HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վճռաբեկ դատարան. «Փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից»

Ժիրայր Սէֆիլյանն ընդդեմ «Արմենիա Թի-Վի»-ի գործով Վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նոր քննության

Հայաստանի ներպետական ատյաններում արդեն երեք տարի քննվում է Ժիրայր Սէֆիլյանն ընդդեմ «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ի դատական գործը՝ զրպարտության և վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի հատուցման պահանջի մասին: Սակայն, հանգուցալուծումն այդպես էլ չի երևում, քանի որ օրեր առաջ Վճռաբեկ դատարանը Ժ. Սէֆիլյանի բողոքի հիման վրա բեկանել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

«Հետք»-ը լուսաբանել է այս քաղաքացիական գործի դատաքննությունը: Առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Ն. Ավետիսյան) մերժել էր Սէֆիլյանի հայցադիմումը, իսկ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հ. Ենոքյանի, մերժել էր վերաքննիչ բողոքը՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.08.2017թ. վճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

Նշենք, որ 12.06.2016թ. «Արմենիա Թի-Վի»-ն հեռարձակել է «Սուր անկյուն» հաղորդաշարի 197-րդ թողարկումը, որի մի մասում՝ «Հաղթանակը շատ հայրեր ունի» խորագրով հաղորդմամբ և դրա մասին անոնսներում, հնչել են Ժիրայր Սէֆիլյանին վերաբերող տեղեկություններ: Մասնավորապես՝ հաղորդավարը, խոսելով Կարո Քահքեջյանի և Վարդան Ստեփանյանի հերոսական արարքների մասին, այնուհետև նշում է հետևյալը. «Ցավոք, այս պատմությունների կողքին կան տխուր այլ դեպքեր, որոնք մեզ, այսպես ասեմ, պարզապես սազական չեն: Օրերս լսեցի 92-ի ամռանը տեղի ունեցած դեպքի մասին, երբ Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած 168 հոգանոց ջոկատը հրաման էր ստացել խլելու թշնամու տեխնիկան, որով պետք է հրետակոծվեին Մարտակերտի հյուսիսային բնակավայրերը: (...) Նռնակի պայթյունից զինվորներից մեկը զոհվում է, մեկ ուրիշը ծանր վիրավորվում, սակայն բոլորը կարծում են, թե նա նույնպես զոհվել է: Ունենալով ընդամենը երկու ձի, երկար-բարակ մտածում են, թե ում տեղափոխեն, վերջում որոշում է կայացվում, որ մեկով պետք է տեղափոխվի զոհվածը, մյուսով՝ Սէֆիլյանը: Մինչդեռ արնաշաղախ զինվորը մոտ երեք օր սողալով մի կերպ հասել է Մատաղիս: Իրոք որ, հրամանատար էլ կա, հրամանատար էլ»:

Այնուհետև ռեպորտաժը սկսվում է Կարո Քահքեջյանի հրամանատարական սխրանքների մասին խոսելով, որից հետո նշվում է հետևյալը. «Բայց եղել են նաև վերապրելու անհավանական պատմություններ: Դրանցից առնվազն մեկը, որքան էլ որ փրկվելու, ապրելու պատմություն է, կարող էր և չլինել, կարող էին չլինել նաև այն տանջանքները, որոնց միջով էր զինվորը հասնելու դեպի երկրորդ կյանք, եթե բոլոր հրամանատարները ըստ արժանվույն գիտակցեին իրենց դերը, պատասխանատվությունը և առաջին հերթին հոգային իրենց զինվորների մասին(...)»

Լրագրողը տեսանյութի ընթացքում նաև նշում է. «...Ջոկատի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը որոշել էր երկրորդ ձիու վրա ինքը բարձրանալ: Ըստ էության սա երկու իրողության մասին է վկայում. առաջին՝ որ հրամանատարի խոսքը բավականաչափ կշիռ չի ունեցել, որպեսզի երկրորդ ձիու վրա էլ թեկուզ զոհված համարվող զինվորին տեղափոխեն, կամ պարզապես նախընտրել է հոգալ սեփական կյանքի մասին: (...) Միայն իրական հրամանատարին է բնորոշ հասկանալ զինվորի արժեքը, քանի որ նա գիտի՝ ով է հող ու սահման պահողը և ում զորակցությամբ կարելի է հաղթանակի հասնել: Մենք արդյո՞ք կարող ենք մեզ թույլ տալ՝ թողնել ու կորցնել թեկուզ մեկ զինվոր: Մարտական ընկերներին օգնելը թե պատերազմի, թե խաղաղության գրված ու չգրված օրենք է, յուրաքանչյուր զինվորականի պարտքը՝ և՛ մարտական, և՛ բարոյական, բայց գործնականում պարտքի գիտակցումն ու բարոյականության դրսևորումները ոչ բոլորին են հատուկ՝ շարքային, թե հրամանատար»

Ռեպորտաժի վերջնամասում լրագրողը սկսում է խոսել Վարդան Ստեփանյանի հերոսական արարքների մասին: Նշված արտահայտությունները հաղորդման լրագրողներն օգտագործել են 29.06.1992թ. Արցախի Մարտակերտի շրջանում Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած հատուկ գործողության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները նկարագրելիս՝ ներկայացված փաստերը համադրելով Կարո Քահքեջյանի և Վարդան Ստեփանյանի հերոսական արարքների հետ:

Ժիրայր Սէֆիլյանը հերքման մասին դիմում է ներկայացրել հեռուստաընկերությանը, սակայն հերքում չի հրապարակվել: 

Արդեն դատարանում վկաները հայտնել են, որ Ժիրայր Սէֆիլյանը ո՛չ ձի է նստել ու փախել, ո՛չ որոշել արնաշաղախ զինվորին թողնել: Ժիրայր Սէֆիլյանը ծանր վիրավորված է եղել, անգամ չի իմացել, որ նկարագրված զինվորն էլ է վիրավոր: Վերջինիս իր համագյուղացիներն են թփերով ծածկել՝ մտածելով, որ զոհված է:

Առաջին ատյանի դատարանը հայցը մերժել էր պատճառաբանելով, որ Ժիրայր Սէֆիլյանը քաղաքական գործիչ է և իր գործողություններին վերաբերող քննադատության նկատմամբ պետք է դրսևորի առավել հանդուրժողականություն: Բացի այդ, ներկայացված փաստացի տվյալները հիմնված են եղել այդ գործողություններին մասնակցած անձանց հայտարարությունների վրա, որոնք ևս ներկայացվել են այդ հաղորդման ընթացքում, վերաբերում են հանրային կարևորություն ունեցող հարցի, ինչպիսին տվյալ դեպքում Արցախյան գոյամարտին վերաբերող իրադարձությունն է, որն առավել կարևորվում է 2016թ. ապրիլին տեղի ունեցած իրադարձություններից հետո, և դա նույնպես նշվել է հաղորդման սկզբում, իսկ լրատվության ազատության պաշտպանության ներքո է գտնվում նաև որոշակի աստիճանի չափազանցված կամ հրահրող խոսքը: Տվյալ դեպքում թողարկման ժամանակ ներկայացված փաստացի տվյալները չեն կարող համարվել զրպարտություն, իսկ դատողությունները գնահատող դատողություններ են, դրանք որևէ փաստացի տվյալ չեն պարունակում: Քննարկվող արտահայտությունները չեն կարող համարվել վիրավորանք, քանի որ դրանք ակնհայտորեն չեն գերազանցում իրավաչափության սահմանները:

Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը, պատճառաբանել է, որ «Սուր անկյուն» հաղորդաշարի ընթացքում հայտնած տվյալները հիմնված են եղել հաղորդմանը հրավիրված և այդ գործողություններին մասնակցած և վերոնշյալ իրադարձություններին ականատես դարձած անձանց հարցազրույցների վրա, այդ փաստական տվյալների վերաբերյալ կատարված արտահայտությունները գնահատողական են, կրում են ընդհանրական բնույթ և վերաբերում են նման երևույթներին ընդհանրապես, իսկ գնահատողական դատողությունը կարող է ունենալ որոշակի աստիճանի չափազանցվածություն, ինչը գտնվում է լրատվության ազատության պաշտպանության ներքո:

Բեկանելով վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ գնահատող դատողությունը, դիտարկելով որպես կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկություններ տարածելու իրավունքի դրսևորում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այն, թե արդյոք տվյալ դատողությունը հիմնված է որոշակի փաստերի վրա: 

Ըստ Վճռաբեկի՝ փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից: Հրապարակելով որևէ գնահատողական դատողություն՝ լրագրողը պարտավոր է ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար: Անգամ եթե լրագրողի դատողությունը հիմնվում է որևէ անձի հայտնած փաստերի վրա, ապա որպես իրավահարաբերության արհեստավարժ մասնակից՝ լրագրողը պարտավոր է առնվազն փորձել լսել տեղեկատվության հասցեատիրոջ կարծիքը, որից հետո միայն հրապարակել իր գնահատողական դատողությունը: Ընդ որում, անգամ գնահատողական դատողությունը պետք է հիմնվի բավարար փաստական կազմի վրա՝ պայմանավորված բարեխղճության սկզբունքի պահպանման անհրաժեշտությամբ: Հակառակ պարագայում արված արտահայտությունը կարող է որակվել որպես վիրավորանք (եթե, իհարկե, բավարարում է անհրաժեշտ մնացած պայմաններին):
Ինչ վերաբերում է զրպարտությանը, ապա Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ լրագրողի գործունեությունը չի կարող հետապնդել քողարկված կերպով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ:

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ այս գործով դատարանները չեն իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված պատշաճ քննություն, այն է` հիշատակված հաղորդման ժամանակ հնչեցված՝ Ժիրայր Սէֆիլյանին վերաբերող տեղեկությունները չեն գնահատել վկաների ցուցմունքների համակցության մեջ: Առաջին ատյանի դատարանը, մերժելով հայցը, իսկ վերաքննիչ դատարանը՝ վերաքննիչ բողոքը, ըստ էության հիմնական պատճառաբանությունը կառուցել են Ժիրայր Սէֆիլյանի՝ քաղաքական գործիչ հանդիսանալով պայմանավորված հանդուրժողականության ավելի լայն սահմանների, ինչպես նաև ռեպորտաժում հնչեցված արտահայտություններն այլ անձանց կողմից հայտնած լինելու հանգամանքի վրա: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը կարծում է, որ դատարանները պարտավոր էին այս գործով վիրավորանքի և զրպարտության առկայության համար անհրաժեշտ պայմանները և ըստ այդմ Ժիրայր Սէֆիլյանի պատվի և արժանապատվության պաշտպանության սահմանները գնահատել վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ այդ թվում բացահայտելով լրագրողների վարքագծի բարեխղճությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ այս գործով առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն:

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter