HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» նախագծի ահազանգը

Այսօր՝ ժամը 17։00-ին, Հանրապետության հրապարակի մետրոյի դիմացի շատրվանի հատվածում «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» կատարողական արվեստի նախագիծն բեմադրելու է ժամանակակից պարի ու պոեզիայի ռիթմի սինթեզված ներկայացումը, սակայն նախաձեռնող խումբը երեկ հիմնական փորձը չի հաջողել, քանի որ տարածքում հայտնվել են մի խումբ տղամարդիկ, ովքեր կոշտ միջամտությամբ վարկաբեկել եւ «պիտակավորել» են նախագծի կազմակերպիչներին եւ մասնակիցներին՝ վերջիններիս գործողությունները որակելով որպես «հակապետական», «հակահայկական», «սատանայական» եւ «ճղճիմ»։ Փորձը վերափոխվել է լեզվակռվի, այնուհետ` ոստիկանական միջամտության․ պարզաբանումները տեւել են ժամեր․․´

«ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» նախագծի կատարող (պարագիր) Հասմիկ Թանգյանի հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ փորձի դադարեցման նման միջադեպին չի օգնել նաեւ այն հանգամանքը, որ հանրային տարածքում ներկայացումն իրականացնելու համար խումբը ունի եւ՛ քաղաքապետարանի, եւ՛ Մետրոպոլիտենի համապատասխան թույլտվությունները։

Հասմիկը կարծում է, որ միջամտողները, ըստ երեւույթին, ընդվզում են նաեւ համակարգի՝ մասնավորապես Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության վարած քաղաքականության դեմ (ի դեպ նախագիծն իրականացվում է հենց նախարարության աջակցությամբ)։

Միջադեպը տեսաձայնագրվել է։ Ընդվզող տղամարդկանցից մեկը, որն այդպես էլ չի ներկայանում, նշում է․ «Ձեր ուղեղը լվացել են, տեղը լցրել են ժավելաջուր, խաբել, ասել են՝ բարձր արվեստ ա։ Դուք առաջին հերթին կին եք, եւ կնոջ համար առաջին առաքելությունը երեխա ունենալն է ու դաստիարակելը։ Այս մարդկանց համոզել են, որ կինը կարող է կնոջ հետ ամուսնանալ, տղամարդը՝ տղամարդու, էշի, կովի, կոկորդիլոսի հետ․․․․Դուք արվեստի հետ կապ չունեք, ինչպես ձեր Արայիկ Հարությունյանը, որ ասում է՝ ցենզուրա գոյություն չունի․․․»։

«Հիմնական ագրեսիվ վիճակը հրահրել է հենց այն տղամարդը, որի տեքստն արձանագրվել է տեսանյութում։ Նրանցից մեկն էլ ինչ-որ իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ էր․ իրենք էին հիմնականում, որ ասում էին՝ պիտի դադարեցնենք ու հեռանանք տարածքից՝ մեկը դա անում էր «քյառթու» ձեւով, մյուսն էլ իբր իրավական․․․Ի վերջո մետրոպոլիտենից ինձ խնդրեցին, որ ոստիկանություն զանգեմ, որովհետեւ արդեն հրմշտոց էր սկսվել։ Ոստիկանները, երբ եկան, մետրոպոլիտենում մի քանի ժամ նստել ենք` իրավիճակը «քննարկելու» (կարող ես պատկերացնել՝ քննարկման մակարդակը)․․․ Ոստիկանն էլ իր հերթին ասաց, որ թռուցիկներ գրենք, թե «ինչու ենք այսպես պարում»։ Ճնշումը գնալով շատանում էր, ի վերջո ասացի` այդ թռուցիկները նույնպես կգրվեն, բայց դա չի նշանակում, որ միջոցառումը տեղի չի ունենալու միայն այն պատճառով, որ իրենց գեղագիտական ճաշակին չի համապատասխանում»,- մեզ հետ ունեցած զրույցում միջադեպի մանրամասների մասին պատմում է Հասմիկ Թանգյանը։

Նախագծի կազմակերպիչները վստահեցնոմ են, որ անկախ միջադեպի հանգամանքներից եւ այն մտավախությունից, որ երեկվա փորձին միջամտող խումբն այսօր ավելի կոշտ մեդոթներով կարող է հանդես գալ բուն իրադարձության ժամանակ` «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» ներկայացումը տեղի է ունենալու։

Իրադարձության օնլայն հարթակումներում, ինչպես նաեւ մի շարք օգտատերերի անձնական էջերում տեղադրվել է երեկվա միջադեպի մասին պատմող տեսանյութը․ օգտատերերը եւ ներկայացման նախաձեռնողները կոչ են անում այսօր՝ 17։00-ին, լինել Հանրապետության հրապարակի մետրոյի կայանի հարակից տարածքում (շատրվանների մոտ)՝ իրադարձությանը մասնակցելու եւ նախաձեռնող խմբին աջակցելու համար։

«ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» ներկայացման մասին

Ներկայացումը 1920-ական թվականների ֆուտուրիզմ պոեզիայի (Կարա Դարվիշ, Գեւորգ Աբով, Ազատ Վշտունի) հետազոտական/էքսպերիմենտալ վերընթերցումն է՝ Լիլիթ Պետրոսյանի հեղինակային պոեզիայի միջամտություններով եւ Հասմիկ Թանգյանի ապագայամետ շարժման աշխարհագրությամբ։

«ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳԸ» հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու եւ շարժվելու ձեւի հանրային ընկալումը։ Հասմիկ Թանգյանը հռչակում է ներկայություն պարագրությամբ,
Լիլիթ Պետրոսյանը բառագրում է ռիթմի հաճախականություններում, «ՔոՔոԼաբ» դպրոցի ուսանողները փորձարկում են տարածքը, Ալբերտ Գրիգորյանը նկարում է ճարտարապետության եւ հագուստի խոսակցության կոմպոզիցիայով, Կայ Խաչատրյանը ձայնակցում է էլեկտրոնային լեզվի ռիթմով, Սաթենիկ Հովսեփյանը փաստագրում է լուսանկարչական ապարատի աչքով, Նվարդ Երկանյանը անդրադառնում եւ վերաձեւակերպում է 1920-ականների տառային պաստառների մոտեցումները։

Ներկայացման մտահղացումն առաջացել է այս ընթացքում Երեւանում գտնվող գերմանացի վիզուալ եւ պերֆորմանս արվեստագետ Լինդա Նադջիի հետ համագործակցության արդյունքում (կատարողներ՝ Հասմիկ Թանգյան (պարագիր), Լիլիթ Պետրոսյան (պոետ), «ՔոՔոԼաբ» դպրոցի ուսանողներ։ Ձայնային արվեստագետ՝ Կայ Խաչատրյան, նկարիչ՝ Ալբերտ Գրիգորյան, պաստառի հեղինակ՝ Նվարդ Երկանյան, տեսահոլովակը՝ Սաթենիկ Հովսեփյան):

«ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ»-ն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։

ՀԳ գլխավոր լուսանարում՝  ներկայացման պաստառը (ձախից) եւ միջադեպից լուսանկարներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter