HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ալեն Սիմոնյանը եկել էր դատարան. նա նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով տուժող է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, այսօր տեղի ունեցավ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը, որին դատարան էր ներկայացել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Այս գործով նա տուժողի կարգավիճակ ունի, քանի որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պայքարի օրերին, մասնավորապես՝ 2018 թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հատուկ միջոցների կիրառման հետևանքով վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:

Մինչ նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքը հանդիպել է նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ ու քննարկում ունեցել՝ կապված նռնակների կիրառման հետ:

«Կարծես թե լուծել ենք այդ խնդիրը, որ այդ նռնակներն այլևս չկիրառվեն, քանի որ այդ նռնակից 2008-ի մարտի 1-ին զոհ է եղել, նռնակներից այդ օրը Բաղրամյան պողոտայում բազմաթիվ վիրավորներ են եղել: Իմ վնասվածքը, կարելի է ասել, ամենաթեթևներից էր: Ոտքիս մեջ երեք բեկոր է եղել, բայց, ինչպես գիտենք, կար մի աղջիկ, ում դեմքն էր վնասվել եւ մի տղա կա, ով մինչև այսօր ոտքի հետ կապված խնդիր ունի»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ նշելով որ այդ օրվա իրադարձությունները երբեք չի մոռանա:

Սիմոնյանը հիշեց, որ վնասվածքներ ստանալու պահին եղել է Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Ավինյանի, Լենա Նազարյանի հետ:

«Մի պահ ձեռքս գցեցի, որ վահանը վերցնեմ, որ գցեմ փշալարերի վրա ու կարողանամ փշալարերն անցնել, ոստիկաններից մեկը ջանասիրաբար հարվածեց ձեռքիս, հասցրի ձեռքս հետ քաշել, որից վայրկյաններ անց պայթյունը եղավ»,- ասաց Սիմոնյանը: Նախորդ դատական նիստի մեկնարկին Լևոն Երանոսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ինքն արդար մարդ է ու արդարացվելու է: Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով այս հանգամանքին, նշեց, որ եթե դատարանը որոշի, որ անձը մեղավոր է, կպատժվի, ինքն այդ հարցում կասկած չունի: Պատգամավորը, սակայն, չցանկացավ Երանոսյանի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դիրքորոշում հայտնել՝ հիշեցնելով անմեղության կանխավարկածի մասին: Սիմոնյանը նշեց, որ ինչպես Բաղրամյան, այնպես էլ Արցախի պողոտայում Լևոն Երանոսյանն իրենց տեսադաշտում է եղել:

Այսօր դատարանը հետազոտեց գործում առկա ապացույցները, սակայն դրանք ավարտին չհասցրեց: Նիստը հետաձգվեց դատավորի ծանրաբեռնվածության պատճառով:

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Երանոսյանին վերագրվող գործողությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 16-ի և ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը և հայտարարում է, որ ոստիկանության գործողությունների արդյունքում է հնարավոր եղել ապահովել իշխանության անցնցում փոխանցումը։

«Ես մեղք չեմ գործել»,- դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Երանոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter