HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Հայկ Սարգսյանը դիտավորյալ նման բան չէր անի Դավիթ Սիմոնյանի նկատմամբ»,-ասում է Ալեքսանդր Սարգսյանի որդու գործով վկան

Ալեքսանդր Սարգսյանի որդու` Հայկ Սարգսյանի գործով վկա Արթուր Ղևոնդյանը վստահ է, որ Հայկ Սարգսյանը դիտավորյալ չէր վնասի Դավիթ Սիմոնյանին: Այս մասին նա ասաց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ Սարգսյանի գործով ցուցմունք տալիս:

«Հայկ Սարգսյանն  այնպիսի մարդ է, որ ինչ-որ մեկին դիտավորյալ վնաս չի տա: Թող բացի այս դեպքից որևէ այլ դեպք ասեն, որ Հայկ Սարգսյանը հանցանք է գործել որևէ մեկի նկատմամբ»,- ասաց Ղևոնդյանը։ Նա, հիշեցնենք, պնդում է, որ տարիներ առաջ իրեն ստիպել են Հայկ Սարգսյանի արարքն իր վրա վերցնել:

Ըստ քրեական գործի նյութերի՝ քաղաքացի Դավիթ Սիմոնյանը, ով Հայկ Սարգսյանի գործով տուժողի կարգավիճակ ունի, 2007 թվականին հրազենային վնասվածք է ստացել, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը քննվել է ու կարճման մասին որոշում է կայացվել:

Վերջերս Սիմոնյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2007-ին իրեն հրազենային վնասվածք է պատճառել Հայկ Սարգսյանը, և նոր երևան եկած հանգամանքի հիմքով գործը վերաբացվել է:

Այն ժամանակ, երբ Դավիթ Սիմոնյանի հետ տեղի ունեցածի գործը վերաբացվել է, Արթուր Ղևոնդյանը Հայաստանում չի եղել, իրավապահները նրան մի քանի անգամ հարցաքննության են հրավիրել ՌԴ-ից: Ղևոնդյանի խոսքով՝ ինքը ցանկություն չի ունեցել Հայաստան գալու, ծախսերի մի մասը ստանձնել է իրավապահ մարմինը: Ըստ վկայի՝ նրան «Զվարթնոց» օդանավակայանից դիմավորել են ու տարել 6-րդ վարչություն, իսկ մինչ այդ մորն ու եղբորն են հրավիրել հարցաքննության:

«Մորս առողջության մասին մտածելով՝ եկել եմ, որ 72 տարեկան կնոջը չանհանգստացնեն»,- ասաց Արթուր Ղևոնդյանը՝ նշելով, որ ինքը ընդհանարպես ցանկություն չի ունեցել, որ այս գործը բացահայտվի: Թե կոնկրետ որ պաշտոնյան կամ իրավապահ մարմինն է հոգացել Ղևոնդյանի ճանապարհածախսը, Ղևոնդյանը չգիտի: Չգիտի նաև, թե ովքեր են եղել «Զվարթնոցում» իրեն դիմավորողները:

Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված Դավիթ Սիմոնյանը մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, տևական ժամանակ գտնվել է կալանքի տակ, ապա ազատ արձակվել. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

«Ազատության մեջ է, որովհետև բարձրաձայնել է, թե 2007-ին իրականում ինչ է եղել»,- այս հանգամանքին անդրադառնալով՝ ասաց Արթուր Ղևոնդյանը: Նա պնդեց, որ եթե ինքը կրակած լիներ, ապա այդ մասին առանց վախենալու կհայտներ:

Վկան դատարանում հայտնեց նաև, որ Հայկ Սարգսյանի մոտ գրեթե միշտ զենք է եղել:

«Իմ  հորողբերն էլ երկրի վարչապետ լիներ, ես էլ զենք կպահեի»,- ասաց Ղևոնդյանը:

Վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կային, ուստի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց հրապարակել Ղևոնդյանի նախաքննական ցուցմունքները:

Մասնավորապես՝  թեև դատարանում  Արթուր Ղևոնդյանը հայտնեց, որ չի ցանկացել ներկայանալ քննություն իրականացնող մարմնին, նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ կամովին է ներկայացել: Դատարանում այս հանգամանքի վերաբերյալ պարզաբանում տալիս  վկան հայտնեց, որ իրավապահ մարմինների հետ կապի մեջ է եղել, իրեն ասել են, որ եթե չներկայանա, իր նկատմամբ հետախուզում կհայտարարեն ու բերման կենթարկեն:

Դատարանում Ղևոնդյանը հայտնել է, որ Ալեքսանդր Սարգսյանն իրեն չի հարվածել, մինչդեռ նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ հարվածել ու սպառնացել է:

Վկան պնդեց, որ իրեն որևէ մեկը չի ուղղորդել որևէ բովանդակությամբ ցուցմունք տալ, որևէ մեկից չի վախենում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter