
«Երկու տրուպ էլ վրեդ կբարձեմ, կգնաս, կնստես». ըստ վկայի՝ իրեն ասել է Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, տևական ընդմիջումից հետո այսօր շարունակվում է Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Դատարանում ցուցմունք է տալիս գործով վկայի կարգավիճակ ունեցող Արթուր Ղևոնդյանը: Վերջինս, ըստ գործի նյութերի, տարիներ առաջ իր վրա է վերցրել Հայկ Սարգսյանի արարքը:
Ըստ քրեական գործի նյութերի՝ քաղաքացի Դավիթ Սիմոնյանը, ով Հայկ Սարգսյանի գործով տուժողի կարգավիճակ ունի, 2007 թվականին հրազենային վնասվածք է ստացել, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը քննվել է ու կարճման մասին որոշում է կայացվել:
Վերջերս Սիմոնյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2007-ին իրեն հրազենային վնասվածք է պատճառել Հայկ Սարգսյանը, և նոր երևան եկած հանգամանքի հիմքով գործը վերաբացվել է:
«Ես ստեղ կանգնած լինելու իրավունք չունեմ, որովհետև ես այս գործի հետ ընդհանրապես կապ չունեմ: Ուղղակի Նարեկ Սարգսյանն անմարդկային քայլ արեց ու ինձ ներքաշեց այս ամենի մեջ»,-ասաց Արթուր Ղևոնդյանը:
Ըստ Ղևոնդյանի՝ ինչպես կողմնակի այլ անձինք, այնպես էլ ինքը պարզապես լսել է, որ Հայկ Սարգսյանն է պատահաբար կրակել Դավիթ Սիմոնյանի վրա, անձամբ չի տեսել այդ ամենը, չգիտի՝ իրականում ով է կրակել և դեպքի վայրում առհասարակ չի եղել:
Արթուր Ղևոնդյանի խոսքով՝ դեպքի օրը՝ 2007 թվականի ապրիլի 1-ի երեկոյան, իրեն է զանգահարել Նարեկ Սարգսյանն ու ասել, որ արագ գնա իրենց տուն:
«Ասաց՝ արագ իջի ներքև, շեֆն ինչ ասի, կասես՝ հա: Գնացի, Սաշիկ ձյաձյան ասաց, որ Հայկը պատահաբար Դավիթի ոտքին է կրակել, վեկալ վրեդ, լավ ա լինելու, ոչ մի բանի մասին մի մտածի»,-պատմեց վկան:
Ըստ Արթուր Ղևոնդյանի՝ սկզբում ինքը համաձայնություն չի տվել, հետո Նարեկ Սարգսյանն իրեն ասել է, որ իջնի ներքև՝ նկուղ: Արդեն նկուղում, ըստ վկայի ցուցմունքի, Նարեկ Սարգսյանն իր հասցեին հայհոյանքներ է հնչեցրել:
«Երկու տրուպ էլ վրեդ կբարձեմ, կգնաս, կնստես»,-Ղևոնդյանի խոսքով՝ իրեն ասել է Նարեկ Սարգսյանը, որից հետո Ալեքսանդր Սարգսյանը նրան դիտողություն է արել, ապա բռնուցքով հարվածել է, բայց ոչ թե վնասելու համար, այլ հանգստացնելու:
Տեղի ունեցածից որոշ ժամանակ անց, ըստ Արթուր Ղևոնդյանի, ոստիկաններ են եկել շենքի մոտ, շենքի դալանի տակ պարկուճներ գցել, նկարել այդ ամենն ու իրեն տարել ոստիկանություն:
Ոստիկանությունում Արթուր Ղևոնդյանը տեսել է Արթուր Սիմոնյանին, ով այս գործով նույնպես վկա է, ներկա է եղել Սարգսյանների տան նկուղում տեղի ունեցած իրադարձություններին: Ղևոնդյանի խոսքով՝ ինքն Արթուր Սիմոնյանից հետաքրքրվել է, թե արդյոք շա՞տ է վնասվել Դավիթի ոտքը, ինչին ի պատասխան` Սիմոնյանն ասել է, որ Դավիթի վնասվածքը ոչ թե ոտքի, այլ որովայնի շրջանում է, նրան Հայկի հետ հասցրել են հիվանդանոց՝ կյանքը փրկելու համար: Ըստ Արթուր Ղևոնդյանի՝ ոստիկանությունում ինքը գրել է այն ամենն, ինչ իրեն թելադրել է քննիչը:
Հետագայում գործն, ըստ Արթուր Ղևոնդյանի, փակվել է, հայրն իրեն ուղարկել է ՌԴ՝ շրջապատը փոխելու համար, իսկ երբ որոշ ժամանակ անց վերադարձել է Հայաստան, հանդիպել է Դավիթ Սիմոնյանին: Վերջինս ասել է, թե ինչ եղել է, պատահաբար է եղել:
Ըստ Արթուր Ղևոնդյանի՝ Դավիթ Սիմոնյանն այդ ժամանակ Սարգսյաններին առնչվող առողջարանի տնօրեն է նշանակված եղել, անձնական ավտոմեքենա է վարել:
«Իր համար ապրում էր, որևէ պահանջ ու բողոք չուներ, չէր էլ մտածում, որ երիկամը պիտի բուժի»,- ասաց Արթուր Ղևոնդյանը:
Հետագայում, ըստ Արթուր Ղևոնդյանի, Դավիթ Սիմոնյանը Ալեքսանդր Սարգսյանի հետ կոնֆլիկտ է ունեցել և նրան աշխատանքից հեռացրել են: Դրանից հետո Սիմոնյանն, ըստ Ղևոնդյանի ունեցած տեղեկությունների, զբաղվել է թմրանյութերի առուվաճառքով, իսկ հեղափոխությունից հետո արդեն որոշել, որ պետք է խոսի իր հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքների մասին:
Նշենք, որ դատարանում ցուցմունք տալիս Դավիթ Սիմոնյանն ասել է, թե որոշել է Հայկ Սարգսյանի դեմ բողոքել, քանի որ իրեն խոստացել են, որ կփոխպատվաստեն երիկամը, ինչը չեն արել:
«Ես այստեղ չեմ եկել՝ որևէ մեկի վրա շառ անելու, եկել եմ՝ ասելու իրականությունը, այն, ինչ եղել է»,-հայտարարեց Ղևոնդյանը:
Վերջինս պնդեց, որ իր կամքով չէ տեղի ունեցածը վերցրել իր վրա:
Վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կային, ուստի հրապարակվեցին նաև նախաքննական ցուցմունքները:
Մեկնաբանել