելուն ուղղված քայլ դիտարկվում է նրանց աշխատավարձի բարձրացումը. ըստ ծրագրի՝ գիտաշխատողի նվազագույն աշխատավարձը պետք է լինի հանրապետության նվազագույն աշխատավարձի կրկնակին:

Բացի սոցիալական գործոնից՝ ծրագրով առաջարկվում է արդիականացնել գիտական կազմակերպությունների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական ենթակառուցվածքները, ստեղծել եզակի գիտական սարքավորումների կոլեկտիվ օգտագործման կենտրոններ:

Ծրագիրն անդրադառնում է նաեւ հասարակության մեջ գիտության վարկի, գիտնականի հեղինակության բարձրացմանը: Օրինակ՝ առաջարկվում է Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի ծրագրերում հատուկ եթերաժամ տրամադրել Հայաստանի, ինչպես նաեւ համաշխարհային գիտության եւ տեխնոլոգիաների ձեռքբերումներին՝ նման կերպ ցույց տալով նաեւ այն շահը, որ տնտեսությունն ու հասարակությունը կարող են ստանալ գիտական հետազոտությունների արդյունքների օգտագործումից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter