HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական է տվել

Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը որոշել է հրաժարական տալ: Այս մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում: 

Պատճառը վերջին օրերին այգու տարածքում մի շարք կենդանիների անկումն է, որոնց վրա հարձակվել են թափառող շներ: Երեկ գիշեր` նոյեմբերի 1-ին, մոտավորապես ժամը 06:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածքում գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը:

Ոհմակը հարձակվել է այգում պահվող 3 մուֆլոնների (2 արու, 1 էգ) վրա: Գրանցվել է կենդանիների անկում: Շներին բռնել չի հաջողվել:

Մինչ Խաչատրյանի հրաժարականը Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան գրառում էր արել` առաջարկելով «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ պաշտոնից ազատման դիմում գրել։ 

Երևանի կենդանաբանական այգու անձնակազմի կարծիքով` Այգի մուտք գործած ոհմակը, ամենայն հավանականությամբ, նույն ոհմակն է եղել, որ հոկտեմբերի 31-ին հարձակվել էր կենգուրուների վրա:

Հիշեցնենք, որ կենգուրուների ազատավանդակից հաջողվել է բռնել նույն ոհմակի 3 ձագերին, որոնք տեղափոխվել են Թափառող շների վնասազերծման ՀՈԱԿ:

Երևանի կենդանաբանական այգին ահազանգում է Երևան քաղաքի տարածքում չստերջացված և վտանգավոր շների ոհմակի առկայության վտանգավորության մասին, որը նաև հանրային անվտանգության ապահովման հիմնախնդիր է, քանի որ ոհմակ կազմած, արդեն կենդանու որս արած շները վտանգավոր են թե՛ կենդանիների, թե՛ մարդկանց համար:

Այգու աշխատակազմը միաժամանակ դիմում է պատկան կառույցներին վերոնշյալ շների ոհմակին հրատապ կարգով գտնելու և վնասազերծելու նպատակով՝ հաշվի առնելով խնդրի հրատապությունն ու հանրային անվտանգության ապահովման կարևորությունը:

«Հավելենք, որ շների ներթափանցման հետ կապված մարդկային գործոնի բացառման համար դիմել ենք նաև ՀՀ իրավապահ մարմիններին՝ նախաքննություն սկսելու նպատակով»,- նշված է Կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter